Աշխարհ

27.10.2016 13:15


Պոլսի հայոց պատրիարքը պաշտոնաթող է արվել

Պոլսի հայոց պատրիարքը պաշտոնաթող է արվել

Պոլսի հայոց պատրիարքարանի հոգևոր խորհուրդը, ելնելով եկեղեցական ավանդույթներից բխող դրույթներից, որոշում է կայացրել պաշտոնաթող անել ներկայիս պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանին:

«ermenihaber.am»–ի փոխանցմամբ՝ նա 2008 թվականից ի վեր՝ պատրիարք Մութաֆյանն անբուժելի հիվանդության պատճառով գտնվում է հիվանդանոցում: Իսկ պատրիարքությունը ղեկավարում է պատրիարքական փոխանորդ ընտրված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Ըստ եկեղեցական օրենքների՝ պատրիարքի 8 տարի փաստացի չպաշտոնավարման դեպքում խորհուրդն իրավունք ունի նոր պատրիարքի ընտրություն անցկացնել:

Ըստ «Ակօս» պարբերականի՝ նախօրեին Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ղեկավարությամբ տեղի ունեցած ժողովում քննարկվել է Մութաֆյանի առողջական վիճակը: Հիմնվելով բժշկական զեկույցների վրա՝ արձանագրվել է, որ պատրիարքի առողջական վիճակի բարելավման հավանականություն չկա, ուստի որոշում է կայացվել նրան պաշտոնաթող անել:

Հոգևոր խորհրդի կողմից արված հայտարարության մեջ նշվում է, որ քանի որ այսուհետ պատրիարքի աթոռը թափուր է մնում, որպես հաջորդ քայլ՝ իրենք կդիմեն պատկան մարմիններին՝ նոր պատրիարքի ընտրություն անցկացնելու թույլտվություն ստանալու նպատակով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը