Լրահոս

30.12.2016 22:14


Արմատավորված քաղաքական մենաշնորհը բառիս բուն իմաստով «բզկտեց» մեր երկիրը. Աղվան Պողոսյան

Արմատավորված քաղաքական մենաշնորհը բառիս բուն իմաստով «բզկտեց» մեր երկիրը. Աղվան Պողոսյան

ԼՈւՐԵՐ.com-ի hարցազրույցը «Համախմբում» կուսակցության երիտասարդական խորհրդի նախագահ Աղվան Պողոսյանի հետ:

-Պարոն Պողոսյան, Հայաստանի համար ինչպիսի՞ն էր 2016 թվականը քաղաքական տեսանկյունից:

-Գիտեք, կոնկրետ 2016 թ-ին քաղաքական առումով որոշակի տրանսֆորմացիաներ եղան, իսկ իշխանության ձեռագիրը մնաց անփոփոխ՝ ամեն գնով պահել իշխանությունը (դրա վառ ապացույցը ՏԻՄ ընտրություններն էին)։ Կառանձնացնեմ երկու հատկանշական քայլ, որն արեցին և՛ իշխանությունը, և՛ ընդիմությունը՝ փոխվեց վարչապետը և խաղի մեջ մտավ Կարեն Կարապետյանը։ Նաև հատկանշական էր Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքական դաշտ և նրա շուրջ ստեղծված հանրային հետաքրքրությունը։

–Տարվա ընթացքում թերևս ամենաշոշափվող թեմաներից էին ապրիլյան պատերազմը, հուլիսյան դեպքերն ու իշխանափոխությունը: Ըստ Ձեզ՝ այս ամենը ինչի՞ հետևանք էր:

–Ապրիլյան մարտերը, որոնք բոլորիս համար սթափեցնող նշանակություն ունեին, մեծացրին ներքին կյանքում փոփոխությունների գիտակցումը։ Ինչ վերաբերում է ձեր նշած իրադարձություններին, ապա ասեմ, որ տարիներ շարունակ իշխանության վարած քաղաքականության շնորհիվ երկիրը բախվել է արտաքին ու ներքին լրջագույն խնդիրների։ Քաղաքական ու տնտեսական մենաշնորհին հաջորդեց «զենքի» մուտքը քաղաքական դաշտ։

–Իսկ ի՞նչ եք կարծում՝ 2017 թվականին Հայաստանում ինչպիսին կլինի քաղաքական դրությունը. ապրիլյան խորհրդարանական ընտրություններից ի՞նչ սպասելիքներ ունեք:

–Հաջորդ տարվա ապրիլյան ընտրությունները վճռորոշ են լինելու մեր երկրի համար, բնականաբար, անհրաժեշտ են արմատական փոփոխություններ։ Պետք է վերացնել արդեն իսկ արմատավորված քաղաքական մենաշնորհը, որը բառիս բուն իմաստով «բզկտեց» մեր երկիրը։

–Համախմբում կուսակցությունը ի՞նչ դիրքորոշմամբ է հանդես գալու խորհրդարանական ընտրությունների ընթացքում:

–Իմ դիրքորոշումը միանշանակ է՝ հասարակական ու քաղաքական լայն համախմբմամբ ստեղծել իրական այլընտրանքային բևեռ։ Մենք այդ ուղղությամբ ենք աշխատում, նաև՝ տեսնում ենք մեր երկրում առկա խնդիրները լուծելու հնարավորությունը կոնկրետ ծրագրերի միջոցով։ Այդ ծրագրերը, բնականաբար, կներկայացվեն հանրության դատին։

–Այս տարի սեպտեմբերին դուք հանդես եկաք բուհերում ուսման վարձերը իջեցնելու նախաձեռնությամբ: Ի՞նչ արդյունքներ գրանցեցիք այս տարի, և ինչ՞ պլաններ կան 2017-ի համար:

–Սեպտեմբեր ամսից ձևավորեցինք շարժումը և այս ընթացքում նախաձեռնող խմբի անդամներով հանդիպումներ ունեցանք տարբեր բուհերի դասախոսական կազմերի և ուսանողների հետ։ 2017թ-ին մեր առաջարկությունները կներկայացնենք կառավարությանը, որի պատասխանից հետո կորոշենք մեր հետագա անելիքները։

Մանրամասները՝ ԼՈւՐԵՐ.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը