Հարցազրույց

02.11.2010 11:25


Աղասի Մանուկյան

Աղասի Մանուկյան

Հարցազրույց քաղաքական տեխնոլոգ Աղասի Մանուկյանի հետ

-Ինչպե՞ս եք գնահատում նորանկախ Հայաստանում պետական կառավարման գործընթացները։

-Բնական ընթացքով ընթացող։ Ճի՛շտ է, կարող էր շատ լավ ընթանալ, բայց, ցավոք սրտի, կրկնվեց մյուս պետությունների պատմությունը, այն, ինչ տեղի էր ունեցել այլ երկրներում։

-Որոշակի խնդիրներ, այդուհանդերձ, չե՞ք տեսնում այդ բնական ընթացքի մեջ։

-Խնդիրները բավականին շատ են, իհարկե։ Խնդիրն այն էր, որ օգատգործելով մարդկային պատմության փորձը՝ մենք այդ սխալները չպետք է թույլ տայինք, բայց մենք թույլ տվեցինք և իսկապես ընկանք ճահիճը։ Ամենակարևոր խնդիրները պետական շինարարությունն է, համակարգային խնդիրների ձևավորումը, Սահմանադրության ընդունումը, որը հանգեցրեց բանանային պետության, ոչ թե 21-րդ դարին արժանի պետության ստեղծմանը։

-Արդյոք այժմ գործող բարեփոխված Սահմանդրության փոփոխության անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։

-Մեր Սահմանադրությունը տիպիկ բանանային պետությանը կամ խմբակային կառավարման համակարգին համապատասխան է։ Ոչ միայն անհրաժեշտությունն եմ տեսնում, այլև դա պարտադիր պայման է։ Առանց դրա մնացած բոլոր ջանքերը որևէ խնդիր լուծելու համար անիմաստ են։

-Ըստ Ձեզ՝ հատկապես ո՞ր դրույթները պետք է փոխվեն Սահմանադրության մեջ։

-Եթե վերցնենք ամբողջ Սահմանադրությունը, այդ լոզունգային մասը հանենք, ապա ամբողջովին պետք է փոխվի։ Նաև, առաջին հերթին, Սահմանադրությունը ժողովրդի ընդունածը չէ, ոչ մի հանրաքվե չի եղել, ժողովուրդը չի ընդունել, բոլորն էլ կեղծված են եղել։ Եվ երկրորդ՝ ընդունման պահը և շահերը՝ ովքեր են ներկայացրել, ինչ նպատակներով, այդ ամբողջը կեղծված է եղել։ Հետևապես ժողովուրդն ինքը պատկերացում չունի համակարգի, Սահմանադրության մասին։ Բուն Սահմանադրության իմաստը, բնույթը, ամեն ինչ կեղծված է։ Եվ լրատվությամբ մինչև այսօր շարունակվում է այդ կեղծիքը տարածվել։

-Իսկ խորհրդարանական համակարգին անցնելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։

-Խորհրդարանական և նախագահական համակարգերից երկուսն էլ կարող են լինել բանանային պետություններում։ Այսինքն, քանի որ հիմնական մասը չի տիրապետում՝ Սահմանադրությունն ի՞նչ է իրենից ներկայացնում, փորձում են նախագահականի կամ պառլամենտականի անվանումների տակ փնտրել իմաստը։ Բայց իմաստն այդտեղ չէ։ Նախագահական կամ պառլամենտական՝ ոչ մի նշանակություն չունի, եթե բուն էությունը չի փոխվում։

-Հայաստանի այսօրվա իրավիճակը և այս իշխանությունների վարած քաղաքականությո՞ւնն ինչպես եք գնահատում։

-Անցյալի սովորական շարունակությունն է՝ սկսած 1990թ.։ Մի քիչ լավ, մի քիչ վատ՝ էական որևէ փոփոխություն չի ներկայացնի։ Այս խմբավորման փոխարեն մեկ ուրիշ խմբավորում իշխանության գա, նույնպես լուրջ տեղաշարժեր չի արձանագրի։ Եթե մենք չենք հասկանում երևույթի բուն պատճառը, ոչ թե պարզապես մակերեսային ենք քննարկում այդ ամենը, հետևապես մենք հանգում ենք այն եզրակացության, որ պետք է Պողոսը փոխվի, Սիմոնը փոխվի, Սերժի տեղը եսիմ ով նստի. դրանից էական ոչինչ չի փոխվի։

-Այսինքն, ի՞նչ պետք է արվի փոփոխության համար։

-Առաջին հերթին գիտելիքն է։ Ամեն ինչ սկսվում է գիտելիքից։ Եթե գիտելիք չկա, կամ արգելված է, որ ժողովրդին հասնի այն գիտելիքը, որը անհրաժեշտ է, հետևապես փոփոխության հնարավորությունն էլ է սուղ։ Իսկ եթե այդ հնարավորությունը բացվի, ապա փոփոխությունները կարող են չափից ավելի արագ լինել և առանց կոնֆլիկտների, առանց մեծ ընդհարումների։

-Առաջիկա խորհրդարանական ընտրություններում դրական փոփոխությունների ակնկալիք ունե՞ք։

-Ոչ թե խորհրդարանում, այլ ընդհանրապես թատերաբեմում նոր ուժերի ի հայտ գալը հնարավոր է, բայց դրան պետք է աջակցի լրատվությունը։ Իհարկե, ո՛չ պետականը, ո՛չ էլ ընդդիմադիրը չի աջակցի։ Կարող են աջակցել միայն անկախները, որոնց շահը ժողովրդի, երկրի համար է միայն, ոչ թե իրենց տերերի հրահանգները կատարելն է։ Բայց նույնիսկ 15 հոգի՝ լուրջ գիտելիքի տիրապետող անձինք և մեկ լրատվամիջոց եթե համատեղ գործեն, միջավայրի շատ լուրջ փոփոխության կարելի է հանգել՝ առանց մեծ ծախսերի։ Եթե, իհարկե, տիրապետում են գիտելիքին և գիտեն՝ ինչպես են անելու։ Իսկ եթե չեն տիրապետում, կարող է միլիոններ ծախսեն, բայց արդյունք չի լինի։ Եթե նման խումբը հավաքվի և սկսի գործել, արդյունքն իրեն սպասեցնել չի տա, որովհետև գիտելիքի առաջը ոչնչով չես կարող փակել։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը