Լրահոս

23.02.2010 12:10


Նեոլիբերալիզմի վախճանին չեն հավատում միայն ՀՀ իշխանությունները

Երկրի գործադիր իշխանությունը, արտաքին քաղաքական ասպարեզում նախաձեռնելով հեռահար նպատակներ հետապնդող քայլեր, հասել է որոշակի արդյունքի, ինչն արժանի է առանձին գնահատականի:

Այսօր կենսականն ու գլխավորը ներքին քաղաքականության  հիմնահարցերն են, որոնք մեծագույն ազդեցություն ունեն մեր ժողովրդի իրական վիճակի վրա: Անհնար է արտաքին քաղաքականության ասպարեզում հաջողություն ակնկալել, եթե երկրում  չի հաստատվում սոցիալական արդարություն, իրական պայքար չի մղվում ստվերային տնտեսության և կոռուպցիայի դեմ, խոսքով, այլ ոչ թե գործով է փորձ արվում ազատվել օլիգոպոլիայից:

Վերլուծելով երկրի սոցիալ-տնտեսական  ներկա վիճակը՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը այն համոզմանն է, որ գործող իշխանությունները, արդեն իսկ երկու տարվա ընթացքում երկրում գոյավորված նեգատիվ երևույթները հաղթահարելու ուղղությամբ որևէ էական քայլ չեն ձեռնարկել: Ավելին, տնտեսական անկման աննախադեպ չափը (14,4%) արդարացվում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությամբ, որն ընդամենը մասնակի օբյեկտիվ պատճառ է: Այնինչ իրական պատճառը, ինչպես ժողովուրդը կասեր, «թաղված» է այլ տեղ՝ ըստ էության իրեն սպառած նեոլիբերալ համակարգից համառորեն չհրաժարվելու մեջ:

Հայտնի է, որ Հայաստանի տնտեսությունը քայքայվեց, քանի որ հանցավոր սեփականաշնորհման արդյունքում երկրում ձևավորվեց մենաշնորհային օլիգարխիկ համակարգ՝ մեծապես խարսխված ստվերայնության վրա: Մասնագիտական վերլուծությունը վկայում է, որ «ստվերի» տոկոսը պաշտոնական տվյալներով կազմում է 40%, փաստացի՝ մոտ 70%:

Ունենալով բյուջեն համալրելու նման ահռելի ներքին ռեսուրս, ՀՀ կառավարությունը հույս է դրել միայն արտաքին վարկերի, մասնավոր տրանսֆերների և փոքր ու միջին բիզնեսը հարկման ծանր բեռի տակ դնելու վրա: Այնինչ միայն «ստվերը» գոնե 30%-ով կրճատելով՝ կարելի է հրաժարվել արտաքին վարկերի առնվազն 1/3-ից, որի բեռն արդեն իսկ հասել է ՀՆԱ-ի 46%-ին: Եվ գոնե այդ պարտքը ծառայեր բնակչության բարեկեցության բարձրացմանը: Իրականում հարուստները դառնում են գերհարուստ, աղքատները՝ ընչազուրկ: Երկիրը սնանկ հայտարարելուց մեկ քայլ է բաժանում: Այսինքն բավական է արձանագրվի տնտեսության ևս 5%-ի անկում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը կորցնի իր ինքնուրույնությունը, դառնա անվստահելի գործընկեր:

Այս պայմաններում, չնայած սպառման ծավալների էական կրճատմանը, երկրում  սկսվել է գների անզուսպ համընդհանուր աճ, ինչը խորացնում է հուսահատությունը, ավելացնում աղքատությունը և մարդկանց մղում հայրենալքության: Բավական չէր 2009թ. վերջին եռամսյակում սկիզբ առած առաջին անհրաժեշտության ապրանքների, հատկապես՝ սննդամթերքի գների բարձրացումը, այս տարվա ապրիլի 1-ից սպասվող գազի ու ջրի գների զգալի թանկացումը հարուցելու է բոլոր ապրանքատեսակների ու ծառայությունների գների նոր թանկացում: Եվ դա այն պարագայում, երբ կառավարությունը հրաժարվել է թոշակների, նպաստների ու աշխատավարձերի բարձրացումից՝ դրանով է՛լ ավելի խորացնելով աղքատության վիհը:

Կարելի էր շարունակել օրինակների թվարկումը: Սակայն ասվածն էլ բավական է՝ պնդելու, որ իշխանությունների վարած ներքին քաղաքականությունը տագնապահարույց է, հղի սոցիալական ցնցումներով:

Այս տեսապատկերի վրա առանձնանում է երկրի նախկին ու ներկա բարձրադիր ղեկավարության առասպելական ունեցվածքի մասին ռուսական պորտալներից քաղած տեղեկատվությունը, որն այսօր դարձել է հասարակական լայն շրջանակներում ամենահրատապ քննարկվող թեման: Այս իրավիճակում մենք գտնում ենք, որ հրապարակված փաստերին չարձագանքելը բերում է իշխանություններից զանգվածային օտարման: Ոչ ոքի չես կարող համոզել այն բանում, որ երկրի բարձրադիր պաշտոնյան իր աշխատավարձով կարող է տիրանալ ահռելի հարստության:

Մենք պահանջում ենք, որ մեր երկրի, ժողովրդի վարկն արտացոլող և արժանապատվությունը վիրավորող այս հրապարակումներին տրվեն համարժեք բացատրություններ, պարզաբանումներ:

Իհարկե, դա մեղքերի թողություն չի կարող լինել, քանի որ երկրի առողջացման, տնտեսության, բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավումը պահանջում են համակարգային, արմատական փոփոխություններ:

Հայաստանի Հանրապետությունում դրական որևէ տեղաշարժ հնարավոր չէ, քանի դեռ չի փոխվել իշխանության գաղափարախոսությունը:

ՀԴԿ-ն վերստին դիմելով ժողովրդին՝ հայտարարում է՝ նշված համակարգային փոփոխությունները հնարավոր է իրականացնել միմիայն նեոլիբերալիզմի գաղափարախոսությունից հրաժարվելու և դեմոկրատական սոցիալիզմի հիմնարար սկզբունքները իրագործելու դեպքում: ՀԴԿ-ն պատրաստակամ է սոցիալիստամետ բոլոր ուժերի հետ միասին վերսկսել պայքարը հանուն երկրում արդարության հաստատման՝ սոցիալական բևեռացումը վերացնելու և ժամանակի թելադրանքով համակարգային փոփոխություններ իրականացնելու համար:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության

Հանրապետական խորհուրդ

Այս խորագրի վերջին նյութերը