Աշխարհ

07.12.2016 10:36


Թուրքիան և ՌԴ–ն կհամագործակցեն ռազմատեխնիկական ոլորտում. համաձայնությունը ձեռք է բերվել (տեսանյութ)

Թուրքիան և ՌԴ–ն կհամագործակցեն ռազմատեխնիկական ոլորտում. համաձայնությունը ձեռք է բերվել (տեսանյութ)

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ պաշտոնական հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան պատրաստվում են ընդլայնել երկու երկրների համագործակցության շրջանակները։ Ինչպես տեղեկացնում է «Միլլեթը», բանակցությունների ընթացքում թուրքական կողմը Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության վերաբերյալ նոր համաձայնություն է ձեռք բերել:

«Մենք չենք խոսել հստակ նախագծերի շուրջ, այլ ընդհանուր առմամբ քննարկել ենք բոլոր այդ հարցերը: Երկու կողմերի համար էլ ակնհայտ է, որ մեր հարաբերությունների զարգացումն այլևս անհրաժեշտություն է: Մեր ռուս գործընկերների հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել վերականգնել այն ամենը, ինչ բաց ենք թողել մեկ տարի առաջ տեղի ունեցած ցավալի դեպքից մինչ օրս»,-ասել է Յըլդըրըմը։

Նա հավելել է, որ դրանցից են նաև խոշոր էներգանախագծերը, ինչպես նաև պաշտպանության և տիեզերական ոլորտում համատեղ գործունեության նոր հեռանկարներ:

Ավելի վաղ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ Թուրքիան և Ռուսաստանն, անկախ տեղի ունեցած տհաճ միջադեպերից, պետք է աշխատեն երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ և արագացնեն իրենց տեմպերը համատեղ նախագծերի իրականացման հարցում:

«Օբյեկտիվ և սուբյեկտիվ որոշ պատճառներից ելնելով՝ երկու երկրների առևտրային հարաբերություններում որոշակի կանգ գրանցվեց, սակայն կարծում ենք, որ պետք է միասին իրականացնենք մի շարք ընդհանուր և մեծ նախագծեր: Այսօրվա հանդիպումների առանցքային թեման տնտեսական և մշակութային ոլորտներին նոր թափ հաղորդելն է»,-ասել էր Մեդվեդևը:

Նա նաև տեղեկացրել էր, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները նախատեսված են 2017–ի առաջին կիսամյակում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը