Լրահոս

11.02.2011 12:13


Կայացավ Հայաստանի եւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

Կայացավ Հայաստանի  եւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

Փետրվարի 11-ին կայացավ  արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ   պաշտոնական այցով Երեւան ժամանած Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Կոնստանտին Գրիշչենկոյի հանդիպումը:

Ողջունելով իր ուկրաինացի գործընկերոջը՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ  անցյալ տարի հայ-ուկրաինական հարաբերություններում արձանագրված դրական դինամիկան լավ հիմքեր է ստեղծում երկու բարեկամ ժողովուրդների եւ երկրների միջեւ համագործակցության հետագա խորացման համար:

Կոնստանտին Գրիշչենկոն, շնորհակալություն հայտնելով Երեւան այցելելու հրավերի եւ ջերմ ընդունելության համար, համոզմունք հայտնեց, որ իր այցելությունը Հայաստան նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջեւ փոխգործակցության համակողմանի զարգացմանը:

 Կողմերը գոհունակությամբ ընդգծեցին, որ հայ-ուկրաինական փոխհարաբերությունների առավել ամրապնդման եւ նոր մակարդակի բարձրացման համար առկա են փոխադարձ վճռականություն եւ բոլոր հնարավորությունները:

 Հայաստանի եւ Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան ՀՀ Նախագահի՝ Ուկրաինա կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին:

 Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցության հարցեր: Զրուցակիցները նշեցին, որ Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ գոյություն ունի ընդարձակ իրավապայմանագրային դաշտ, որը հարկավոր է ընդլայնել նոր փաստաթղթերով:

 Նախարարները մանրամասնորեն քննարկեցին հայ-ուկրաինական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին առնչվող հարցեր՝ կարեւորելով այդ կառույցի պարբերական նիստերի անցկացումն ու արդյունավետության բարձրացումը:

 Հայաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարները անդրադարձան նաեւ այս տարի Ուկրաինայի Գերագույն Ռադայի ղեկավարի եւ վարչապետի' Հայաստան կատարելիք այցելություններին:

 Էդվարդ Նալբանդյյան ու Կոնստանտին Գրիշչենկոն պայմանավորվեցին միջխորհրդարանական  համագործակցության ակտիվացման, ապակենտրոնացված փոխգործակցության խրախուսման, հումանիտար բնագավառի փոխանակումների, արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման շուրջ: Այս ենթատեքստում կարեւորվեց այս տարի Ուկրաինայում Հայաստանի մշակութային օրերի անցակցումը: 

 Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային խնդիրներին:

Ուկրաինայի ԱԳ նախարարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: 2013 թ. ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության համատեքստում ընգծվեց ղարաբաղյան հիմնախնդրի կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շարունակաբար հնչեցվող դիրքորոշմանը համահունչ փոխգործակցությունը:

 Հանդիպումից հետո նախարարները ստորագրեցին  2011-2012 թթ. հայ- ուկրաինական համագործակցության ծրագիրը, ինչպես նաեւ ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի եւ Ուկրաինայի ԱԳՆ-ին կից Դիվանագիտական ակադեմիայի միջեւ համագործակցության հուշագիրը:

Այս խորագրի վերջին նյութերը