Լրահոս

28.12.2009 14:21


Տարվա ձեռքբերումն ու բացթողումն ըստ ԲՀԿ–ի

Տարվա ձեռքբերումն ու բացթողումն ըստ ԲՀԿ–ի

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը, ամփոփելով տարին, նշել է, որ որպես ձեռքբերում կարելի է արձանագրել ՀՀ նախաձեռնողական քաղաքականությունը։

-Կարծում եմ, որ ՀՀ-ն արտաքին քաղաքական առումով տարածաշրջանում վեր է ածվել լուրջ գործոնի. դա անժխտելի է։ Տարաբնույթ  գործընթացների թելերը կարծես թե բերեցին բոլոր հանգույցները Հայաստան, և այդ առումով Հայաստանի նախաձեռնողական քաղաքականությունը, նախագահի որդեգրած նախաձեռնողական դիվանագիտությունը, ԲՀԿ ԱԺ ֆրակցիան, պառլամենտական դիվանագիտության մեխանիզմները, որոնք ունեինք, նույնպես ակտիվորեն օգտագործեցինք տարվա ընթացքում,-ասել է նա։

Ըստ Խաչիկ Գալստյանի՝ ձեռքբերում էր նաև ներքին քաղաքական կայունության վերականգնումը։

 -2008-ը մենք ամփոփեցինք շատ ծանր տեսքով և 2009-ին կարողացանք հաստատել մեր հասարակական համերաշխությունն ու կայունությունը,-նշել է նա։

Իսկ որպես բացթողում Խաչիկ Գալստյանը մատնանշել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը։

-Ֆինանսատնտեսական ճգնաժամի հասցրած հուժկու ալիքը չափազանց ծանր էր Հայաստանի վրա։ ԱՊՀ երկրներից ամենամեծ տնտեսական անկումը գրանցվեց  Հայաստանում, բայց միևնույն ժամանակ նշեմ, որ կառավարության գործի դրած հակաճգնաժամային ծրագիրը հնարավորություն տվեց, որ գոնե  սոցիալական շատ շերտերի, հատկապես անապահով խավի վրա տնտեսական անկման մեծ դիսբալանսն այդ աստիճան չանդրադառնա,-ասել է նա։

Այն հարցին, թե բացթողումը ՀՀ կառավարությա՞նն էր վերաբերում, նա ասել է, որ դա ոչ միայն կառավարության բացթողումն է։

-Նաև տնտեսական, քաղաքագիտական մտքի խնդիրն էր, որովհետև այն գործոնները, որոնք ազդում են ՀՀ տնտեսության վրա, միգուցե լավ հաշվարկված չէին,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը