Հարցազրույց

03.12.2010 16:18


Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյան

Հարցազրույց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ, «religions.am» կայքի խմբագիր Ստեփան Դանիելյանի հետ

-Վերջին շրջանում էմոների նկատմամբ պետական մակարդակով որս է սկսվել կարծես։ Նույնիսկ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի վետերանների միության (ի դեպ, որի պատվավոր նախագահը ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն է) երիտթևը էմոների դեմ երթ էր կազմակերպել: Ի՞նչ է սա նշանակում։ Ինչո՞ւ է նման հախուռն պայքար սկսվել։

-Ամեն ինչ շատ պարզ է: Սկսվել են խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները: Գործող իշխանությունը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի մերձավորների, Հանրապետական կուսակցության նոմենկլատուրայի և ուժային կառույցների բիզնես-վերնախավի, տապալել է պետությունը: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նման իշխանությունների միակ փրկությունը հասարակությանը թշնամական խմբերի բաժանելն է: Նման տեխնոլոգիաների համար անհրաժեշտ են ֆաշիստական գաղափարներ՝ ազգայնական կամ կրոնամոլական: Ազգայնական գաղափարները Հանրապետական  կուսակցությունն այս տարիների ընթացքում կարողացել է հիմնովին վարկաբեկել, մնացել է վերջին հույսը' կրոնամոլությունը' ազգայնական սոուսի մեջ: Որքան ընտրությունները մոտենան, նման նախաձեռնությունները շատանալու են. լինելու են ԶԼՄ-ներում ազգը «աղանդավորներից» փրկելու կոչեր, ֆաշիստական ոճով երթեր, «սարսափելի»  բացահայտումներ սատանիստների, էմոների, մարդակեր աղանդավորականների մասին: Իմիջայլոց, Հայաստանում շատացել են ինքնասպանությունների դեպքերը, գիտենք՝ ինչ է կատարվում բանակում, բնությունը ավերվում է, սակայն չի եղել որևէ դեպք, որ Էջմիածնի միաբաններից գոնե մեկը մտահոգություն հայտնի դրանց մասին: Եվ դա պարզ բացատրություն ունի. նրանք չեն կարող քննադատել իշխանություններին, որովհետև ձգտում են իրենք էլ իշխանության մասնաբաժին ունենալ: Վերջին տարիներին շատ է խոսվում «աղանդավորների» ինքնասպանության դեպքերի մասին, սակայն գոնե մեկ համոզիչ դեպք չեն կարողացել մատնացույց անել, մինչդեռ բազմաթիվ են Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների շրջանում ինքնասպանությունների դեպքերը: Մի շատ հետաքրքիր դիտարկում՝ եթե դուք ուզում եք իմանալ, թե ո՞ր ԶԼՄ-ներն են իշխանությունների վերահսկողության տակ, կարող եք դա միանշանակորեն իմանալ՝ հետևելով, թե ովքեր են լծված էմոյական արշավին։

-Ընդհանրապես, ովքե՞ր են էմոները և ի՞նչ վտանգ են ներկայացնում մեր հասարակության համար։

-Էմոների հարցը քննարկելը անլուրջ է: Հազիվ Հայաստանում գտնվեն մի քանի հարյուր անչափահաս աղջիկներ, ովքեր այդ ոչ ֆորմալ երիտասարդական շարժման հետևորդները լինեն: Խնդիրը դա չէ: Էմոների դեմ այս շարժումը ուղղակի փորձնական արշավ է, կազմակերպիչները ցանկանում են փորձել, թե արդյոք կարո՞ղ են հասարակության վրա ներազդել անգամ նման անհեթեթ «հարցի» միջոցով: Իմ կարծիքով՝ դա նրանց հաջողվել է, շատերն են խայծը կուլ տվել: Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ են պատրաստ տրամադրել իրենց ուղղեղները լվացքի համար:

Ընտրությունների մոտեցմանը զուգահեռ՝ էմոների հարցը կվերաճի ընդհանրապես «աղանդների» դեմ պայքարի, և շատերը կքվեարկեն հանրապետականների  կղերական թևի օգտին, որպեսզի «փրկվեն» էմոներից ու աղանդներից:

-Իսկ հանրապետականների նժդեհական «թև՞ն» ինչ է լինելու:

-Կարծում եմ կուղարկվի արխիվ: Նժդեհի գաղափարները նրանք այդպես էլ չկարողացան ներարկել հասարակությանը և դրանով պարտվեցին: Դա հասկանալի է. ինչպես կարող էին ազգային բարձր արժեքներից խոսել կոռումպացված, հասարակության վստահությունը չվայելող նոմենկլատուրայի ներկայացուցիչները: Այժմ այդ կուսակցության կղերական թևի ժամանակներն են' վարչապետի գլխավորությամբ: Մի հետաքրքիր դիտարկում ևս: Ի զարմանս ինձ այդ արշավում ներգրավվել են նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որոշ պատգամավորների։ Եթե ԲՀԿ–ի մրցակից հանրապետականները խորհրդարանական ընտրությունների համար «գաղափարական» հենարան են որոնում, հասկանալի է։ Սակայն ինչու՞ են բարգավաճականների ներկայացուցիչները մասնակցում այդ արշավին, դա արդեն անհասկանալի է։

-Կարծիքներ կան, թե Հայաստանը վերադառնում է կրոնապետությանը, երբ եկեղեցին խառնվում է երկրի քաղաքականությանը։ Համամի՞տ եք այդ կարծիքին։

-Դա ունի իր բացատրությունը: Իշխանությունների համար մնացել է վերջին գաղափարական ռեսուրսը՝ կրոնականը: Դա մի քանի վտանգներ է պարունակում: Առաջին՝ վերջնականապես կվարկաբեկեն հայոց եկեղեցին, ինչը չի կարելի թույլ տալ։ Երկրորդ՝ միջազգային հանրությունը չի հասկանա ինկվիզիցիայի դրսևորումները 21-րդ դարում։ Եվ ամենավտանգավորը՝ Հայաստանում նոր թափ կհավաքի արտագաղթը, արդեն՝ կրոնական դրդապատճառներով: Մենք վատ գիտենք մեր պատմությունը. Հայաստանը 9-12-րդ դարերում դատարկվել է հենց կրոնական անհանդուրժողականության պատճառով: Մենք նման շռայլություն չենք կարող մեզ թույլ տալ:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը