Լրահոս

23.12.2009 11:55


Մեղադրող կողմը պահանջեց Նիկոլ Փաշինյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման

Մեղադրող կողմը պահանջեց Նիկոլ Փաշինյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման

Երևանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դեկտեմբերի 22-ին մեղադրող կողմը պահանջեց 8 տարվա ազատազրկման դատապարտել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Երևանի թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանին։

«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիրը մեղադրվում է 2007-2008 թվականներին «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» և «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» մեջ։
Եթե այս դատավճիռը հաստատվի, Նիկոլ Փաշինյանը կզրկվի, ԱԺ ընդունած որոշմամբ, համաներմուվ պատժից ազատվելու հնարավորությունից։ Իսկ հունվարի 10-ին նշանակված պատգամավորական ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում, Ն. Փաշինյանը կզրկվի մանդատից։

«7օր»-ի հետ զրույցում, գնահատելով «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ արդարացման վճիռ կայացնելու և նրան ազատ արձակելու շանսերը,  Ն. Փաշինյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը ասել էր, որ «Հաշվի առնելով մարտիմեկյան գործերով արդեն իսկ կայացած բազմաթիվ դատավճիռները՝ միանշանակ չէ մեր համոզմունքը, որ Հայաստանի արդարադատությունն այս անգամ օրենքով կշարժվի»։ Ն. Փաշինյանի մեկ այլ փաստաբան Լուսինե Սահակյանն էլ դժվարացել էր պատասխանել, թե որքանով է հնարավոր, որ մինչև տարեվերջ դատարանը կարդա իր վճիռը։

Այս խորագրի վերջին նյութերը