Հարցազրույց

23.12.2009 20:44


Երվանդ Բոզոյան

Երվանդ Բոզոյան

Հարցազրույց քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ

-Եթե ամփոփեք 2009թ., ի՞նչ ձեռքբերումներ և կորուստներ ունեցավ Հայաստանը։

-Կարծում եմ, որ քաղաքական իմաստով մենք բավական լուրջ կորուստ ունեցանք։ Նախևառաջ դա վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, որովհետև մինչև արձանագրությունները Հայաստանը, Թուրքիայի հետ կապված, մի շարք դիրքային առավելություններ ուներ։ Իհարկե, հայ-թուրքական հարաբերություններ գոյություն չունեին, սառեցված էին, սակայն Ցեղասպանության միջազգային ճանաչման շարժում կար, թուրքական հասարակության մեջ որակական լիբերալիզացիա էր ընթանում. թուրքական մտավորականության հայտնի դեմարշը, որ պետք է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բավական մեծ առաջընթաց էր թուրք հասարակության կողմից, և կարծում եմ, որ եթե Հայաստանը շարունակեր իր քաղաքականությունն այնպես, ինչպես որ կար մինչ այդ արձանագրությունները, ապա թե՛ Ցեղասպանության ճանաչման, թե՛ հետևանքների վերաբերյալ Թուրքիան իսկապես մի քանի տարի անց արդեն պատրաստ կլիներ Հայաստանի հետ երկխոսության մտնել։ Չեմ կարծում, թե կոնկրետ տարածքային ձեռքբերումներ կունենայինք, բայց մենք շատ լուրջ քաղաքական դիվիդենտներ կստանայինք։ Սակայն այս արձանագրություններից հետո, երբ «ֆուտբոլային» քաղաքականությունը սկսվեց, իրավիճակը կտրուկ փոխվեց։ Թուրքական քաղաքական վերնախավը Հայաստանի կողմից այս առաջարկությունը համարեց որպես թուլություն, և այդ թուլությունն ինքը փորձեց օգտագործել մինչև վերջ։ Սկզբնական փուլում նրանք հայկական կողմից կորզեցին գրեթե բոլոր զիջումները՝ սահմանների ճանաչում, պատմաբանների ենթահանձնաժողովի ստեղծման խնդիր և այլն։ Եվ երբ արդեն բոլոր զիջումները կորզված էին, թղթի վրա էին, նրանք որոշեցին զուտ որպես քաղաքական գործընթաց՝ կորզել նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ զիջումը, որին, բնականաբար, հայկական կողմը չէր կարող գնալ, որովհետև դա ուղղակի սպառնում է ԼՂ-ի, հետևաբար նաև ՀՀ-ի անվտանգությանը։ Այս ամենի հետևանքով այն մեկ տարին, որի մասին խոսում էին, թե հայ-թուրքական սահմանը կբացվի, հարաբերությունները կբարելավվեն և այլն, իրականում ստացվեց ճիշտ հակառակը։ Այսինքն՝ երկու կողմերի միջև ստորագրված ցյուրիխյան արձանագրություններից երկու երկրների հարաբերությունները ոչ թե բարելավվեցին, այլ վատթարացան։ Ես ևս կարծում եմ, որ 2010թ. մենք ականատես կլինենք՝ ինչպես վատթարացման այդ գործընթացն է՛լ ավելի կխորանա։

-Իշխանություններն ասում են, թե Թուրքիան ներքին օգտագործման համար է կոշտ հայտարարություններ անում։

-Շատերը նշում են, որ մինչև ապրիլ ամիս Թուրքիան, այնուամենայնիվ, կստորագրի այդ արձանագրությունները։ Ես դրան կտրականապես համաձայն չեմ, որովհետև Թուրքիայի համար ԼՂ-ի հարցում զիջումներ կորզելն արդեն դարձել է սկզբունքային քաղաքականություն, որովհետև նրանք հայկական կողմի այդ թույլ կետը գտել են, և տեսնում են, որ Հայաստանը պատրաստ է զիջել մի շարք այլ հարցերում։ Նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի զիջում կորզեն նաև ԼՂ-ի հարցում։

-Բայց Հայաստանը կգնա՞ այդ զիջմանը։

-Ես այդ հարցին դժվարանում եմ պատասխանել, սակայն կարծում եմ, որ, այնուամենայնիվ, եթե Հայաստանն այս քայլում զիջման գնա, դա ուղղակի կսպառնա ԼՂ-ի և Հայաստանի անվտանգությանը։ Դրա համար ես մեծ հավանականություն չեմ տեսնում, որ հայկական կողմը կգնա զիջման։ Ըստ էության, միակողմանի զիջում՝ նշանակում է պատերազմի վտանգի մեծացում։ Զիջման գնալով՝ մենք ուղղակի կմեծացնենք պատերազմի հավանականությունը՝ ոչ մի բան չլուծելով։ Այսինքն, այդտեղ ոչ մի իմաստ չկա։ Կարծում եմ, որ, այնուամենայնիվ, իշխանությունները չեն գնա այդ քայլին, և այն ակնարկները, շրջադարձ արվելու հետ կապված, որ նախագահ Սարգսյանը նշեց միջազգային պայմանագրերի օրենսդրական փոփոխություններ մտցնելու վերաբերյալ, հենց դրա հետ էր կապված։

-Տարվա ձեռքբերումները որո՞նք էին։

-Ցավոք սրտի, քանի որ տնտեսական, սոցիալական բնագավառում էլ առանձնապես լուրջ ձեռքբերումներ չկային, որովհետև 2008թ. սկսված և 2009թ. շարունակված միջազգային ֆինանսական ճգնաժամին գումարվեցին նաև Հայաստանի կառավարության տնտեսական գործունեության սխալները։ Հայաստանում բիզնես միջավայրը, կարելի է ասել, ուղղակի վատթարագույնն է. բիզնես միջավայրի համար այսպիսի վատ մթնոլորտ Հայաստանը երբեևիցե չի ունեցել՝ սկսած 2000թ.։ Ես չէի ասի, թե այստեղ որևէ լուրջ ձեռքբերում կա։

-Այնուամենայնիվ...

-Ինչ վերաբերում է իրական ձեռքբերմանը, ապա որպես ձեռքբերում ես կգնահատեմ այն, որ հայ-թուրքական հարաբերությունների գործընթացից մենք հասկացանք, որ այդ հարաբերությունները մեկ քայլով լուծել հնարավոր չէ։  Սկսած 90-ական թվականներից՝ Հայաստանում մեկ գաղափար, միտում կար, թե բավական է ունենալ քաղաքական կամք՝ բարելավելու հայ-թուրքական հարաբերությունները, ԼՂ-ի հարցը (նույն ընդդիմության շրջանում լայնորեն տարածված է այն գաղափարը, թե իրենք կողմ են, որ Ղարաբաղի հարցը արագ լուծվի, իսկ իշխանությունները դեմ էին դրան)։ Այս մեկ տարվա ընթացքում այդ ամբողջ իդեան, փաստորեն, փլվեց. այսինքն՝ մարդիկ ուղղակի  տեսնում են, թե ինչ բարդությունների հետ է կապված այդ խնդիրը։ Հայ-թուրքական հարաբերությունները բարելավել ցանկանալը և դրանք բարելավելը տարբեր բաներ են։ Կարծում եմ՝ ցանկացած նորմալ մարդ չի ուզենա, որ հայ-թուրքական հարաբերությունները վատ լինեն, այլ կցանկանա, որ իսկապես, քանի որ մենք հարևաններ ենք, իրար կողքի ենք ապրում և միշտ էլ պետք է ապրենք, ուրեմն պետք է կարողանանք բարելավել հարաբերությունները՝ սահմանները բացվեն, մեր հասարակություններն իրար հետ շփվեն և այլն։ Բայց այդ ամեն ինչն ինչպե՞ս անել. ասել, թե դա մեկ-երկու քաղաքական կամքի խնդի՞ր է կամ երկու քայլով կարելի՞ է լուծել, ինչպես որ ժամանակին՝ 1917թ., բոլշևիկներն էին ասում, թե բավական է՝ իշխանությունը վերցնենք և գործարանները բաժանենք բանվորներին, գյուղացիներին տանք հողը, բոլորը միանգամից կապրեն երջանիկ ապագայի մեջ, և մենք տեսանք, որ այդպիսի բան չստացվեց։ Նույն բանը կատարվեց Հայաստանում 2009թ.։ Կարծում եմ՝ մեծ ձեռքբերում էր, որ այդ քաղաքական պոպուլիզմը՝ ԼՂ-ի հարցը արագ լուծման ճանապարհով, մեկ քայլով հայ-թուրքական սահմանը բացելը, որը լայնորեն տարածված էր՝ սկսած 90-ական թվականներից, Հայաստանում վերջապես ուղղակիորեն փլվեց։ Որովհետև ցանկացած պոպուլիզմ՝ սոցիալական, տնտեսական, թե ազգային հարցերի վերաբերյալ, ուղղակի միայն աղետի կբերի, այլ ոչ թե լուրջ խնդիրների լուծման կհանգեցնի։ Կարծում եմ, որ 2009թ. այդ իմաստով մեծ ներդրում եղավ, և դրանից բոլորս կշահենք։

-Կարելի՞ է ձեռքբերում համարել նաև այն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը քաղաքական յուրաքանչյուր ուժի և գործչի դիմագիծը պատռեց, ու բոլորը տեսան, թե իրականում ով ով է և ինչի է ձգտում։

-Իհա՛րկե։ Դա էլ շատ կարևոր է, որովհետև մինչ այսօր էլ հասարակության մեծ մասը չի հասկանում՝ հայ-թուրքական հարաբերություններն ի՞նչ են իրենցից ներկայացնում, սահմանը կբացվի՞, թե՞ չի բացվի։ Այդ նույն անորոշության մեջ էին նաև մեր քաղաքական ուժերը, ովքեր, ի վերջո, ստիպված եղան արդեն որոշակի դիրքորոշումներ ունենալ, և դրանցով ուղղակի բացահայտվեցին քաղաքական ուժերի իրական ցանկություններն ու նպատակները։

-Արտաքին քաղաքականությունում և ներքին կյանքում ի՞նչ զարգացումներ կկանխատեսեք գալիք տարում։

-2010թ. մեզ համար լինելու է բավական ծանր տարի, որովհետև ես կարծում եմ, որ մեծագույն ճնշումներ են լինելու ԼՂ-ի հարցի շուրջ, որովհետև միջազգային հանրությունը չի ուզենա, որ ցյուրիխյան այդ գործընթացը շրջադարձ ապրի, և հայ-թուրքական հարաբերությունները սառեցվեն։ Նրանք ամեն ինչ անելու են, որ ԼՂ-ի հարցում առարկայական որոշակի առաջխաղացում լինի, որպեսզի Թուրքիան, այնուամենայնիվ, գնա սահմանների բացմանը։ Եվ դրա հետևանքով, ըստ էության, ճնշում է լինելու թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի վրա։ Սակայն Ադրբեջանն իր սահմանագիծը դրել է, թե ինքն ինչի՞ է պատրաստ, և բավական կոշտ դիքորոշում ունի։ Փաստացիորեն ճնշումը լինելու է Հայաստանի վրա, որովհետև Թուրքիան ԼՂ-ի հարցում քողարկված առաջխաղացում պահանջելով՝ անուղղակիորեն այդ զիջումը պահանջում է Հայաստանից, ոչ թե Ադրբեջանից։ Կարծում եմ, որ մեզ բոլորիս համար լինելու է բավական դժվար տարի, որովհետև մենք բոլորս պետք է դիմակայենք։

-Եվ ի՞նչ է սպասվում։

-Այստեղ շատ կարևոր մի հանգամանք էլ կա։ Հիմնական ճնշումը լինելու է իշխանությունների վրա, և ես կարծում եմ, որ մենք բոլորս պետք է շահագրգռված լինենք, որ իշխանությունները չգնան այդ ճնշմանը։ Կան մարդիկ, քաղաքական ուժեր, որոնք սպասում են, որ իշխանությունները վրիպեն, գնան ինչ-որ զիջման, և դրանից օգտվելով՝ իրենք ինչ-որ դիվիդենտներ շահեն։ Կարծում եմ, որ դա էլ կլինի քաղաքական հասունության և անկեղծության նպատակ. այդ ուժերն իրականում ուզում են, որ Ղարաբաղի հարցում մենք չգնա՞նք զիջումների, թե՞ հակառակը՝ ուզում են, որ իշխանությունները վրիպեն, և այդ վրիպումից իրենք օգտվեն։ Սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև սա, ի վերջո, պետական, ազգային շատ կարևորագույն խնդիր է, որը կապված է մեր անվտանգության հետ։ Կարծում եմ, որ մեզ համար ավելի կարևոր կլինի այն, որ մենք ամեն ինչ անենք, այնպիսի ճնշման միջավայր ձևավորվի, որպեսզի իշխանությունները ստիպված չլինեն գնալ այդ զիջումներին։ Իհարկե, նրանք ֆորմալ հայտարարում են, թե չեն գնա զիջումների, սակայն իրենց հանդեպ լրջագույն անվստահություն կա, որովհետև հայ հասարակությունը 2 անգամ գիշերային որոշումների ականատես եղավ՝ մեկն ապրիլի 22-ի, մյուսը՝ օգոստոսի 31-ի, որոնք բոլորի համար անսպասելի էին։ Եվ ոչ մի երաշխիք չկա, որ այդպիսի գիշերային որոշում չի լինելու ԼՂ-ի հարցում՝ ճանապարհային քարտեզի ձևով և այլն։ Դրա համար մենք պետք է այնպիսի մթնոլորտ ձևավորենք, որ իշխանություններն ուղղակիորեն վախենան այդպիսի քայլի գնալ։

-Այսինքն, եթե իշխանությունները ԼՂ-ի հարցում չգնան զիջումների, ապա Հայաստանում համապետական ընտրությունները կլինեն հերթական, այլ ո՞չ թե արտահերթ։

-Եթե իշխանությունը, այնուամենայնիվ, գնա այդպիսի զիջման, կարծում եմ, որ կառաջանա ֆորսմաժորային մի իրավիճակ։ Դա ինձ համար միանշանակ է, որովհետև ԼՂ-ի հարցում հայկական կողմը զիջման ռեսուրս չունի. դա ուղղակիորեն կապված է ԼՂ-ի և Հայաստանի անվտանգության հետ։ Կարծում եմ՝ աշխարհում չկա այնպիսի մի երկիր, որն իր ազգային անվտանգությունը զոհաբերի ինչ-ինչ խնդիրների համար։ Ընդհանրապես, բնության մեջ այդպիսի բան չի լինում։ Ես չեմ հավատում, թե, այնուամենայնիվ, մեր հասարակությունը հանդուրժի այդպիսի քայլերը։ Ինձ համար այսօրվա դրությամբ կարևոր է մեր երկրի, մեր ազգի, ԼՂ-ի և ՀՀ-ի անվտանգությունը. դա ավելի կարևոր է, քան ցանկացած իշխանություն կամ քաղաքական շարժում և այլն։

-Իսկ ի՞նչ պետք է անել, որպեսզի զիջումներ թույլ չտրվեն։ Ներքին դիմադրությո՞ւն է հարկավոր։

-Ինչ վերաբերում է ներքին դիմադրողականությանը, նախ մենք պետք է այնպիսի մթնոլորտ ձևավորենք քաղաքական դաշտում, որ իշխանություններն ուղղակի վախենան  զիջումների գնալուց։ Եվ երկրորդը, որը նույնպես կարևոր է, կապված է նաև երկրի տնտեսական քաղաքականության հետ։ Որովհետև եթե երկրի տնտեսական քաղաքականության հետևանքով երկիրը թուլանում է, թուլանում է նաև միջազգային ճնշումների հետևանքով զիջումների չգնալու դիմադրողականության աստիճանը։ Ցավոք սրտի եմ ասում, որ այսօրվա տնտեսական քաղաքականությունը չի նպաստում բիզնես միջավայրի ձևավորմանը, տնտեսական դաշտի աշխուժացմանը  և այլն։ Կարծում եմ, որ այդտեղ էլ շատ լուրջ խնդիրներ կան։

Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը