Լրահոս

10.02.2011 18:46


ՏՄՊՊՀ նախագահ. «Օրենսդրական փաթեթի ընդունման դեպքում մրցակցային միջավայրը էականորեն կբարելավվի»

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ԱԺ նիստի ժամանակ ներկայացրեց ՏՄՊՊՀ 2011թ-ի աշխատանքային ծրագիրը՝ որը բաղկացած էր երկու մասից մրցակցային իրավիճակի վերլուծությունից և կատարվելիք միջոցառումներից։

Ինչ վերաբերում է մրցակցային իրավիճակի վերլուծությանը, ապա, նրա խոսքերով, ուսումնասիրություններ են իրականացվել 41 ապրանքային շուկաներում, որտեղ պարենային ապրանքային շուկաներում կենտրոնացվածության բարձր և միջին մակարդակ է արձանագրվել, ոչ պարենային շուկաներում այն ավելի ցածր է, իսկ դեղորայքի շրջանառության ոլորտում կան կենտրոնացվածության և՛ բարձր, և՛ ցածր աստիճաններ։

Ըստ ծրագրի՝ 2011թ-ին նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ, որոնք ուղղված են լինելու պատժամիջոցների խստացմանը, հանձնաժողովի իրավասությունների ընդլայմանը, ապացուցողական բազայի ուժեղացմանը, օրենսդրության մեջ առկա թերությունների վերացմանը, տեղեկատվության աղբյուրների ընդլայմանը։ Հետագա քայլերից են նաև հանձնաժողովի ներսում միասնական տեղեկատվական բազայի ստեղծումը, միջազգային համագործակցության ակտիվացում։

ՏՄՊՊՀ նախագահի համոզմամբ՝ այս տարին հանձնաժողովի համար բեկումնային է լինելու, քանի որ այն նախորդ տարի շահել է Եվրամիության եռամյա ծրագիրը, որով նախատեսվում է Եվրամիության երկրների աջակցությունը հանձնաժողովին։

-Մեր ներկայացրած օրենսդրական փաթեթի ընդունման դեպքում մրցակցային միջավայրը էականորեն կբարելավվի, - ավելացրել է Արտակ Շաբոյանը։

Այս խորագրի վերջին նյութերը