Հարցազրույց

03.11.2010 16:08


Դավիթ Սահակյանց.

Դավիթ Սահակյանց.

 Հարցազրույց «Robert Sahakyants Production» ընկերության նախագահ, ռեժիսոր Դավիթ Սահակյանցի հետ

-Ստեղծագործելու, ապրելու տեսանկյունից ինչպե՞ս եք գնահատում այսօր ՀՀ իրավիճակը։

-Ի սկզբանե ես առաջնորդվում եմ գաղափարով, թե ի՞նչ ես դո՛ւ արել քո հայրենիքի, քո հողի, քո պետության համար, ոչ թե հակառակը։ Ինձ տրված է ապրել այստեղ (դա շնորհ եմ համարում)՝ Հողում, Երկրում, որը պահանջ ունի կայանալու, զարգանալու, բարգավաճելու, և դրա մեջ կա խորհուրդ, որը շատ կարևոր եմ համարում։ Համոզված եմ, որ պետք է փորձել հաղթահարել բոլոր դժվարությունները, որոնք կան ու կլինեն, և հենց այստե՛ղ՝ ա՛յս երկրում, որում նվիրված՝ ապրել, կռվել, ստեղծագործել են իմ նախնիները։ Իմ Երկիրն ունի նվիրյալների պահանջ։ Կցանկանամ կանգնած լինել իրենց շարքերում։

-Որպես արվեստի մարդ՝ ի՞նչն է Ձեզ ամենից շատ խանգարում այսօր։

-Տգիտությունը, սուտը, դավաճանությունը, նախանձը, չգնահատելն ուրիշի աշխատանքը, գռեհկությունը, այլասերված կյանքի ընկալումը։ Խանգարել կարող է ամեն ինչ, կարևորը՝ այդ ամենը տեսնելիս չանտեսել և պայքարել դրա դեմ. ամեն մարդ՝ իր գործով։ Ես դա փորձում եմ անել իմ ընտրած արվեստի ճյուղով։

-Հայաստանի ներկայիս իրավիճակին տարբեր գնահատականներ են տրվում՝ անցումային, հետճգնաժամային, պոռթկման փուլ և այլն։ Այդուհանդերձ, չե՞ք կարծում, որ շատ երկար է ձգվում այս շրջանը, և ի՞նչն է պատճառը։

-Ամբողջ աշխարհում ֆինանսական ճգնաժամը համարում եմ հորինված։ Հորինված այն մարդկանց կողմից, ովքեր կորցրել են մարդկային արժեքները և ունենալով մեծ ազդեցություն ու ֆինանսական ուժ՝ բերել են ավելի սարսափելի ճգնաժամի, որը (ինչքան էլ ծեծված հնչի) Հոգու ճգնաժամն է։ Եվ ցանելով անբարոյականության սերմերը՝ սպասում են իրենց բերքին։ Ինչ բերք է լինելու, Աստված հեռու պահի։ Իսկ մեր երկիրը, լինելով այդ ամբողջ աշխարհի մի մասնիկը, ուզած թե չուզած, ներգրավված է այդ սարսափելի գործընթացի մեջ։ Դարեր շարունակ պատերազմ է ընթանում բարոյականության և անբարոյականության միջև, և կռվի ճակատն անցնում է մեր մեջ։ Պարզապես, մեր ինֆորմացիոն դարում պատերազմը, դաժանությունն ավելի ցայտուն են երևում։

-20-րդ դարում մուլտիպլիկացիան բավական հզոր զենք դարձավ հասարակության արատները բարձրաձայնելու գործում։ Այսօր մեր երկրում մուլտիպլիկացիան ընդհանրապես որևէ դեր խաղո՞ւմ է, թե՞ ոչ։

-Արվեստի բոլոր ոլորտները, լինելով հզոր և ոչ անտարբեր մարդկանց ձեռքում, միշտ էլ ունեցել են ազդեցություն հասարակության մեջ։ Մուլտիպլիկացիան այսօր ապրում է նոր փուլ իր կայացման ճանապարհին և փորձում է մնալ կանգնած։ Ռոբերտ Սահակյանցի հեռանալուց հետո ինչպիսի՞ն այն կլինի, ցույց կտա ժամանակը։ Ես համոզված եմ, որ մեր ոլորտի բոլոր նվիրյալները կանեն ամեն ինչ, որ մուլտիպլիկացիան ծառայի բարձր արժանիքներին, և կարծում եմ՝ կօգնի մեզ բոլորիս կողմնորոշվել շատ անգամ դաժան իրականության մեջ։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը