Հարցազրույց

28.12.2009 19:23


Հովսեփ Խուրշուդյան.

Հովսեփ Խուրշուդյան.

Հարցազրույց «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի հետ.

-Որո՞նք էին 2009-ի ձեռքբերումները։

-Ցավալի է, բայց ձեռքբերումները գրեթե բացակայում են. հատկապես քաղաքական ոլորտում ակնառու ձեռքբերում նշել գրեթե անհնար է։ Այլ հարց է, որ Հայաստանի համար  աշխարհի նոր չեմպիոնուհու ի հայտ գալն էր կարևոր։ Հուսանք, որ մյուս տարի կլինի քաղաքական ձեռքբերումների տարի, քաղաքական դաշտի կայացման տարի, որովհետև Հայաստանի քաղաքական դաշտը ոչ միայն կայացման ուղղությամբ որևէ քայլ չկատարեց, այլև թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմադիր շատ ուժեր ամեն ինչ արեցին, որպեսզի քաղաքական դաշտն է՛լ ավելի քայքայվի։

-Ընդդիմադիր ասելով՝ ո՞ր ուժերին նկատի ունեք։

-Նկատի ունեմ շատ ուժերի, որոնց չեմ ուզում մասնավորեցնել, քանի որ դրա կարիքը չկա։

-Իսկ որո՞նք էին բացթողումները։

-Բացթողումները բազմաթիվ են՝ սկսած փաստահավաք խմբի լուծարումից, որի գործունեությունը ճշմարտությունը վերականգնելու և մարտիմեկյան հանցագործներին բացահայտելու վերջին հնարավորությունն էր։ Մյուս տարի մենք պայքարելու ենք թե՛ խմբի վերականգնման, թե՛ այս կամ այն ձևով մարտի 1-ի հանցագործներին բացահայտելու ուղղությամբ։ Բացթողումներից էին նաև Երևանի ավագանու ընտրությունները, որտեղ սխալ պահվածքի հետևանքով հնարավոր չեղավ որոշ ընդդիմադիր գործընկերների՝ ոչ միայն միասնական ճակատով հանդես գալը, այլև երկու առանձին ճակատներով հանդես գալը, և այսօր այդ ամենի հետևանքով Երևանի ավագանիում, ըստ էության, չունենք ընդդիմության ոչ մի ներկայացուցիչ։ Սխալ քաղաքականության հաջորդ քայլերից էր հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրումն ու ստորագրումը, որը խիստ վտանգավոր գործընթաց էր։ Ընդհանուր առմամբ, տեղի է ունեցել քաղաքական դաշտի քայքայման գործընթաց, ներքաղաքական և ներհասարակական մթնոլորտի բևեռացում, որն ինքնին վտանգավոր և բացասական երևույթ է՝ հաշվի առնելով, որ մենք կանգնած ենք ոչ միայն ներքին, այլև արտաքին լրջագույն վտանգների առջև։

-Ինչպիսի՞ կանխատեսումներ ունեք 2010թ. համար։ 

-Կարող եմ միայն մի բան կանխատեսել, ինչը կախված է մեզանից։ «Ժառանգությունը» շարունակելու է պայքարել՝ ի հեճուկս բոլոր խոչընդոտների և վտանգների։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հասնենք այն խնդիրների լուծմանը, որոնք հռչակել ենք, որոնցից առաջնայինն օրինականության հաստատումն է երկրում։ Ինչ վերաբերում է արտաքին խնդիրներին, ապա առաջնայինը Ղարաբաղի հարցում արտաքին լրջագույն վտանգների հեռացումն է, այդ վտանգավոր սլաքների հեռացումը Հայաստանի վրայից։

-Որտե՞ղ եք պատրաստվում դիմավորել Ամանորը և Ձմեռ պապիկից ի՞նչ եք ցանկանում։

-Նոր տարին դիմավորելու եմ Երևանում՝ հարազատներիս հետ։ Ձմեռ պապիկից խաղաղություն եմ ցանկանալու։

Զրույցը վարեց Սյուզի Մելքոնյանը

Այս խորագրի վերջին նյութերը