Լրահոս

12.11.2016 08:21


Արթուր Պետրոսյան. «Սա ամբողջ թիմի հաղթանակն էր» (տեսանյութ)

Արթուր Պետրոսյան. «Սա ամբողջ թիմի հաղթանակն էր» (տեսանյութ)

Նոյեմբերի 11-ին՝ Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումից հետո, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետխաղային մամուլի ասուլիսը.

-Պարոն Պետրոսյան, շնորհավորում ենք առաջին հերթին Ձեզ: Խնդրում ենք ասել, 0-2 հաշվի ժամանակ ի՞նչ էիք մտածում:

-Ես հավատում էի: Նույնը կարելի է ասել տղաների մասին: Նրանք գլխիկոր ետ վերադարձան, սակայն հանդերձարանում շատ հանգիստ մթնոլորտ էր, ու տղաներին ասացինք, որ դեռ ոչինչ կորած չէ, մենք պետք է հավատանք, որ կարող ենք հաջողության հասնել: Ու փառք տղաներին, որ մեր ժողովրդին այս ուրախությունը պարգևեցին:

-Ի՞նչ եք կարծում, մեր հավաքականը վերադարձա՞վ եզրափակիչ փուլի համար պայքարին:

-Մենք ծայրահեղությունից ծայրահեղության մեջ ընկնող ժողովուրդ ենք: Իմ առաջին մամուլի ասուլիսի ժամանակ ինձ հարցրին. «Պարոն Պետրոսյան, ի՞նչ պիտի պահատի, որ հրաժարական տաք»: Իսկ այսօր արդեն խոսում ենք Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի մասին: Իհարկե, պետք է համեստ լինել ու քայլ առ քայլ առաջ գնալ:

-Պարոն Պետրոսյան, ամեն դեպքում խնդրում ենք պատմեք, թե ինչ եք ասել ընմիջմանը խաղացողներին:

-Իրոք շատ հանգիստ մթնոլորտ էր: Ոչ մի աղկմող մարզիչ չկար, գոռացող մարզիչ չկար։ Տղաներին բացատրեցինք` ինչն է կարելի ուղղել, մեկ-երկու տակտիկական ճշգրտումներ մտցրինք, բայց դուք էլ տեսաք, որ գոլերը տակտիկական կազմակերպվածության հետ ոչ մի կապ չունեին: Ստացվում է, ֆուտբոլ է, նորից փառք ու պատիվ մեր տղաներին, նրանք այսօր հերոսություն արեցին:

-Ընդհանուր կգնահատե՞ք խաղը:

-Չհաշված այդ 10 րոպեն, մնացած 80 րոպեն, գումարած 35-րդ րոպեն, բացառությամբ մեկ դրվագի, մենք մրցակցին շատ քիչ շանս տվեցինք, խաղում էինք լավ կազմակերպված, խաղային կարգապահությամբ: Կարծում եմ` 0-2-ը մեզ ավելի ուժ տվեց, որպեսզի տղաները երկրորդ խաղակեսը ավելի անկաշկանդ խաղան, քանի որ այլևս կորցնելու բան չունեինք, ու հավանաբար հենց դա որոշիչ դեր ունեցավ այսօրվա հաղթանակի մեջ:

-Հետաքրքիր է`ի՞նչ եղավ հանդերձարանում խաղի եզրափակիչ սուլիչից հետո:

-Ես հանդերձարանում չէի, չգիտեմ: Այդ պահը ինձ համար շատ զգացմունքային էր, և ես ցանկանում էի առանձին լինել: Հետո արդեն մտա հանդերձարան ու հերթով շնորհավորեցի մեր հերոսներին: Կարող եմ ասել, որ շատ ուրախ մթնոլորտ էր տիրում:

-Նախ շնորհակալ ենք ձեզ այս հաճելի պահերի համար: Դուք մի քանի օր է, ինչ հավաքականի գլխավոր մարզիչն եք: Ի՞նչ կարողացաք անել, որ հավաքականը 100 տոկոսով կերպարանափոխված մտավ դաշտ:

-Ես չէի, դա մենք արեցինք: Մեր թիմով, մեր շտաբով մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի տղաներին լավ պատրաստենք: Թիմը ժպտում է, մարզումը կատակների ներքո էր անցնում, և մենք փորձում ենք այդ թեթև մթնոլորտը մտցնել մեր թիմի մեջ, որպեսզի նրանք կաշկանդված չլինեն: Ամեն դեպքում, սա թիմային աշխատանք է։ Սա թիմային հաղթանակ է, սա Արթուր Պետրոսյանի հաղթանակը չէ: Նույնը կարող եմ ասել ձեր մասին: Այս մի քանի օրը դուք նաև շատ դրական մթնոլորտ ստեղծեցիք հավաքականի շուրջ, և դրա համար ձեզ էլ եմ շնորհակալ: Եվ ոչ միայն դուք, ֆեդերացիայի բոլոր աշխատակիցները, ֆեդերացիայի նախագահը ամեն ինչ արեցին, որ մենք հաղթանակի հասնենք:

-Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսեց ձախ եզրում, հետո տեղափոխվեց կենտրոն: Արդյո՞ք դա տակտիկական մտահաղացում էր, թե՞ նա անհաջող գործեց այդ դիրքում:

-Ոչ-ոչ: Ուղղակի Մարկոսը մի փոքր հոգնել էր, դրա համար մենք Հենրիխին տեղափոխեցինք կենտրոն, որպեսզի նա ազատություն ստանա, որովհետև ձախ կիսապաշտպանի դիրքում նա ավելի շատ պաշտպանողական շատ մեծ ծավալի աշխատանք էր տանում, ինչի համար նրան շատ շնորհակալ եմ:

-Մի հետաքրքիր, միգուցե զավեշտի աշխարհից մի դրվագ: Արթուր Ալեքսանյանի՝ հավաքականի հետ հանդիպումը հաղթողի հոգեբանություն բերեց հավաքական: Հնարավո՞ր է հաջորդ խաղերում Արթուր անունով այլ անձանց տեսնել, գուցե Արթուր Աբրահամին:

-Ամեն ինչ հնարավոր է:

-Գևորգ Ղազարյանը երկրորդ խաղակեսում շատ էր պաշտպանվում: Արդյո՞ք դա ձեր մտահաղացումն էր:

-Ինչպես տեսաք, Չեռնոգորիան սկսեց երկրորդ համարով խաղալ, շատ լավ պաշտպանվում էին ու փակել էին դեպի դարպասը տանող ճանապարհները: Իսկ Գևորգը տեխնիկապես շատ լավ պատրաստված խաղացող է, այդ իսկ պատճառով նա մեկ քայլ հետ էր քաշվում, որպեսզի հինգ քայլ առաջ գնար:

-Մի քանի դրվագ եղավ, երբ դարպասապահ Արսեն Բեգլարյանը ռիսկի գնաց, և ստեղծվեց մրցակցի համար գոլային հնարավորություն: Ի՞նչ եք կարծում , հավաքականների մակարդակի խաղերում այդ ռիսկը արդարացվա՞ծ է, թե՞ դեռ իր հետ այս թեմայով խոսակցություն եք ունենալու:

-Արսենը դարպասապահի համար շատ երիտասարդ տարիք ունի՝ 23 տարեկան: Ես կարծում եմ` դա փորձի պակասն է, որը ժամանակի հետ կլրացվի: Իհարկե, մենք նրա հետ առանձնազրույց կունենանք, մեր դարպասապահների մարզիչ Հայկ Կիրակոսյանը զրույցը կվարի, ես էլ կմասնակցեմ։ Դա փորձի պակասն էր, որը կլրացվի ժամանակի ընթացքում:

-Դուք նշեցիք, որ քայլ առ քայլ եք առաջ շարժվելու, և առաջին քայլը պաշտպանությունը բարելավելն է, որի արդյունքը մենք տեսանք։ Որո՞նք են լինելու երկրորդ, երրորդ քայլերը: Հավաքականի ո՞ր ողակները բարելավման կարիք ունեն:

-Կարելի է ասել՝ բոլոր դիրքերում էլ մեր խաղը կարելի է բարելավել: Դուք տեսաք` առաջին խաղակեսում մենք շատ գրագետ էինք պաշտպանվում, մրցակցին շանս չէինք տալիս: Բայց տեսաք նաև, որ երկրորդ խաղակեսում մենք կարող ենք կերպարանափոխվել: Կա շատ աշխատանք, դա միանշանակ է: Փորձելու ենք քայլ առ քայլ առաջ շարժվել: Մենք այսօր ցույց տվեցինք, որ եթե պետք է պաշտպանվել, մենք պաշտպանվում ենք, եթե պետք է հարձակվել, մենք հարձակվում ենք: Դա հետագայի համար շատ կարևոր է:

-Ի՞նչ կարող եք ասել Արտակ Գրիգորյանի մասին։ Կարծիքները շատ են, և բոլորը դրական: Այժմ կուզեինք լսել ձեզ՝ արդեն մասնագիտական կարծիքը:

-Եթե Արտակը տեղ-տեղ սխալվում էր, նա իր մեծ ծավալի աշխատանքով այդ բացը լրացնում էր: Եղան պահեր, երբ նա իր վրա վերցրեց այդ պատասխանատվությունը և թիմին առաջ տարավ: Դա շատ գովելի է:

-Մինչև Ձեր գալը մթնոլորտը շատ շիկացած էր, իսկ հիմա ամեն ինչ խաղաղվել է: Չե՞ք կարծում, որ լրագրողների հետ շփումը պետք է ավելի շատացնել:

-Արդեն նշեցի, որ մենք ձեր կարիքը շատ ունենք, դուք այդ դրական մթնոլորտը ստեղծեցիք մեր հավաքականի շուրջ, որը մեզ շատ օգնեց:

-Ինչպե՞ս կգնահատեք Հենրիխ Մխիթարյանի խաղը: Կարծես թե առաջին խաղակեսում նրա խաղը չէր ստացվում:

-Խաղային պրակտիկայի բացակայությունը զգացվեց, բայց իր կատարած աշխատանքը շատ մեծ է: Նրա ներկայությունը շատ կարևոր է մեր թիմի համար:

Այս խորագրի վերջին նյութերը