Աշխարհ

07.11.2016 21:15


Ավստրալիայում զբոսաշրջիկն ընկել է կոկորդիլոսի վրա

Ավստրալիայում զբոսաշրջիկն ընկել է կոկորդիլոսի վրա

Կոկորդիլոսը մնում է վայրի կենդանի, եթե անգամ քաղցրահամ ջրերում է ապրում։ Դանիայից զբոսաշրջիկը ևս մեկ անգամ ստուգել է այս ճշմարտությունը՝ փորձելով լուսանկարվել կենդանու հետ։

Դեպքը տեղի է ունեցել գիշերը։ «Ավստրալական ողբերգության» գլխավոր հերոս, զբոսաշրջիկ Ջոնի Բոնդեն պատմել է, որ ցանկացել է մոտենալ կոկորդիլոսին 2,5մ հեռավորության վրա՝ անմոռանալի լուսանկար անելու նպատակով, սակայն սայթաքել է և ընկել անմիջապես վայրի կենդանու վրա՝ թաքնված Արևմտյան Ավստրալիայում գտնվող Կունունուրե լճի մեջ։

Վախեցած և բարկացած կոկորդիլոսն անմիջապես արձագանքել է՝ քաշքշելով զբոսաշրջիկի ձեռքը։ Դանիացին նշել է, որ պատասխանատվություն է կրում իր անփութության հետևանքների համար և կոկորդիլոսից նեղացած չէ։

«Ես պարզապես ուզում էի որքան հնարավոր էր՝ մոտենալ նրան։ Նա պառկած էր անմիջապես ափին։ Այն, ինչ պատահել է, իմ հիմարության արդյունքն էր։ Ես նրան լավ հրեցի։ Եթե ինձ էլ գիշերը մեկը հրեր, ես էլ կբարկանայի»,– ասել է Բոնդեն։

Բոնդեին կտրված վերքերով տեղափոխել են հիվանդանոց։ Դեպքից հետո նա այլևս չի փորձի գրկախառնվել կոկորդիլոսների հետ, սակայն շարունակելու է իր ճամփորդությունը Ավստրալիայով, որն արդեն տարուց ավելի է տևում։ Այս մասին փոխանցում է տեղի «Perth Now» պարբերականը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը