Աշխարհ

09.11.2016 12:25


Մերկելը կոչ է արել Անկարային պաշտպանել հիմնարար ազատությունները

Մերկելը կոչ է արել Անկարային պաշտպանել հիմնարար ազատությունները

Նորվեգիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ վերջին օրերին Թուրքիայից հիմնարար ազատությունների հետ կապված ահազանգեր է ստանում: «Deutsche Welle»–ի փոխանցմամբ՝ Մերկելը կոչ է արել պաշտոնական Անկարային պաշտպանել հիմնարար ազատությունները:

Ավելի վաղ Գերմանիայի՝ Եվրոպայի հարցերով պատասխանատու նախարար Միշել Ռոթը հայտարարել էր, որ Գերմանիան պատրաստ է ապաստան տրամադրել Թուրքիայից դիմողներին։ Անդրադառնալով այդ հայտարարությանը՝ Մերկելն ասել է.
«Նախ և առաջ ջանքեր ենք գործադրում Թուրքիայում այնպիսի միջավայր ստեղծելու համար, որ մարդիկ ստիպված չլինեն ապաստան ստանալու դիմում ներկայացնել և որ երկրում պահպանվեն հիմնարար ազատությունները»:

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերն էլ իր հերթին հերքել է Թուրքիայի իր գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հայտարարություններն այն մասին, թե Գերմանիան աջակցում է ահաբեկչությանը և Քրդստանի աշխատավորական կուսակցությանը։

«Կարծում եմ՝ Անկարան շատ լավ գիտի, որ իրականում հակառակն է,-ասել է Շթայնմայերը,–հետևաբար, չեմ կարողանում հասկանալ Գերմանիայի դեմ Թուրքիայի արած հայտարարությունները»,- ասել է նա:
Շթայնմայերը նաև անընդունելի է համարել Թուրքիայում զանգվածային ձերբակալությունները և քննադատել է քրդամետ կուսակցության պատգամավորների կալանավորումը:
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը