Լրահոս

21.12.2016 15:00


Սմբատ Հակոբյան. «Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքական և ընդդիմադիր դաշտ բավականին դրական երևույթների կհանգեցնի»

Սմբատ Հակոբյան. «Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքական և ընդդիմադիր դաշտ բավականին դրական երևույթների կհանգեցնի»

Հարցազրույց «Ազատամարտիկների դաշինքի» ռազմական խորհրդի անդամ Սմբատ Հակոբյանի հետ։

–Պրն Հակոբյա՛ն, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համատեքստում կրկին դաշտ են նետել տարածքների հանձնման, միջանկյալ կարգավիճակի և խաղաղապահների տեղակայման տարբերակը։ Ինչպե՞ս եք վերաբերվում դրան։

–Ես՝ որպես ազատամարտիկ, որպես Հակոբյան Սմբատ, ում հայրենասիրության վրա ոչ ոք չի կարող կասկածել, կարող եմ ասել, որ այսօր անգամ 1 սմ–ին ես տեր եմ։ Ես պատրաստ եմ իմ կյանքը զոհասեղանի վրա դնել առանց վերամբարձության՝ թեկուզ և մի սմ ավելին վերցնելու համար։

–ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է քաղաքական դաշտ մուտք գործելու ու, մասնավորապես, 2017թ. ընտրական գործընթացներին ակտիվորեն մասնակցելու իր մտադրության մասին։ Ինչպե՞ս եք գնահատում նրա այդ հայտարարությունը։

–Ես Սեյրան Օհանյանին մոտ 30 տարի է, ինչ ճանաչում եմ, արցախյան պատերազմի առաջին իսկ օրվանից, և կարծում եմ, որ նա այնքան խելացի անձնավորություն է, որ լավ մշակած կլինի իր որոշումը, և ես այն միայն ողջունում եմ։ Մենք այսօր բոլորս ցանկություն ունենք հանրապետությունում լուրջ բարեփոխումներ անցկացնել, և Սեյրան Օհանյանն իր գործով ցույցը կտա իր հանդես գալը։ Վերջին տարիների ընթացքում քաղաքական գործիչների պահվածքը ցույց է տալիս, որ կան ոմանք, ովքեր ճառ ասելուց բացի՝ ոչինչ չեն անում, իսկ երբ ժամանակը գալիս է, ամեն մեկը մի կողմ է փախչում։ Ես չեմ կարծում, որ Սեյրան Օհանյանն այդ կատեգորիայից է. նա գործի մարդ է։ Նրա մուտքը քաղաքական և ընդդիմադիր դաշտ բավականին դրական երևույթների կհանգեցնի։

–Սեյրան Օհանյանն իր հայտարարության մեջ նաև նշել էր, որ սկսել է խորհրդակցությունների շարք քաղաքական ուժերի, հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ՝ փորձելով ձևավորել համախոհների թիմ։ Դուք կսատարե՞ք նրան։

–Մենք մեր կարծիքը բազմիցս ասել ենք։ Մենք այսօր պատրաստ ենք այն օղակն ու կամուրջը լինել բոլոր այն ընդդիմադիր ուժերի հետ, որոնք պատրաստ են բարեփոխումների գնալ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելով։ Մենք մեզ համար ձևաչափ ենք դրել. ասում ենք՝ դու «ընդդիմադի՞ր ես, դու ուզո՞ւմ ես իշխանափոխություն անել, կարգը փոխել», և «այո՛»–ի դեպքում առաջարկում ենք համապատասխան բլոկի մեջ մտնել, հակառակ դեպքում դու 3 կամ 5 մանդատ երազող կուսակցություն էլ չես, այլ ինչ–որ մեկի հանձնարարությունը կատարողը։

Հարցազրույցը վարեց Նելլի Ավագյանը

Այս խորագրի վերջին նյութերը