Լրահոս

03.12.2010 15:57


Արմեն Աղայան. «Սերժ Սարգսյանի հայտարարությունը հակված եմ դիտարկել ներքարոզչական և նույնիսկ նախընտրական համատեքստում»

Արմեն Աղայան. «Սերժ Սարգսյանի հայտարարությունը հակված եմ դիտարկել ներքարոզչական և նույնիսկ նախընտրական համատեքստում»

«7օր»-ի հետ զրույցում «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի գործադիր քարտուղար Արմեն Աղայանը ԵԱՀԿ գագաթնաժողովում հրապարակված ԵՀԱԿ Մինսկի խմբի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը գնահատել է բացարձակ անիմաստ, «որի հիմնական ասելիքը ասելիքի բացակայությունն էր»։ «Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ միջազգային հանրության կողմից ոչ մի ճնշում բանակցող կողմերի նկատմամբ երբեք չի եղել և չկա», - ասել է Աղայանը։ Իսկ ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի ելույթին, ապա նրա կարծիքով այն նույնպես էական ոչինչ չէր պարունակում։ Ըստ քաղաքագետի՝ պաշտոնական քարոզչությունը թերևս շատ խիզախ քայլ կներկայացնի Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ «եթե Բաքուն հարձակվի, ապա Հայաստանին այլ բան չի մնա, քան ճանաչել ԼՂՀ անկախությունը»:

-Բայց հասկանալի չեղավ, թե ում էր հասցեագրված այդ սպառնալիքը, եթե դա ընդհանրապես սպառնալիք էր: Չէ որ պարտության դեպքում նման ճանաչումը ծիծաղելի թղթի կտոր կլիներ: Հաղթանակի դեպքում, առանց այդ ճանաչման էլ ոչ ոք չէր վիճարկի Արցախի հայապատկանությունը, - ավելացրել է Աղայանը։

-Տպավորությունն այնպիսին է, թե Հայաստանում ԼՂՀ ճանաչման թեմայով հայրենասեր երևալու մրցույթ է սկսվել: «Ժառանգությունը» այդ մրցույթում իր կերպարի մաս է դարձրել «անհապաղ ճանաչումը», ՀՅԴ-ն կարևորում է արտաքին ճակատը, որտեղ իր հնարավորությունները ավելի մեծ են: Սերժ Սարգսյանն էլ է փորձում ոչ պակաս հայրենասեր երևալ, բայց ավելի իրապաշտ և դիվանագետ, ճանաչման ճիշտ պահը իմացող: Ուստի հակված եմ այս հայտարարությունը դիտարկել ներքարոզչական և նույնիսկ նախընտրական համատեքստում, - նշել է Արմեն Աղայանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը