Տնտեսական

03.12.2010 16:07


«Պատվո բլուր» հուշահամալիրը կառուցած շինարարները մինչև հիմա աշխատավարձ չեն ստացել

«Պատվո բլուր» հուշահամալիրը կառուցած շինարարները մինչև հիմա աշխատավարձ չեն ստացել

Դեռ օգոստոսին Գյումրիում կառուցված «Պատվո բլուր» հուշահամալիրի (որի բացմանը ներկա էին Հայաստանի և Ռուսաստանի նախագահները) կառուցմանը մասնակցած գյումրեցի շինարարները բարձրաձայնել էին, որ արդեն 5 ամիս է, ինչ իրենք աշխատավարձ չեն ստացել, իսկ շինարարության պատասխանատուներն էլ մեկնել են Երևան, և որևէ տեղեկություն չկա: Այդ ժամանակ շինարարներին տեղեկացրել էին, որ շինարարության ղեկավարները մեկնել են հանգստանալու, ուստի  բանվորները ևս մեկ շաբաթ պետք է սպասեն:

Սակայն մինչև հիմա շինարար բանվորները սպասում են։ Նրանք հավաքվել էին «Պատվո բլուր» հուշահամալիրի մոտ և բողոքում էին, թե մինչև հիմա աշխատավարձ չեն ստացել։

-Համարի՛ր՝ երկու միլիոնից շատ պարտք են, ձեն չեն հանում. ո՛չ ասում են՝ կտանք, ո՛չ էլ ասում են՝ չենք տա: Մեզ ասում են՝ որ փող եղավ, կգանք ձեզ կտեսնենք: Հարյուր դոլար են որպես պարգևատրում տվել, էն էլ խաբեցին, ձեռքիցս առան: Իրենց թիկնապահն է, ինչ է. էդ հարյուր դոլարը, որը Նիկողոսյանն էր ինձ նվեր տվել, ձեռքիցս առան,-դժգոհել է բանվոր Արմեն Ոսկանյանը:

Երիտասարդ աշխատողները, որոնք նույնպես գումար չեն ստացել, այսօր շինարարների բողոքին չէին միացել, քանի որ արդեն իսկ զորակոչվել են հայկական բանակ.

-Համարի՛ր, 11 միլիոնի  գործ ենք արել, որից 4-5 մլն-ը դեռ չենք ստացել: Աշխատողների մեջ մարդիկ կան, որ էսօրվա օրով արդեն բանակ են գնացել՝ առանց իրենց հասանելիք աշխատավարձը ստանալու ու հայրենիքին են ծառայում»,- ասել է շինաշխատանքներին մասնակցած Մանվել Եղիազարյանը:

Իսկ եկեղեցու հարդարման աշխատանքներին մասնակից շինարար Վաղինակ Վարդանյանը նշել է, որ եթե շարունակեն իրենց խաբել և աշխատավարձ չտան, իրենք պատրաստավում են դիմել Սերժ Սարգսյանին.

-Պահանջում ենք, որ մեր աշխատանքի դիմաց մեզ վարձատրեն: Ես եկեղեցու ներսի հարդարման աշխատանքներն եմ արել, հինգ ամիս է՝ աշխատավարձ չեն տվել, մեծ գումար է: Երբ զանգում ենք, ասում են՝ էսօր կբերենք, վաղը կբերենք, բանկ ենք մտել, և նմանատիպ այլ բաներ, բայց մինչև հիմա մեր աշխատավարձը չենք ստացել»:

Սակայն «Պատվո բլուր» հուշահամալիրի շինաշխատանքների իրականացման ֆինանսական տնօրեն Նվեր Հովակիմյանը նշել է, որ գումար հատկացնելն իրենցից կախված չէ, այն հատկացնելու է Ռուսաստանի Դաշնությունը.

-Գումարը պետք է հատկացնի Հայաստանում ՌԴ դեսպանատունը: Ավելին, որակի խնդիր ևս կա: Նոր հանձնաժողովը գալու է Երևանից, որը ստուգելու է աշխատանքների որակը, որից հետո նոր աշխատավարձ կստանան: Հնարավոր է, որ աշխատանքները անորակ կատարած լինեն, և մեկ ամիս հետո փլուզում լինի։ Ես ի՞նչ աշխատավարձ տամ:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը