Լրահոս

06.11.2010 09:49


ՀԵՄ.«Արցախը Ադրբեջանից անկախացել է դեռ Խորհրդային Միության կազմում եղած ժամանակ»

ՀԵՄ. «Արցախը Ադրբեջանից անկախացել է դեռ Խորհրդային Միության կազմում եղած ժամանակ»

Ուշադրությամբ հետևելով «Ժառանգություն» կուսակցության' Արցախի հարցի լուծմանը միտված նախաձեռնությանը, քայլերին ու հայտարարություններին,

Համեմատելով.

-Մի կողմից, «Ժառանգության» առաջարկությունը, այն է' ՀՀ կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը,

-Իսկ մյուս կողմից, Արցախը, որպես մարզ, ՀՀ սահմանադրական տարածքում ներառելու և ՀՀ արցախաբնակ քաղաքացիների սահմանադրական իրավունքների վերականգնելու պահանջը:

Մենք՝ Հայազն Երիտասարդների Միաբանության ներկայացուցիչներս,հաստատում ենք, որշ

•Արցախը Ադրբեջանից անկախացել է դեռ Խորհրդային Միության կազմում եղած ժամանակ' ՀԽՍՀ ԳԽ և ԼՂԻՄ ՄԽ 1989թ. դեկտեմբերի 1-ի համատեղ որոշումով:

•1991թ. սեպտեմբերի 2-ին և դեկտեմբերի 10-ին Արցախը, ԼՂՀ անունով, ձևականորեն և արհեստականորեն անկախացվել է ոչ թե Ադրբեջանից, այլ Հայաստանից: Այդ, ըստ էության անօրինական ակտերը թելադրվել են Երևանում իշխող վարչախմբի կողմից' իբրև դիվանագիտական անհրաժեշտությամբ պայմանավորված, միջազգային հանրությանը հաճոյանալու և միջազգային իրավունքի տառին համապատասխանելու ձևական քայլեր:

•Սակայն ո՛չ Հայաստանը, ո՛չ միջազգային իրավունքի որևէ այլ սուբյեկտ, պաշտոնապես չեն ճանաչել ԼՂՀ-ն:

•Փոխարենը, 1989թ. դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշումը ամբողջությամբ իրագործվել է նախքան ԽՍՀՄ կազմալուծումը, նախքան Հայաստանի (ներառյալ Արցախը) և Ադրբեջանի (որը վաղուց Արցախի նկատմամբ իշխանություն չուներ) անկախանալը: Մասնավորապես՝ Արցախի բոլոր մարմինները անմիջապես ենթարկեցվէլ էին ՀԽՍՀ նախարարություններին, ձեռնարկությունները վերածվել էին երևանյան համապատասխան ձեռնարկությունների մասնաճյուղերի, մարզային բյուջեն հատկացվում էր Երևանից:

•1990թ մայիսին, դեռևս կոմունիստական իշխանությունները ԼՂԻՄ տարածքում ձևավորեցին ՀՀ ԳԽ 12 ընտրատարածքներ: 1990թ ընտրված ՀԽՍՀ ԳԽ-ը, Արցախից ընտրված պատգամավորներով հանդերձ, ԽՍՀՄ կենտրոնական իշխանության կողմից փաստացի ճանաչված էր որպես ՀԽՍՀ գերագույն իշխանություն: Մասնավորապես նրա նախագահը հանդիսանում էր ԽՍՀՄ ԳԽ նախագահության անդամ:

•1991թ. օգոստոսին, Արցախից ընտրված պատգամավորները, իրենց մյուս գործընկերների հետ միասին, «ՀԻՄՆՎԵԼՈՎ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա» (տես Անկախության հռչակագիրը), հռչակեցին Հայաստանի (ներառյալ Արցախի) անկախությունը:

•1989թ դեկտեմբերի 1-ի որոշումը այսօր էլ ամբողջությամբ գործում է և միայն արտաքին և ձևական ատրիբուտներն են հիշեցնում 1991թ անօրինական որոշումների մասին: Արցախում շրջանառվում է ՀՀ դրամը, բյուջեն հատկացվում է Երևանից, անվտանգությունը ապահովում են ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ կառուցվածքային միավորները, Արցախի պաշտոնյաները, պաշտոնական առաջխաղացման կարգով, տեղափոխվում են աշխատանքի Երևան կամ այլ մարզեր, և հակառակը: Մասնավորապես, ԼՂՀ նախագահը 1997թ նշանակվեց ՀՀ վարչապես, իսկ հետո դարձավ ՀՀ նախագահ (որի համար անհրաժեշտ էր նվազագույնը 10 տարի ապրել ՀՀ-ում), ԼՂՀ ՊԲ հրամանատարը 2007թ նշանակվեց նախ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, իսկ հետո ՊՆ, ԼՂՀ ԱԺ նախկին նախագահը նշանակվեց ՀՀ դեսպան և այլն:

•ՀՀ ԳԽ այս կազմը փաստացի լեգիտիմ էր ճանաչված Մոսկվայի կողմից:

Անհիմն է այն պնդումը, թե Արցախի անկախության հռչակումը եւ դրան նվիրված հանրաքվեն անհրաժեշտ էին, որպեսզի Արցախը Ադրբեջանից անկախանա՝ ԽՍՀՄ գործող օրենսդրության համաձայն: Մասնավորապես, այդ անհրաժեշտությունը բացարձակապես չի բխում 1991թ. ԽՍՀՄ պահպանմանը նվիրված հանրաքվեի մասին օրենքից: Ավելին, Արցախը չէր կարող օգտվել այդ օրենքից, որովհետև, նախ, Հայաստանի կազմում լինելով, չի մասնակցել այդ հանրաքվեին, և երկրորդը, Ադրբեջանը կողմ է քվեարկել ԽՍՀՄ պահպանմանը, իսկ ինքնավարությունների արդյունքները հաշվի պետք է առնվեին միայն այն դեպքում, եթե միութենական հանրապետությունը ուզենար դուրս գալ ԽՍՀՄ կազմից:

Բացարձակապես անհիմն է նաեւ այն պնդումը, թե՝ եթե չլիներ Արցախի անկախացումը, ապա միջազգային հանրության աչքում մենք կվերածվեինք ագրեսորի, իսկ հիմա կարող ենք հղում կատարել ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա: Ինքնորոշման սկզբունքը մենք ամբողջությամբ իրացրել էինք դեռ ԽՍՀՄ օրերին, եւ դա փաստացի իրողություն էր: Իսկ միջազգային հանրության համար բացարձակապես մեկ էր, թե ԽՍՀՄ փլուզման պահին նոր պետությունները ինչ սահմաններով են անկախանում: Հենց ԼՂՀ անկախության հռչակագիրն էր միակ պատճառը, որ միջազգային հանրությունը Հայաստանը ճանաչեց 30 հազար քկմ տարածքով, իսկ Արցախը, մինչ օրս, ճանաչում է Ադրբեջանի կազմում: Ինչը բնական է, քանի որ միևնույն է՝ անկախ պետություն չէին ճանաչելու:

Սույն հայտարարությամբ մենք պահանջում ենք ՀՀ իշխանություններից.

•Աստիճանաբար վերացնել 1989թ դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշմանը հակասող բոլոր հանգամանքները,

•Վերականգնել Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները, մասնավորապես, ՀՀ նախագահի և ԱԺ ընտրություններին մասնակցելու իրավունքը:

Հայտարարությունը որևէ քաղաքական ուժի դեմ չէ, և մենք կասկածի տակ չենք առնում «Ժառանգության» Արցախի հարցի հայանպաստ լուծման ձգտումը: Միաժամանակ համոզված ենք, որ միակ ճշմարիտ ուղին դեկտեմբերմեկյան որոշմանը հակասող հանգամանքների վերացումն է:

Հայազն Երիտասարդների Միաբանություն

Այս խորագրի վերջին նյութերը