Լրահոս

29.12.2009 14:07


Բողոքի գործողություն Գյումրիում

Երեկ երեկոյան «Գլենդել հիլզ» ընկերության կողմից Մուշ 2 թաղամասում իրականացվող շինարարության մի քանի հարյուր աշխատողներ բողոքի գործողություն էին կազմակերպել։ Պատճառը դեկտեմբեր ամսվա չվճարված աշխատավարձերն էին: Աշխատողները նշում էին, որ իրենց արդեն մի քանի օր է, ինչ խոստանում են վճարել աշխատավարձերը, սակայն անընդհատ հետաձգվում է:

Շինարարության աշխատողները, որպես բողոքի նշան,  փակել էին  ճանապարհը: Բողոքավոր շինարարներին  ցրելու և հանգստացնելու համար դեպքի վայր էին ժամանել ոստիկանության մի քանի մեքենաներ, և ոստիկանները ապարդյուն կերպով փորձում էին համոզել ցուցարարներին վերջ տալ իրենց գործողություներին:

Բողոքավոր շինարարները հանդարտվել են այն բանից հետո, երբ երեկ՝ ժամը 7-8-ի սահմաններում, Երևանից Գյումրի է ժամանել շինարարների աշխատավարձով բեռնավորված ավտոմեքենան:

«Գլենդել հիլզ» ընկերության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից  «7օր»-ին տեղեկացրել են, որ աշխատավարձերը ոչ թե երեկ ժամը 7-ից, այլ երեք օր է ինչ բաժանվում են, Երևանից երեկ ժամանած մեքենան էլ թվով երրորդն է:

«Դա ոչ թե աշխատավարձ է, այլ կանխավճար: Մենք դեկտեմբեր ամսվա աշխատավարձերը պետք է վճարեինք  հունվարի 2-15-ը. աշխատանքային պայմանագրում այդպես է նշված: Սակայն հաշվի առնելով աշխատողների խնդրանքները՝ Նոր տարվա կապակցությամբ որոշել ենք նրանց վճարել աշխատավարձի 70 տոկոսը։ »,–ասել են «Գլենդել հիլզ» ընկերության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից՝ ավելացնելով. «Մարդիկ են եղել, որ ճանապարհ են փակել, անկարգություններ արել: Մենք ստիպված ոստիկանություն ենք հրավիրել նրանց կարգի հրավիրելու համար»:

Իսկ հարցին, թե ֆինանսավորման հետ խնդիրներ կա՞ն, թե ոչ, հավաստիացրել են, որ ոչ։

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը