Տնտեսական

29.12.2009 17:10


Տ. Դավթյան. «ՀՀ տնտեսության անկումը 100%-ով պայմանավորված է դրսի գործոններով»

Տ. Դավթյան. «ՀՀ տնտեսության անկումը 100%-ով պայմանավորված է դրսի գործոններով»

2010թ. բյուջեն ամբողջությամբ բալանսավորված է, և ոչ մի կասկած չկա, որ այն ամբողջությամբ կկատարվի։ Տարեկան ամփոփիչ հաշվետվության ժամանակ վստահեցրեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը՝ նշելով, որ ի տարբերություն 2009-ի՝  այս անգամ իրենց համար հստակ են այն բոլոր աղբյուրները, որոնց միջոցով կփակվի 2010թ. պետական բյուջեի դեֆիցիտը։

Տ. Դավթյանը նաև նշեց, որ չնայած դժվարություններին՝ հաջողվել է խուսափել ցնցումներից, պահպանել տնտեսական և ֆինանսական կայունությունը, պատվով դուրս գալ դժվարին իրավիճակից, կատարել 2009թ. բյուջեն՝ իր ծախսային մասով, և նախատեսված մյուս բոլոր պարտավորությունները։

-Մեր երկրի համար այս տարի շատ լուրջ փորձություն էր, և մենք կարողացանք այդ փորձությունը հաղթահարել, մենք ավելի կազդուրված, ավելի պատրաստված ենք վերադառնալ դեպի տնտեսական զարգացում,- հայտարարեց Ֆինանսների նախարարը՝ հավելելով, որ 2009թ.կառավարությունն անջատել էր ավտոպիլոտը և  անցել ձեռքի կառավարման։

- Հիշո՞ւմ եք՝ ես տարվա սկզբին համեմատություն արեցի, որ մեր տնտեսությունը ճգնաժամի պարագայում նման է մի ինքնաթիռի, որը մտել է տուռբուլենտության գոտի, և անձնակազմն ավտոպիլոտն անջատում է ու փորձում ձեռքով այդ տուռբուլենտության գոտուց դուրս գալ այն պարագայում, երբ մեր ինքանթիռը բավական փոքր է, վառելիքը՝ համեմատաբար քիչ, և շարժիչներից մեկն էլ փչացել է։ Իսկ շատ ավելի մեծ և հզոր ինքնաթիռները մեծ խնդիրներ ունեցան։ Մե՛նք կարողացանք անցնել և մինչև տարվա վերջ հասանք հանգրվանին՝ առանց մեծ կորուստների, և կարծում եմ՝ այնպես արեցինք, որ նույնիսկ ուղևորներն առանձնապես շատ անհանգստություն չունեցան, շատ չնկատվեց։ Եթե ինչ-որ բան նկատվեց, խնդրում եմ ներողամիտ լինել,- ասաց նախարարը։

Իսկ Ֆինանսների նախարարության աշխատանքի ամենալավ գնահատականը, ըստ նրա, այն է, որ իրենց չեն հիշում.

-Եթե մեզ չեն հիշում, ուրեմն կյանքը նորմալ է ընթանում, եթե մեզ հիշում են, ուրեմն այդ ժամանակ պրոբլեմ կա։

Ինչ վերաբերում է վարկային ռեսուրսներին, ապա Տ. Դավթյանը համոզված է, որ այդպիսով իրենք մի քանի նապաստակ են սպանել, որոնցից 3-ն են տնտեսության վարկավորումը, կայունացումը և եկամտի լրացուցիչ աղբյուրները։

-Մենք վարկերը մարո՛ւմ ենք,- վստահեցրեց Ֆինանսների նախարարը՝ ավելացնելով, որ վարկերի մարումն ապագա սերունդների վրա չի մնալու, այլ այդ պարտքերը ներկա կառավարությունն է մարելու.

-Մի տեղից վերցնում ենք, մյուս տեղից՝ վերադարձնում։ Այնպես չի, որ այդ պորտֆելը միանգամից մեծանում է, և մենք տակից չենք կարողանում դուրս գալ։

Ի դեպ, թեև նախարարը նշեց, որ 2010թ. բյուջեն բալանսավորված է, և վերջինի կատարման համար լրացուցիչ ռեսուրս հարկավոր չէ, սակայն նաև չհերքեց, որ Հայաստանի տնտեսության առողջացումը կախված է Ռուսաստանի տնտեսության մեջ արձանագրվող դրական միտումներից.

-Ես չասացի, որ մենք Ռուսաստանից կախված չենք։ Հակառակը՝ մեր տնտեսությունը մեծ չափով կապակցված է ոչ միայն Ռուսաստանի, այլև համաշխարհային տնտեսության հետ։ Լավ է, թե վատ, մենք հանդիսանում ենք համաշխարհային տնտեսության մի մասնիկը, և այս տարիների ընթացքում պարզվեց, որ լավ էլ ինտեգրվել ենք։

Ավելին, նախարարը նշեց, որ ՀՀ տնտեսության անկումը 100%-ով պայմանավորված է դրսի գործոններով, որովհետև եթե համաշխարհային տնտեսական ճգնաժամը չլիներ, ապա ՀՀ տնտեսությունը ոչ թե անկում, այլ աճ կունենար։

Երբ Տ. Դավթյանին հարցրեցինք՝ համաձա՞յն է, որ արհեստական ներարկումների հաշվին գոյատևելը ոչ թե տնտեսական մշակված ռազմավարության արդյունք է, այլ ընդամենը հարցի ժամանակավորապես և վտանգավոր լուծում, նա պատասխանեց՝ ժամանակավորապես, բայց ոչ վտանգավոր։ Իսկ երբ է՛լ ավելի հստակեցնելու համար ևս մեկ անգամ ճշտեցինք՝ ընդունո՞ւմ է, որ դա տնտեսական ռազմավարության արդյունք չէ, նա ասաց.

-Այո՛։ Հակաճգնաժամային գործողություն է։

Նախարարը հայտարարեց, որ հակաճգնաժամային այդ գործողության արդյունքում անկում, կոլապս, սոցիալական վճարումներից շեղում և ցույցեր չեղան, և բանկեր չպայթեցին։

-Վիրաբուժական օպերացիա արվեց ամսի 2-ին. մի հատ սկալպելով արվեց, ու հիվանդը չմահացավ։ Ատամ քաշելու նման էր. ավելի լավ է՝ միանգամից քաշես, բայց պահպանվեց, չէ՞, համակարգը։ Արագ գործողություններ արեցինք։ Հետո ժամանակը կգա, կարող է՝ մեզ գնահատեն, կարող է՝ ոչ, բայց այս տարվա սկզբին կառավարությունը, կարծում եմ, շատ արհեստավարժ, արագ գործողություններ արեց, որոնց արդյունքում հիվանդության սկզբում մենք կարողացանք նորմալ դուրս գալ իրավիճակից։

Ձմեռ պապից էլ ՀՀ ֆինանսների նախարարն իր, բյուջեի, երկրի և հասարակության համար շատ ու շատ ֆինանսական ռեսուրսներ խնդրեց։

-Իհարկե, դա կյանքում ամենակարևորը չէ, բայց անհրաժեշտ նախապայման է, որ մենք մեր կյանքի այլ խնդիրները կարողանանք ավելի վստահ լուծել։ Բայց ամենակարևորն իմ ցանկությունն է, որ հաջորդ տարի լինի կայունության տարի տնտեսության, հասարակության, երկրի, քաղաքացու, ընտանիքի համար, որովհետև եթե մենք ունենք կայուն վիճակ, կարող ենք մեր կյանքը ծրագրավորել, աշխատել, զարգանալ,- նշեց Տ. Դավթյանը՝ կարծիք հայտնելով, որ 2010թ.-ն կլինի կայունության և զարգացման տարի։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը