Տնտեսական

24.10.2016 14:32


Պյոտր Սվիտալսկի. «ՀՀ տնտեսության զարգացման հիմնական գործիքներից մեկը ՓՄՁ–ների զարգացումն է»

Պյոտր Սվիտալսկի. «ՀՀ տնտեսության զարգացման հիմնական գործիքներից մեկը ՓՄՁ–ների զարգացումն է»

Հոկտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ներկայացնելով այսօր մեկնարկած «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» խորագիրը կրող միջոցառումների շարքը, ասել է, որ ԵՄ–ն գործունեության առանցք է դիտարկում արևելյան գործընկերության երկրներում տնտեսական աճին օժանդակելը։

Սվիտալսկիի խոսքով՝ Հայաստանի նոր Կառավարությունը նույնպես իր ծրագրի առանցքում ունի այս հարցը, և իրենք պատրաստ են օժանդակել Հայաստանի Կառավարությանը բարեփոխումների հարցում։

ՀՀ տնտեսության զարգացման հիմնական գործիքներից մեկը ՓՄՁ–ների զարգացումն է։ Այս ոլորտում չիրացված շատ մեծ ներուժ կա։ Հայաստանում զբաղվածության ընդամենը 30%-ն է բաժին ընկնում ՓՄՁ–ներին, մինչդեռ Եվրոպայում այն կազմում է 60-70 %,–ասել է ԵՄ դեսպանը՝ հույս հայտնելով, որ ՓՄՁ-ների վրա շեշտադրումը ՀՀ-ում նոր տնտեսական աճ կարող է ապահովել։

Հայաստանի զարգացման հարցում Պյոտր Սվիտալսկին կարևորել է նաև օտարերկրյա ներդրումները։

–Հավատացած ենք, որ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաև իրականացվող բարեփոխումները կօգնեն, որ լրացուցիչ օտարերկրյա ներդրումներ ներգրավվեն, այդ թվում՝ ԵՄ-ից,–ասել է նա։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը ընդգծել է, որ որքան հաջողված լինի Հայաստանի տնտեսությունը, այնքան լավ կլինի Եվրամիության համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը