Տնտեսական

03.11.2016 11:10


Նաիրիտցիները փակել էին գործարան տանող ճանապարհը (լրացված)

Նաիրիտցիները փակել էին գործարան տանող ճանապարհը (լրացված)

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել գործարանի մոտ։ «7օրի» թղթակցի փոխանցմամբ՝ նրանք փակել են գործարան տանող Բագրատունյաց փողոցը՝ պահանջելով գործարանի վերագործարկում և աշխատավարձերի չվճարման հետևանքով գոյացած տույժ–տուգանքների վճարում։

Բողոքի ակցիայի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության և Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները։

***

Որոշ ժամանակ անց նաիրիտցիները բացել են ճանապարհը՝ պայմանով, որ իրենց հետ հանդիպելու գա Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պաշտոնյաներից մեկը և լսի իրենց պահանջը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ԱԺ-ում Կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո վարչապետ Կարեն Կարապետյանն ասել էր, որ «Նաիրիտի» վերագործարկման վերաբերյալ որևէ հստակ առաջարկություն չի եղել:

***

Գործարանի մոտից նաիրիտցիները երթով շարժվել են դեպի Կառավարություն և հանդիպում են պահանջում վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ներդրումների համար պատասխանատու խորհրդականների հետ:

Աշխատակիցները լրագրողներին հայտնել են, որ երեկ հանդիպել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանի հետ, որը հավանության է արժանացել «Նաիրիտի» վերագործարկման ծրագիրը՝ խոստանալով հաշվարկել ծրագրի իրականացման համար պահանջվող միջոցները:
Բացի այդ, Եգանյանը խոստացել է ծրագիրը ներկայացնել վարչապետ Կարեն Կարապետյանին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը