Լրահոս

05.11.2010 16:39


Վարդան Պետրոսյան. «Ուսանողները հարցնում են՝ ի՞նչ անել»

Վարդան Պետրոսյան. «Ուսանողները հարցնում են՝ ի՞նչ անել»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ դերասան Վարդան Պետրոսյանն ասել է, թե միայն ուսանողների համար անվճար փակ ներկայացումներ՝ թատերականացված դասախոսություններ  է տալիս՝ վերնագրված «Վարք Հայաստանի»։ Դրանց դասախոսներ ներկա չեն լինում, որովեհտև առանց այն էլ բարդութավորված մեր հայ ուսանողները նրանց ներկայությունից կաշկանդվում են և չեն կարողանում արտահայտվել։ Նրա խոսքերով՝ ներկայացումը Աբովյանի մասին է, ով այդպես էլ չբացահայտված է մնացել հայության համար և ներկայացվել է որպես ռուսի «ոտքը» գովաբանող մարդ։

Սակայն Աբովյանին որպես միջոց օգտագործելով՝ այսօրվա խնդիրներ են արծարծվում։ Իսկ Աբովյանը մնաց չբացահայտված ու չբացահայտվեց։

-Ես փորձում եմ խոսել ուսանողների հետ, մտնել նրանց տուն, նրանց սիրտը։ Սա պարզապես պատմական դասախոսություն չէ այն մասին, թե տեսեք՝ ինչքան լավն էր Աբովյանը, ինչ լավ-լավ բաներ է արել, կամ ինչպիսին էր այն ժամանակ Էջմիածինը։ Ո՛չ։ Աբովյանին որպես միջոց օգտագործելով՝ այսօրվա խնդիրներն են արծարծվում։ Իր իսկ գրած գրականությամբ, նրա ակնարկներով,  հուշերով, էսսեներով։ Մի խոսքով, նրա թողած ամբողջ գրական ժառանգությամբ զուգահեռներ է տարվում այսօրվա հետ,-ասել  է Վարդան Պետրոսյանը։

Նա նշել է, թե կարմիր գիծ ունենալով Աբովյանին՝ ուսանողներին  ցույց են տրվում մեր այսօրվա փոխհարաբերությունները, սերը, հատկապես կրթական համակարգի խնդիրները, որովհետև Աբովյանը երկար ժամանակ պայքարել է լավ կրթություն տալու համար։

-Խեղճ Աբովյանի մտքով չէր անցնի, որ կգա մի ժամանակ, երբ Հայաստանն  այսքան լեցուն կլինի համալսարաններով։ Եթե Աբովյանի արձանը կենդանանար, իջներ ու գար այդ համալսարանների մոտով անցներ, ապա խեղճ մարդու սիրտն ուղղակի կարող էր պայաթել, ու ինքը մեռներ ուրախությունից՝ այդքան ուսանողներ տեսնելով։ Սակայն նույն խեղճ Աբովյանը  եթե մի կերպ հանկարծ տանի այդ ուրախությունը ու հանկարծ գա նստի սրճարաններից մեկում ու լսի խոսակցությունները, ապա մեկ ուրիշ ինֆարկտ կարող է ստանալ։ Ասենք՝ լսի, թե  մի տղա մյուսին ասում է. «Արա ախպե՛ր, ո՞նց անենք, որ ընդունվենք մի հատ պրիստիժնի տեղ, բայց որ վաաբշե  չսովորենք»,-նշել  է Վարդան Պետրոսյանը։

Նա նշել է, որ ուսանողներին ներկայացնելով այսօրվա իրավիճակը՝ ժամանակ է տրամադրում իրեն հարցեր ուղղելու, և միշտ ստանում նույն հարցը. «Իսկ ի՞նչ անել, ո՞րն է ելքը»։

-Մենք էլ նստում ու քննարկում ենք, թե ինչպես վարվել,-ասել է նա։

Ըստ Վարդան Պետրոսյանի՝ ինքը վախենում է, թե լսելով այս խոսակցությունները՝ վերնախավը կարող է ինչ-ինչ խոչընդոտներ ստեղծել իր և ուսանողների հանդիպման համար, քանի որ արծարծվող թեմաները կարող են ոմանց դուր չգալ.

-Բայց ուսանողությունը պետք է ակտիվանա. եթե ակտիվ չես, ուրեմն ջահել չես։ Բոլորը պետք է հասկանան, որ այսօրվա ուսանողությունը վաղը մեր գլխին եկող ավելի վտանագվոր խնդիրները լուծողն ու կարգավորողն է, բայց իրենք այսօր արդեն պատրաստ չեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը