Լրահոս

10.11.2016 15:34


Արդի մարտահրավերներն ստիպում են խորացնել հայ-ռուսական հարաբերությունները

Արդի մարտահրավերներն ստիպում են խորացնել հայ-ռուսական հարաբերությունները

Հայաստանում տեղակայվելիք հայ-ռուսական միասնական զորախմբի մասին Vesti.am-ը զրուցել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ:

-Պարո՛ն Բոզոյան, հաստատվում են այն լուրերը, որ Հայաստանում հայ-ռուսական համատեղ զորախումբ է ձևավորվում: Հայկական լրատվամիջոցներում նաև որոշակի լուրեր սպրդեցին, որ համատեղ զորախումբը ձևավորվելու է ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի՝ Սյունիքում և Վայոց ձորում տեղակայված կորպուսի բազայի վրա: Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ է սա պայմանավորված:

-Կարծում եմ, որ դրանք պայմանավորված են արդի մարտահրավերներով: Այն մարտահրավերները, որոնք կան Միջին Արևելքում, պահանջում են, որպեսզի համագործակցությունն ավելի խորացվի: Ըստ էության, այդպիսի միտում կա նաև միջինասիական ուղղությամբ. Ռուսաստանը փորձելու է նույն բանն անել Տաջիկստանի հետ համատեղ: Գիտենք, որ Անդրկովկասյան ուղղությամբ ՀԱՊԿ-ի անդամը միայն Հայաստանն է, և այդ իմաստով, Ռուսաստանը փորձելու է ավելի խոր ինտեգրացիոն պրոցեսներ տանել ռազմական համագործակցության ոլորտում:

-Կարծիք կա, որ Սիրիայից և Իրաքից «Իսլամական պետության» գրոհայինների դուրս գալուն զուգահեռ հնարավոր է, որ Նախիջևանը ԻՊ հենակետ դառնա: Այս բանակային միավորման տեղակայումն էլ, կարծես թե, համընկնում է հայ-ադրբեջանական սահմանագծի այն հատվածին, որը սահմանակից է Նախիջևանի հետ: Ինչ եք կարծում՝ Նախիջևանը կդառնա՞ այդպիսի հենակետ և Ռուսաստանն այդ ուղղությամբ հակաքայլե՞ր է ձեռնարկում:

-Ես անհեթեթություն եմ համարում այդ վարկածը: Նախիջևանն առանձին անկլավ չէ, այն Ադրբեջանի բաղկացուցիչ մասն է, որի վրա մեծ ազդեցություն ունի նաև Թուրքիան: Իսկ ծայրահեղ իսլամական շրջանակները, ըստ էության, որոշակի վարկանիշ չունեն ո՛չ Թուրքիայում, ո՛չ Իրանում: Այսինքն, Նախիջևանը չի դառնա իսլամիստների հենակետ: Դա իրականության հետ որևէ կապ չունի:

-Շրջանառվում է նաև մեկ այլ վարկած, ըստ որի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում Ռուսաստանին չի հաջողվում խաղաղպահներ տեղակայել արցախա-ադրբեջանական սահմանագծում, այդ իսկ պատճառով էլ ՌԴ-ն փորձում է իր ուժերը հզորացնել եթե ոչ խաղաղպահների, գոնե միասնական զորամիավորման ձևով: Այս վարկածին ինչպե՞ս եք վերաբերվում:

-Կարծում եմ, որ դա էլ իրականության հետ կապ չունի, որովհետև խաղաղապահների առաքելությունը այլ է, իսկ այդպիսի զորախմբի ձևավորումը բոլորովին այլ տրամաբանություն ունի: Խաղաղապահ ուժերը նախ մեծաթիվ չեն լինում, դրանք այլ առաքելություն են ունենում: Խաղաղապահ զորքերն իրենց քաղաքականությամբ՝ դիվանագիտական առումով տարածաշրջանում շեշտակիորեն մեծացնում են իրենց դերը, մինչդեռ Հայաստան-Ռուսաստան համատեղ խմբավորման հետ կապված այստեղ շեշտակի մեծացնելու կամ փոքրացնելու հարց չկա: Դա ուղղակիորեն ինտեգրացիայի խորացման այլ ուղի է, որը կապված է սպառնալիքների հետ: Թե որքանո՞վ են այդ սպառնալիքները իրական, այս պահի դրությամբ չեմ կարող գնահատական տալ: Կարծում եմ, որ զորախմբի ստեղծման ազդակներն ավելի շատ գալիս են Մոսկվայից, որովհետև նրանք են մտածում, որ պոտենցիալ սպառնալիքներ կարող են լինել: Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման ժամանակ ռուս փորձագետները լուրջ մտավախություն ունեին, որ միջինարևելյան խնդիրը և ռուս-թուրքական հակասությունը կարող է տեղափոխվել Անդրկովկաս: Այդ մտավախությունից ելնելով էլ առաջ էր եկել այս գաղափարը, բայց ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումից հետո այդ մտավախությունը վերացավ: Սակայն, կարծում եմ՝ պրոցեսը, միտումը, որ այն ժամանակ նախանշված էր՝ շարունակվում է:

-Միասնական զորախմբի ստեղծումը չի՞ հակասում կամ չի՞ խաչվում Հայաստանի ինքնիշխանության հետ:

-Գիտեք, դա շատ հարաբերական հասկացողություն է: Եթե այդպես նայենք, ուրեմն ՀԱՊԿ-ն էլ է հակասում, ռազմաբազայի տեղադրումն էլ է հակասում ինքնիշխանությանը: Այդ բոլորը որոշակի հարթություններ են, որոնք կապված են Հայաստան պետության կայունության և ուժեղացման հետ: Եթե Հայաստանը ուժեղ է, կայուն է, եթե իր հարաբերություններն այնքան բազմավեկտոր են, որ կարողանում է ոչ ռազմական ճանապարհով ապահովել իր անվտանգությունը, ապա, բնականաբար, դրանք կարող են հակասել: Բայց եթե Հայաստանը դեռևս չունի այդ համարժեք ուժը, հզորությունը, կարծում եմ, որ այստեղ այլ հարթություն կա, որը քննարկելու խնդիր է:

Աղբյուրը՝ Vesti.am

Այս խորագրի վերջին նյութերը