Լրահոս

23.02.2010 13:56


ՀԱԿ–ը պատրաստվում է արտահերթ ընտրությունների

ՀԱԿ–ը պատրաստվում է արտահերթ ընտրությունների

Այսօր «Արցախ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ «7օր»-ի թղթակիցը Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանից փորձել է ճշտել՝ Հայ ազգային կոնգրեսն այժմ պատրաստվո՞ւմ է հերթական ընտրություններին։ Լևոն Զուրաբյանի պատասխանները լրագրողների շրջանում նոր հարցեր են առաջացրել։ Ներկայացնում ենք այդ ասուլիսից մեկ հատված.

-Ես քաղաքական բոլոր ուժերին խորհուրդ կտայի պատրաստ լինել ընտրություններին։

-Հերթակա՞ն, թե՞ արտահերթ։

-Արտահերթ, որովհետև ձախողման այն մթնոլորտը, որ այսօր ձևավորվում է, ընդ որում՝ սա միայն ընդդիմության գնահատականը չէ, արդեն իշխանության ներսում է այս մթնոլորտը ձևավորվել, արդեն նրանցից շատերի մոտ է այս տպավորությունը...

-Ի՞նչ ինֆորմացիա ունեք...

-Շատ ինֆորմացիա ունենք։

-Մեկը կասե՞ք։

-Անուննե՞ր եք ուզում, մեր գործակալների անուննե՞րը, ցուցակնե՞րը։

-Ավելի ստույգ տեղեկատվություն ասեք, թե որտեղի՞ց գիտեք, որ իշխանության ներսում անհանգստություն կա։

-Դե գիտեք ի՞նչ, մենք հո իզոլացված հասարակության մե՞ջ չենք ապրում, հո գետո չի՞ բաժանված իրարից։ Մարդիկ կան, որոնք և՛ շփվում են, և՛ շոշափում են տրամադրությունները։

-Ասում եք, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է պատրաստվեն ընտրություններին։ Իսկ ՀԱԿ-ը կոնկրետ ինչպե՞ս է պատրաստվում։

-Ի դեպ ասեմ՝ սա նոր չէ. մենք արդեն վաղուցվանից մեր տարածքային կառույցներին հանձնարարություններ ենք տվել։ Նրանք բոլորը զբաղվում են ընտրողների ցուցակների ճշտումով, տեղամասային թիմերի կազմակերպումով, քարոզիչների, տարբեր այլ ընտրական պրոցեսներին մասնակցող մարդկանց թիմերի կազմումով և այլն։ Այդ պրոցեսը մենք մշտապես տանելու ենք։

-Այս պահին ի՞նչ է փոխվել երկրում, որն առավել հավանական է դարձրել արտահերթ ընտրությունները։

-Բայց ես նման բա՞ն ասացի։

-Դուք ասում եք, որ պետք է պատրաստվեն արտահերթ ընտրությունների, որովհետև նույնիսկ իշխանությունները վստահ չեն, որ կդիմանան մինչև հերթական ընտրություններ։

-Չէ՛, չէ՛։ Դուք միանգամից իմ մտքերը մի թեթև շտկեցիք։ Ես կխնդրեի՝ դուք հետո ուշադիր լսեք ձայնագրությունը։ Ես նման բան չասացի։ Ես ասում եմ, որ իշխանությունները, այո՛, ձախողված են, այո՛, որ այդ ձախողման մասին պնդումներն արդեն միայն ընդդիմությանը չեն, այդ ընկալումներն արդեն տարածվել են իշխանական ճամբարի մեջ։ Ես դա ասել եմ։ Եվ ես ասել եմ, որ եթե ձախողվելն այս տեմպով շարունակվի, իշխանությունն ուղղակի կընկնի մեր գլխին, և պետք է պատրաստ լինել դրան։  

-Հիմա դուք արտահե՞րթ ընտրությունների եք պատրաստվում, թե՞ հերթական։

-Կարո՞ղ է՝ պարզ չեմ խոսում։ Ես ձեզ ասել եմ՝ Հայ ազգային կոնգրեսի հռչակագիրը վերցրեք, կարդացեք։ Այնտեղ գրված է արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների պահանջը։ Մենք համարում ենք, որ այն քաղաքական ճգնաժամը, որը ձևավորվել է մարտի 1-ից հետո, հաղթահարված չէ։ Այսօր ժողովրդի աջակցությունն ունեցող ուժը ներկայացված չէ պառլամենտում կամ իշխանական որևէ հաստատությունում։ Դա նշանակում է, որ քաղաքական իրավիճակն այս երկրում կայունացնելու նպատակով պետք է անցկացնել և՛ նախագահական, և՛ խորհրդարանական արտահերթ ընրություններ։

-Այսինքն, ավելի որոշակի՝ ՀԱԿ-ը պատրաստվում է արտահերթ ընտրությունների՞

-Իհարկե՛ պատրաստվում է։

-Հենց դա՛ ենք ցանկանում ճշտել։ Հետո էլ պնդում եք, թե դուք այդպիսի բան չեք ասել։

-Բայց դա որպես նորություն մի ներկայացրեք։ Դրան մենք պատրաստվում ենք մարտի 1-ից սկսած՝ 2 տարի առաջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը