Աշխարհ

22.10.2016 12:08


Ուորլիք. «Ալիևը պատրաստ է հանդիպել Սարգսյանի հետ»

Ուորլիք. «Ալիևը պատրաստ է հանդիպել Սարգսյանի հետ»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: РИА «Новости»-ն տեղեկացնում է, որ այս մասին Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

«Անձամբ եմ խոսել Ադրբեջանի նախագահի հետ: Նա ասել է, որ պատրաստ է հանդիպել առաջարկությունների քննարկման համար։ Նման հանդիպումներ կազմակերպելը հեշտ չէ, սակայն դրանք կարևոր են»,-նշել է Ուորլիքը՝ հավելելով, որ մոտ ժամանակներս կիրականացվի Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպման քննարկում:

Ուորլիքը նշել է՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը կշարունակի աշխատել ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ:

«Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ լավ հնարավորություն է ստեղծել ԼՂ հակամարտության կարգավորման համար: Մենք կշարունակենք բանակցություններն այդ ուղղությամբ Բաքվում և Երևանում»,-ասել է Ուորլիքը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ–ը, Ռուսաստանը, Ֆրանսիան աշխատում են միասին խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար:

«Վերջերս մենք բոլորս Մոսկվայում քննարկել ենք այդ հարցը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Մենք կողմնակից ենք հարցը համընդհանուր ուժերով լուծելուն»,- հավելել է ամերիկացի համանախագահը:

«Խաղաղության ժամանակն է եկել։ Եթե ոչ այսօր, ապա ե՞րբ։ Դուք և ձեր երեխաներն արժանի եք հակամարտության խաղաղ կարգավորման։ Ես գիտեմ, որ այդ օրը կգա։ Մենք ցանկանում ենք դրան հասնել բանակցությունների ճանապարհով»,-ասել է նա։

Ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ էլ՝ Ուորլիքն ասել է, թե առանց Ադրբեջանին «գրավյալ» տարածքների վերադարձի կամ առանց Լեռնային Ղարաբաղի կարգաիճակի շուրջ բանակցությունների ոչ մի համաձայնագիր չի լինի։

«Բանակցությունների տարրերը ներառում են փախստականների ու հարկադիր տեղահանվածների վերադարձ իրենց հողեր, տարածքում խաղաղապահների տեղակայում։ Այդ ամենը քննարկումների առարկա է լինելու։ Ապագա կարգավիճակի որոշման հարցը հենց նախագահ Իլհամ Ալիեւն է առաջ քաշել, ու մենք ողջունում ենք դա։ Համանախագահները արդեն նշել են, որ ներկա ստատուս-քվոն երկար չի տևի»,-նշել է Ուորլիքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը