Լրահոս

19.12.2016 19:45


Թ. Բաղդասարյան. «Հայկազ Բաղմանյանն իր որդու հետ կոռուպցիայի մեջ է թաթախված»

Թ. Բաղդասարյան. «Հայկազ Բաղմանյանն իր որդու հետ կոռուպցիայի մեջ է թաթախված»

Հարցազրույց «Պանրագործական ընկերություն» ԲԲԸ–ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանի հետ

–ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Ձեր բողոքն՝ ընդդեմ քննչական մարմնի որոշման, որով կարճվել էր հարուցված քրգործը։ Այժմ դիմել եք Վերաքննիչ դատարան։ Որքանո՞վ եք վստահ, որ այս ատյանը նույն կերպ չի վարվի, ինչպես նախորդը։

–Ես 4–5 ամիս շարունակ ոչ մի լրատվական միջոց և մամուլի ակումբ բաց չեմ թողել, բայց պատկան մարմինները չեն արձագանքում։ Իհարկե, ես ոչ մի հույս չունեմ ՀՀ դատարաններից։ Ակնառու փաստերը կոծկում են։

–Իսկ որո՞նք են այդ ակնառու փաստերը։

Այն են, որ օրը ցերեկով հողը գողացվեց գեներալ Հայկազ Բաղմանյանի կողմից, նրան աջակցեց Մարտունու նախկին քաղաքապետ Բագրատ Հարությունյանը, ներկայիս Գեղարքունիքի մարզի կադաստրի ղեկավար Վրույր Վարդանյանը՝ կեղծ փաստաթղթերով։ Կոռուպցիան դեռևս 2007թ. էր սկսվել, «Գազպրոմն» է աջակցել, այն ժամանակ գլխավոր տնօրենը ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանն էր։ Հետո՝ ՀԷՑ ՓԲԸ–ն։ Տարածքն իմն էր, սեփականատերը՝ ես, պայմանագիր չունեի որևէ մեկի հետ, բայց հոսանքը գալիս էր «լևի–պռավի», ոնց ասեմ, որ իրենց հասանելի լինի, ամեն ձև տվել եմ։ Այսօր էլ գազալցակայանը աշխատում է անօրեն, որևէ նորմին չհամապատասխանող ձևով, ոչ մի բան չունի, նույնիսկ հողի կատեգորիան չի փոխվել։ Այսօր արդյունաբերական հողի վրա է աշխատում։ Այդ բոլորը էլ տեղ չմնաց, որ չասեմ, այդ թվում և՝ ԱԺ–ին։ Դեկտեմբերի 9–ին գլխավոր դատախազ պարոն Դավթյանն ասում է՝ կոռուպցիայում ներգրավված պաշտոնյաները հանգիստ չպետք է քնեն։ Ոչ թե հանգիստ չեն քնում, այլ հանգիստ վայելում են մեր ունեցվածքը, մեզնից գողացվածը։ Չեմ հասկանում՝ էդ գեներալը բոլորին թելադրո՞ւմ է իր անգրագետ կեցվածքով։ Ինքն ի՞նչ ռազմական գործիչ է, որ իրեն չեն կպնում։ Եթե ես իմանամ, որ բացի «քցելուց» ու գողանալուց՝ տաղանդավոր մարդ է, ես էլ կողջունեմ իրեն։

–Փաստորեն, Դուք կոնկրետ մեղադրանք եք ներկայացնում կոնկրետ մարդու՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանին, և իշխանությունները չեն պատժում նրան։ Ինչո՞ւ։

Ինքն իր որդու հետ կոռուպցիայի մեջ է թաթախված, օրը ցերեկով խլել է մեր ընկերության տարածքը, զավթել է, այնուհետև վաճառել «Գազպրոմի» ներկայիս ներկայացուցիչներին։ Այո՛, չեն պատժում, տեր չկա։ Ես, իհարկե, թույլ չեմ տա, որպեսզի անցնի գնա, որովհետև ոչ ոք հավերժ չէ։ Գեներալ Բաղմանյանը գիտի, որ ամենաբարձր կոչումը գեներալ–լեյտենանտն է, բայց ես իրեն խորհուրդ եմ տալիս, որ ամենաբարձր կոչումը մարդ լինելն է, որն իսպառ բացակայում է իր մոտից։ Թույլ չեմ տա, որ նա վայելի։ Ատյանները կսպառեմ, դեսպաններին կդիմեմ, ԱԺ–ում պատգամավորներ են ընտրվում, սակայն ինչո՞ւ են ընտրվում, եթե այս հարցը պետք է էսպես անցնի, որ ես դիմեմ Եվրոպական դատարան։ Ինչի՞ համար ես այս կեղտոտ լվացքը հանեմ Եվրոպայում, որ ընդամենը մի հատ անգրագետ Հայկազ ճնշում է գործադրում բոլորի վրա։ Զոհը ես եմ, թղթերը՝ ձեռքս, քննիչը մի ձև է կոծկում, դատախազը՝ մեկ այլ ձև։ Այդ ամենը ես բացահայտ ասում եմ, բայց որևէ մեկն ինձ չի արձագանքում։ Վերջին հաշվով, մեկը պետք է լինի, որպեսզի Հայկազի ուղեղը մտցնի, որ 90–ականներն անցել են։ Ինչո՞ւ ես դու խլել ու վայելում։ Գնա՛ քո քրտինքով երեխաներիդ մեծացրու։ Ես ամեն ինչի պատրաստ եմ. նահանջելու պատճառ չունեմ։ Չպետք է անգրագետները վայելեն իմ ունեցվածքը։ Արդարության վերականգնման դեպքում ես 100 միլիոն և ավելի դրամ կփոխանցեմ հայկական բանակին։ Արդյոք խլող–«քցող» գեներալ բանակին պե՞տք է։

Հարցազրույցը վարեց Նելլի Ավագյանը

Այս խորագրի վերջին նյութերը