Լրահոս

10.01.2011 16:55


ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Բրազիլիա և Արգենտինա

Հունվարի սկզբին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցելությամբ գտնվում էր Լատինական Ամերիկայում:

Հայաստանի ԱԳ նախարարը հունվարի 1-ին Բրազիլիայում մասնակցեց երկրի նորընտիր նախագահ Դիլմա Ռուսեֆի երդմնակալության արարողությանը եւ փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորականը ուղերձը:

Հունվարի 2-ին Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Բրազիլիայի նորանշանակ ԱԳ նախարար Անտոնիո դե Ագիար Պատրիոտայի հետ:

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ Բրազիլիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ իր երկրի կողմից Հայաստանին տրվող կարեւորության եւ նրա հետ համագործակցության զարգացման մտադրության մասին է վկայում այն փաստը, որ Կովկասում առաջին դեսպանությունը Բրազիլիան հիմնել է Երեւանում եւ գոհունակություն հայտնեց, որ 2010 թվականին Հայաստանը եւս դեսպանություն հիմնեց Բրազիլիայում:

Նախարար Նալբանդյանը շնորհավորելով ԱԳ նոր նախարարին' նշանակման կապակցությամբ' համոզմունք հայտնեց, որ համատեղ ջանքերով Հայաստանի հարաբերությունները բարեկամական Բրազիլիայի հետ ավելի ամրապնդվեն եւ կխորանան:

Էդվարդ Նալբանդյանն ու Անտոնիո դե Ագիար Պատրիոտան հանգամանալից զրույց ունեցան երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների շուրջ: Նախարարները քննարկեցին բարձրաստիճան այցելությունների կազմակերպման, քաղաքական խորհրդակցությունների անցկացման, տնտեսական կապերի խորացման, իրավապայմանագրային դաշտի ստեղծման, մշակութային փոխանակումների ակտիվացման առնչվող հարցերի լայն շրջանակ:

Հայաստանի եւ Բրազիլիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցինք միջազգային հարաբերությունների օրակարգային խնդիրների շուրջ:

Էդվարդ Նալբանդյանը այցելեց նաեւ Բրազիլիայի կառավարության կողմից ՀՀ դեսպանության կառուցման համար տրամադրված տարածք, ուր մոտ ապագայում սկսվելու է դեսպանության շենքի կառուցումը: 

Հաջորդ օրը Էդվարդ Նալբանդյանը այցելեց Սան-Պաուլո, ուր ազգային առաջնորդարանում հանդիպեց բրազիլահայ համայնքային կազմակերպությունների ղեկավարների եւ  ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ Հայաստանի արտգործնախարարը Տիրուհի Հիլդա Բուրմայանին հանձնեց Սան-Պաուլոյում ՀՀ գլխավոր պատվո հյուպատոսի վավերագիրը /պատենտը/:

Հանդիպմանը Հայաստանի արտգործնախարարը պատասխանեց նաեւ ներկաների բազմաթիվ հարցերի:

Սան-Պաուլոյում Էդվարդ Նալբանդյանը ծաղկեպսակ դրեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: 

 Հունվարի 4-ին Հայաստանի արտգործնախարարը աշխատանքային այցելությամբ ժամանեց Արգենտինա:

Բունեոս-Այրեսում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր արգենտինյան գործընկեր Հեկտոր Մարկոս Տիմերմանի հետ: Հանդիպումը սկսվեց առանձնազրույցի, ապա շարունակվեց աշխատանքային ճաշի տեսքով:

Հայաստանի արտգործնախարարը վերահաստատեց Երեւան այցելելու ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը՝ ուղղված Արգենտինայի Նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչներին:

 Հայաստանի եւ Արգենտինայի արտգործնախարարների հանդիպմանը մանրամասն անդրադարձ կատարվեց երկկողմ փոխգործակցության տարբեր ոլորտներին' քաղաքական երկխոսության ակտիվացմանը, իրավա-պայմանագրային դաշտի ընդլայնմանը, տնտեսական կապերի զարգացմանը եւ մշակութային փոխանակումների կազմակերպմանը:

Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց նախորդ տարի Երեւանում Արգենտինայի դեսպանության բացման կապակցությամբ:  

Երկուստեք ընդգծվեց արգենտինահայ համայնքի զգալի ներդրումը երկկողմ համագործակցության խորացման գործում: 

Նախարարները հանգամանալից զրույց ունեցան միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Բուենոս-Այրեսի քաղաքապետ Մաուրիսիո Մակրիի հետ: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Երեւանի եւ Բուենոս-Այրեսի միջեւ փոխգործակցության զարգացմանը:   

Այս խորագրի վերջին նյութերը