Տնտեսական

17.11.2016 15:05


Ֆինանսների նախարար. «Արտաքին պարտքը 2014-2016թթ. աճել է 14-16 տոկոսային կետով»

Ֆինանսների նախարար. «Արտաքին պարտքը 2014-2016թթ. աճել է 14-16 տոկոսային կետով»

Այսօր՝ նոյեմբերի 17–ին, ԱԺ-ում քննարկվող «ՀՀ 2017-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի հիմնական զեկուցող, ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասել է, որ բյուջեում դրված է մակրոտնտեսական քաղաքականության, տնտեսական կայունության, հարկային պարտավորությունների, պետության կողմից ծախսային պարտավորությունների 4 հիմնական սկզբունքը։

Նրա խոսքով՝ կարևորագույն սկզբունքը մակրոտնտեսական քաղաքականությանը համահունչ հարկաբյուջետային ցուցանիշների նախագծումն է, որի ընթացքում խոսվել է այն մասին, որ իրենք մի փոքր պահպանողական բյուջե են ներակայացնելու, սակայն հաշվի են առել մակրոտնտեսական զարգացումները թե՛ գլոբալ տնտեսությունում, թե՛ ներքին տնտեսությունում։

–Գտնում եմ, որ միջազգային կանխատեսումով՝ նախորդ տարվա համեմատ տնտեսական աճն արագացող է լինելու շուրջ 0,3 տոկոսային կետով, ինչպես նաև կայունության աճ է լինելու առևտրային գործըկերների մոտ,–ասել է Արամյանը։

Ըստ նրա՝ 2-րդ սկզբունքը տնտեսական կայունության ապահովումն է:

–Հիշեցնեմ, որ անցնող տարում տնտեսական շոկերի պատճառով՝ ՌԴ պատժամիջոցներ, պղնձամոլիբդենի գների նվազում, պարտադրված են եղել ավելի շատ արտաքին պարտք ներգրավել: Պարտքը 2014-2016թթ. աճել է 14-16 տոկոսային կետով,–նկատել է ֆինանսների նախարարը՝ հավելելով, որ իրենք թիրախային են համարում այն, որպեսզի 2017-ին պարտքի աճի տեմպերը դանդաղեն, և որ իրավիճակը լինի հսկողության ներքո։

Որպես 3-րդ կարևոր սկզբունք՝ Արամյանը նշել է հարկային պարտավորությունները, որոնք կատարելու համար, ըստ նրա, չպետք է տնտեսվարողների վրա լրացուցիչ էական ճնշումներ առաջացնող քայլեր արվեն: Նախարարի խոսքով՝ հարկահավաքումը պետք է լինի օրինաչափ տնտեսական զարգացումներին, որպեսզի տնտեսական աճ ապահովվի:

Իսկ որպես 4-րդ սկզբունք՝ նախարարն առանձնացրել է այն փաստը, որ պետության կողմից ծախսային պարտավորությունները կատարվեն՝ միջազգային պարտավորությունները կատարելու համար սուբյեկտ ունենալու նպատակով՝ ընդգծելով, որ չպետք է սուղ միջոցների պատճառով պետության միջոցով մատուցվող ծառայությունների որակն ընկնի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը