Աշխարհ

28.12.2016 15:13


Ադրբեջանի նախագահը հաստատել է 2017թ. բյուջեն. շուրջ 700մլն դոլար կուղղվի զենքի գնումներին

Ադրբեջանի նախագահը հաստատել է 2017թ. բյուջեն. շուրջ 700մլն դոլար կուղղվի զենքի գնումներին

Դեկտեմբերի 27-ին Ադրբեջանի նախագահը հաստատել է 2017 թ. բյուջեի նախագիծը, որով ռազմական ոլորտին հատկացվում է շուրջ 2,6 մլրդ մանաթ (~1.5 մլրդ դոլար), այդ թվում՝ 1,25 մլրդ մանաթը (~700 մլն դոլար) հատկացվում է «հատուկ պաշտպանական նշանակության նախագծերին և միջոցառումներին»: Այս մասին գրում է razm.info–ն։

Պաշտպանական ոլորտին հատկացվող գումարը ընթացիկ տարվա բյուջեից ավել է մոտ 413 մլն մանաթով (~60 մլն դոլար*):

* Հաշվարկվել է ընթացիկ տարվա բյուջեն ընդունման օրվա (05.03.16 թ.) դոլարային փոխարժեքով և 2017 թ. բյուջեի ընդունման՝ 27.12.2016 թ. դոլարային փոխարժեքով հատկացումների տարբերությունը: Ըստ այդմ՝ նույնիսկ մանաթով 413 մլն մանաթ աճելու պարագայում՝ մանաթի արժեզրկման հետևանքով դոլարային փոխարժեքով տարբերությունը անհամեմատ ցածր է:

Չնայած որ պաշտպանական ոլորտին հատկացվող ընդհանուր բյուջեում կտրուկ փոփոխություններ չեն նախատեսվում, սակայն ենթակետային հատկացումներում զգալի տեղաշարժեր են եղել: Մասնավորապես՝ շուրջ 845 մլն մանաթով նվազում է «պաշտպանական ուժեր» ենթակետով հատկացվող գումարը:

Հանվել է երկու ենթակետ, որոնցով 2016 թ. շուրջ 410 մլն մանաթ էր հատկացվել «պաշտպանական ոլորտում նյութատեխնիկական ապահովման ամրապնդման» (340 մլն) և աշխաավարձային համակարգի կատարելագործման (70 մլն) համար: 70 մլն մանաթով նվազել է պետական սահմանապահ ծառայությանը, իսկ 360 մլն մանաթով՝ ՊՆ-ին հատկացվող գումարները:

Դրանց հաշվին շուրջ 1 մլրդ 254 մլն մանաթով (712 մլն դոլար) ավելանում են «հատուկ պաշտպանական նշանակության նախագծերին և միջոցառումների ծախսեր» ենթակետով հատկացումները՝ ամենայն հավանակությամբ ռազմական նշանակության արտադրանքի գնումների համար: Նման ենթակետով հատկացումներ վերջին 10 տարիների ընթացքում առաջին անգամ են իրականացվում:

Ընդ որում նման վերաբաշխումը կատարվել է 2016 թ. սեպտեմբեր – նոյեմբեր ամիսների միջև ընկած ժամանակահատվածում: Սեպտեմբերին ներկայացվել էր ռազմական բյուջեի բավականին փոքր ծավալով տարբերակ, որը շուրջ 27,5 %-ով պակաս էր ընթացիկ բյուջեից: Սակայն արդեն նոյեմբերին ռազմական բյուջեն ավելացվեց՝ մեծամասամբ ի հաշիվ կրթության, սոցապահովման, մշակույթի:

Մանրամասները՝ razm.info–ում։

Այս խորագրի վերջին նյութերը