Աշխարհ

07.10.2016 15:20


Իրաքի վարչապետը վերստին պահանջել է, որ Թուրքիան հանի իր զորքն Իրաքից

Իրաքի վարչապետը վերստին պահանջել է, որ Թուրքիան հանի իր զորքն Իրաքից

Իրաքի վարչապետ Հեյդար Աբադին կրկին հայտարարություն է արել Մոսուլ քաղաքից 40կմ հեռավորության վրա գտնվող Բաշիքա շրջանում տեղակայված թուրք զինվորների կապակցությամբ:

Այս մասին գրում է «ermenihaber.am»–ը՝ «Turkiyegazetesi»–ին հղումով։

«Մենք Թուրքիային չենք խնդրել, որ զինվորներ ուղարկի Իրաք: Թող թուրք զինվորները չկարծեն, թե իրենք այնտեղ խրախճանքի մեջ են: Նրանց ներկայությունը անհրաժեշտ չէ և վտանգ է պարունակում»,–ասել է Աբադին։

Իրաքի վարչապետը պահանջել է Թուրքիայից, որպեսզի վերջինս հարգանք ցուցաբերի Իրաքի ինքնիշխանության նկատմամբ և դուրս բերի իր զորախումբը այլ երկրի տարածքից: Միևնույն ժամանակ, Իբադին շեշտել է, որ իրենք չեն ցանկանում Թուրքիայի հետ որևէ բախման մեջ մտնել:

Աղբյուրը հիշեցնում է՝ 2015թ. դեկտեմբերի 10-ին թուրքական զինուժն, առանց Իրաքի կենտրոնական իշխանությունների թույլտվության, ներխուժել էր իրաքյան Քուրդիստանի Բաշիքա շրջան և հաստատվել ավելի վաղ թուրքերի կողմից այնտեղ հիմնած ռազմակայանում: Թուրքական կողմի պնդմամբ` դա իրականացվել էր իրաքյան իշխանությունների խնդրանքով: Նրանք նաև պնդում են, որ իրենց զորախումբը նպատակ ունի մարզել իրաքյան Քուրդիստանի զինված ուժերի` Փեշմերգայի զորաջոկատները` «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ մղվող մարտերի համար:

Ավելի վաղ էլ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ասել էր, որ թուրքական զորախումբը դուրս չի բերվի այնտեղից՝ «անկախ նրանից, թե ինչ կասի Իրաքի կառավարությունը»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը