Աշխարհ

01.11.2016 14:50


Հայտնի է, թե ինչ են խոսել հայ ուղևորի պատճառով օդանավակայան վերադարձած «Բոինգի» օդաչուն ու կարգավարը

Հայտնի է, թե ինչ են խոսել հայ ուղևորի պատճառով օդանավակայան վերադարձած «Բոինգի» օդաչուն ու կարգավարը

«Беларусь сегодня»–ն հրապարակել է հայ ուղևորի պատճառով օդանավակայան վերադարձած «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռի օդաչուի և ուկրաինացի ավիակարգավարի խոսակցությունը։ Այս մասին հայտնում է «lenta.ru»-ն:

Երբ հոկտեմբերի 21-ին ինքնաթիռը դուրս է եկել Կիևի Ժուլյանի օդանավակայանից, ավիակարգավարը հայտնել է օդանավի հրամանատարին, որ ինքնաթիռը պետք է հետ վերադառնա՝ սպառնալով չկատարման դեպքում ռազմական ավիացիա բարձրացնել։

Օդաչուն հետաքրքրվել է, թե ինչ է տեղի ունեցել, սակայն կարգավարը պատասխանել է. «Չեմ կարող հաղորդել: Ժամանման ժամանակ ամեն ինչ կիմանաք»:

Այնուհետև վերծանված տեքստում բերվում են օդանավում անձնակազմի անդամների խոսակցությունները և օդաչուների ենթադրությունները։

««Բելավիա-840», խոսում է թռիչքների ղեկավարը: «Ժուլյանի» օդանավակայան ձեր վերադարձի մասին տեղեկությունը ստացվել է ռազմական ղեկավարությունից: Ձեզ ավելի մանրամասն տեղեկություն կհաղորդվի վայրէջքից հետո»,–հավելել է կարգավարը։

Օդանավում 136 ուղևոր և անձնակազմի 6 անդամ է եղել։

Վայրէջքից հետո իրավապահներն օդանավից դուրս են բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացու։ Վերալիցքավորումից հետո օդանավը մեկնել է Մինսկ և բարեհաջող վայրէջք կատարել։

«by24.org»–ի փոխանցմամբ՝ ՀՀ քաղաքացու ազգանունը Մարտիրոսյան է։ Ուկրաինայի հատուկ ծառայությունները նրան հետախուզման մեջ գտնվող հանցագործի հետ են նույնացրել։ Ավելի ուշ անվտանգության ծառայության աշխատակիցները նրանից ներողություն են խնդրել և թույլ տվել մեկնել Մինսկ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը