Աշխարհ

15.11.2016 08:30


Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել հանդիպել

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել հանդիպել

Նոյեմբերի 14-ին, երկկողմ պայմանավորվածությամբ, տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի մամուլի ծառայությունից։

Պուտինը ևս մեկ անգամ շնորհավորել է Թրամփին ընտրվելու կապակցությամբ, մաղթել է նրան հաջողություններ նախընտրական ծրագիրը կյանքի կոչելու ճանապարհին և ընդգծել իր պատրաստակամությունը՝ նոր վարչակազմի հետ կառուցելու գործընկերային երկխոսություն՝ հիմնված հավասարության, փոխադարձ հարգանքի և մեկը մյուսի ներքին կյանքին չմիջամտելու վրա։

Զրույցի ընթացքում կողմերը համաձայնել են, որ ռուս-ամերիկյան ներկա հարաբերությունները ծայրահեղ անբավարար վիճակում են, բայց և կողմ են արտահայտվել ակտիվ աշխատանքի օգտին՝ կարգավորելու դրանք և դուրս բերելու կառուցողական փոխգործակցության հուն՝ հարցերի ամենալայն շրջանակների առումով։

Պուտինն ու Թրամփը նաև քննարկել են ահաբեկչության դեմ պայքարում և սիրիական կարգավորման հարցում փոխգործակցությանն առնչվող հարցեր։ Մասնավորապես, նրանք համամիտ են եղել, որ ընդհանուր թշնամու՝ միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում անհրաժեշտ է միավորել ուժերը։

Կողմերն ընդգծել են, որ 2017թ․ լրանում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 210-րդ տարին, ինչը, ինքնըստինքյան, պետք է խթան հանդիսանա վերադառնալու պրագմատիկ, փոխշահավետ համագործակցությանը, որը կբխի երկու երկրների շահերից, կայունությունից և ամբողջ աշխարհում անվտանգությունից։

Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը պայմանավորվել են շարունակել հեռախոսով շփումները, իսկ հեռանկարում դիտարկել առանձին հանդիպումը, որի նախապատրաստման աշխատանքներով կզբաղվեն երկու երկրների ներկայացուցիչները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը