Լրահոս

22.12.2009 16:45


Սերժ Սարգսյանը հանդիպել է գործարարների հետ

Սերժ Սարգսյանը հանդիպել է գործարարների հետ

Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ Նախագահի նստավայրում ընդունելության էր հրավիրել Հայաստանի գործարար համայնքի հարյուրից ավելի ներկայացուցիչների:

Շնորհավորելով հրավիրյալների գալիք Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը' Հանրապետության Նախագահն ասել է. «Անցնող տարին մեր տնտեսու­թյան համար բարդ եւ խնդիրներով լի ժամա­նա­կահատված էր: Ձեզնից յուրաքանչյուրը ստիպված է եղել ոչ միայն պայքարել անբա­րենպաստ տնտե­սա­կան միջավայրի բերած խնդիրների դեմ, այլև լուծումներ փնտրելիս անընդ­հատ հաշվի առնել մարդկային գործոնը' գիտակցելով աշ­խա­­տակիցների եւ նրանց ընտանիքների հան­դեպ սոցիալական պատասխանատ­վու­թյունը: Գիտեմ, որ որոշումները, որոնք դուք կայացրել եք, միշտ չէ, որ բխել են գործարարության, բիզնեսի դասական կանոններից: Հաճախ է եղել, որ որոշումները կայացվել են ոչ թե հօգուտ բիզնեսի արագ զարգացման, այլ հօգուտ մարդկանց, ձեր աշխատա­կիցների' հնարավորինս առաջնորդվելով աշխատատե­ղեր չկրճատելու տրամա­բանու­թյամբ: Այս բոլորը ես շատ լավ պատկերացնում եմ: Արդյունքում,  համատեղ ուժերով, կառավարության հետ համագործակ­ցելով, մենք կարողացանք խուսափել ամենավատթարագույնից' սոցիալական ցնցումներից, սոցիալապես առավել անապահով խավի վրա բացասական մեծ ազդեցությունից:

Այսօր, երբ մտովի հետ ենք նայում 2009 թվականի տնտեսական զարգացումներին, կատարված քայլերին և ձեզնից շատերի վարքագծին, կա­րելի է արձանագրել, որ Հայաս­տանում կայա­նում է գործարարների այն խավը, որի նպատակադրումը ոչ թե այսրոպեական շա­հույթներ կորզելն է, այլ երկարաժամկետ ու ծանրակշիռ գործարար ձե­ռա­գիր կերտելը: Հենց գործարարների նման խավն է ցանկացած երկրի ու նրա հոգսերի կարեւորագույն հենա­րանը:

Ոմանց կարող էր թվալ, թե փոքր տնտեսու­թյան համար նման մարտահրա­վերները կարող էին գործարար եռանդի նվազեցման բերել: Բայց ոչ: Մեզանում, փառք Աստծո,  եռանդի ու ակտիվության պակասի նշաններ չկան: Մենք պատրաստ ենք նոր լուծումների: Այո՛, տնտեսական ցուցանիշ­ների անկում արձանագրել ենք, մեծ անկում,  որի չափերը, չեմ կարծում, թե դեկտեմբեր ամսին կտրուկ կնվազեն, բայց նոր ուղիների որոնում­ների կամ նախագծերի մշակ­ման նվազում չենք արձանագրել: Արդյունքում ֆինանսատնտե­սա­կան ճգնա­ժամի բերած աննախադեպ ան­կումը դանդաղ, բայց հաստատապես նահան­ջում է: Վերջին ամիսների մակրոտնտեսական զարգացումները և տնտե­սության կայունաց­ման միտումները մեզ հիմք են տալիս ավե­լի վստահ կանխատեսել 2010 թվականի երկրի տնտեսության զարգաց­ման հեռա­նկար­­ները:

Հայ գործարարը միշտ էլ առանձ­նացել է ճկունությամբ ու հնարամիտ լու­ծում­­ներ գտնե­լու կարողություն­ներով: Տնտեսական ճգնա­ժամը հայ գործարարի հնարամտության ստու­գումն է:

Մեկ տարի առաջ մենք պնդում էինք, որ արտ­երկրի առանձին շուկաներ կորց­նող տե­ղա­կան արտադրողը պիտի ժամ առաջ փորձի իր ռեսուրսներն ուղղել նոր գաղափարների իրականաց­մանը: Ես տեղյակ եմ նման տասնյակ նախաձեռնությունների, որոնցով դուք արդեն իսկ հանդես եք եկել:

Նշում էինք, որ արտ­երկրի շուկաներում աշխա­տելու հարուստ փորձ ունեցող ներկրողը պիտի իրեն փորձի արտադ­րողի ու արտահա­նողի դերում: Այստեղ մենք մեկ տարվա ըն­թաց­քում արդեն կոնկրետ արդյունքներ ունենք:

Մեկ տարի առաջ խոսում էինք նաև այն մասին, որ ամրության փորձությունն անցած բանկային համակարգը պիտի կարողանա ակտիվության շարժիչ դառնալ փոքր ու միջին բիզնեսի համար: Այսօր մենք կարող ենք զարգա­ցում­ներ արձանագրել նաեւ այս հար­ցում' միաժամանակ ասելով, որ նոր սպասելիքներ ունենք:

Ընդհանուր վտանգի պահին մենք շատ հա­ճախ ենք կարո­ղացել միասնական ու փոխ­լրաց­նող լինել: Տնտեսա­կան միասնա­կա­նու­թյան, կառավարության հետ առավել փոխ­լրաց­­մամբ աշխատելու կարեւորա­գույն սկզբունքը պետք է շարունակվի նաեւ 2010 թվականին:

Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ գալիք տարին լինելու է համառ աշխա­­տան­քի տարի։ Այն պետք է լինի իսկապես արագ վերականգն­ման տարի։ Ես կարծում եմ,  ե՛ւ կառավարությունը, ե՛ւ նախագահի աշխատակազմը կձեռնարկեն բոլոր միջոցները, որպեսզի 2010թվականը դառնա, իրոք, վերականգնման տարի:

Գալիք՝ 2010 թվականին ձեզ հաջողություն եմ մաղթում ձեր գործու­նեության մեջ։ Ձեզնից յուրա­քանչյուրի հաջողությունն մեր հաջողությունն է, բոլորիս հաջողությունն է, մեր տնտեսության հաջողությունն է։

Կրկին շնորհավորելով ձեզ՝ մաղ­թում եմ տոնական բարձր տրամադ­րություն, ձեր ըն­տա­նիքներին՝ ջերմություն, խաղաղություն, հանդարտություն:

Շնորհավոր բոլորիս Նոր տարին և ցանկանանք, որպեսզի, 2010 թվականը, իրոք, մեր երկրի համար լինի տնտեսության վերականգման, պաշտպանունակության ամրապնդման, սոցիալական եւ ներքաղաքական խնդիրների բարեհաջող լուծման տարի»:

Այս խորագրի վերջին նյութերը