Աշխարհ

20.11.2016 21:55


«Մանկական Եվրատեսիլ-2016»-ում Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը (տեսանյութ)

«Մանկական Եվրատեսիլ-2016»-ում Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը (տեսանյութ)

Մալթայի մայրաքաղաք Վալետտայում քիչ առաջ ավարտվեց «Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը:

Հայաստանը ներկայացնող Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը կատարեցին «Տարբեր» երգը։ Նրանք հանդես եկան 2-րդ համարի ներքո: Նիկ Եգիբյանի և Ավետ Բարսեղյանի հեղինակած երգի հիմքում երկու պատանի երգչուհիների ոճային տարբերություններն էին ու «պայքարը» դրա շուրջ, որը դառնում է հիմք հանուն ապագա միասնության. չէ՞ որ նրանց միավորում է երգը, ժպիտն ու սերը:

Մրցութային համարի բեմադրության մեջ ընդգրկված էին նաև 4 պարուհիներ, հեղինակն Արտյոմ Գևորգյանն էր: Բեմադրության ընթացքում կիրառվեց նաև հատուկ աճպարարական հնարք, որի հեղինակները հայտնի աճպարարներ Սոս և Վիկտորյա Պետրոսյաններն էին, ովքեր Հանրայինի հրավերով ևս Մալթայում երեխաների կողքին էին:

Ժյուրիի քվեարկության արդյունքում՝ Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը` ստանալով 232 միավոր: «Մանկական Եվրատեսիլի» այս տարվա հաղթող դարձավ Վրաստանի ներկայացուցիչը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մրցույթի կանոններում այս տարի մի քանի փոփոխություններ էին մտցվել: Մրցույթին հնարավորություն ունեին մասնակցելու 9-14 տարեկան երեխաները՝ նախկինում 10-15-ի փոխարեն: Այս տարի հանվել էր հեռուստադիտողի քվեարկությունը: Հաղթողը որոշվեց մասնակից երկրների պրոֆեսիոնալ և մանկական ժյուրիների կողմից, ինչպես նաև փորձագետների ժյուրիի քվեարկության արդյունքում, որի կազմում էին 3 եվրոպացի հայտնի արվեստագետներ:

Մրցույթին այս տարի մասնակցեց 17 երկրներ՝ Ալբանիան, Հայաստանը, Ավստրալիան, Բելառուսը, Բուլղարիան, Կիպրոսը, Վրաստանը, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Մակեդոնիան, Մալթան, Նիդերլանդները, Լեհաստանը, Ռուսաստանը, Սերբիան, Ուկրաինան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը