Լրահոս

07.10.2016 14:23


Արմեն Գրիգորյան. «Իշխանական թևը հաղթում է, որովհետև ընտրությունները միշտ կեղծվում են»

Արմեն Գրիգորյան. «Իշխանական թևը հաղթում է, որովհետև ընտրությունները միշտ կեղծվում են»

«asparez.am»–ի հարցազրույց «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանի հետ

-Արմե՛ն, ինչպե՞ս կգնահատեք մեր հանրապետության մի շարք համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքը: Ինչպիսի՞ ընտրախախտումներ արձանագրեցին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդները:

-Իրականում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ն հանդիսանում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ: Մենք Հայաստանի 15 համայնքների մոտ 130 ընտրատեղամասում դիտորդներ ենք ունեցել, ինչպես նաեւ Գյումրիում եւ Վանաձորում:

Մեր դիտորդների արձանագրած հիմնական խախտումներն հանդիսանում են ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքերը եւ ընտրացուցակների փակ լինելը: Մեր դիտորդության ընթացքում նաեւ այլ խնդիրներ են արձանագրվել. օրինակ` դիտորդների իրավունքների սահմանափակում, ինչպես նաեւ կուտակումներ ընտրատեղամասում եւ դրանից դուրս: Մեկ հանձնաժողովում եղել է դեպք, երբ հանձնաժողովի անդամն իր կնիքը դնում էր գրանցամատյանում եւ ասում, որ շուտով այդ ընտրողները գալու են ընտրատեղամաս: Սրանք հիմնականում համակարգային խախտումներ են: Մյուս խախտումներն էլ լուրջ ազդեցություն են ունեցել ընտրական գործընթացի վրա եւ ժողովրդի կամքը չի արտահայտվել:

-Արձանագրե՞լ եք արդյոք ընտրակաշառքի բաժանման դեպքեր:

-Մենք նման դեպքեր չենք բացահայտել, բայց ԶԼՄ-ներում նման դեպքեր արձանագրվել են: Նման դեպքեր չենք արձանագրել, քանի որ դիտորդական առաքելություն ենք իրականացնում ընտրատեղամասում, որտեղ հիմնականում ընտրակաշառք չի բաժանվում:

-Արմեն, ինչպե՞ս է ստացվում, որ ընտրությունների արդյունքում միշտ իշխանական թեւն է հաղթում:

-Իրականում ես չեմ կարծում, որ ժողովուրդը գնում, ընտրում է իշխանություններին: Կարող է ինչ-որ մաս ընտրում է հանրապետականներին եւ օգտվում իշխանության բարիքներից, բայց ընդհանուր առմամբ ժողովուրդը չի ընտրում իշխանություններին: Եթե այդպես լիներ, ապա ընտրակեղծարարություն չէր լինի: Իշխանական թեւն հաղթում է, որովհետեւ ընտրությունները միշտ կեղծվում են: Ժողովրդի մոտ ընտրական գործընթացների հանդեպ կա ցածր վստահություն:

-Մի ժամանակ մամուլում ընտրացուցակների հրապարակման վերաբերյալ խոսակցություններ եղան, որ իշխանությունները համաձայնելու են գնալ այդ քայլին: Ի՞նչ կասեք այս մասին:

-Այդպիսի քաղաքական համաձայնություն եղել է, բայց այս պահին կարող ենք ասել, որ դա օրենքի մակարդակով իրականություն չի դարձել: Դրանց հրապարակումն հնարավորություն կտա վերահսկել ընտրական գործընթացները, մաքրել ընտրացուցակները, կանխել կրկնակի քվեարկության դեպքերը:

Ընտրացուցակների հրապարակումը չի նշանակի, որ ընտրական ամբողջ գործընթացը թափանցիկ է դառնալու, բայց իշխանությունները պետք է հասկանան, որ հասարակության կողմից կա պահանջ, նաեւ միջազգային կազմակերպությունների եւ դոնորների կողմից: Իշխանություններն հիմնականում զիջումների են գնում այն պատճառով, որ միջազգային դոնորներն են դա պահանջում:

Մանրամասները՝ «asparez.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը