Լրահոս

05.10.2016 13:24


Գեղամ Նազարյան. «Գյումրիում իրականում հաղթահարել ենք վեց տոկոսանոց շեմը»

Գեղամ Նազարյան. «Գյումրիում իրականում հաղթահարել ենք վեց տոկոսանոց շեմը»

Հարցազրույց «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյանի հետ.

-Պրն Նազարյա՛ն, «Համախմբում» կուսակցությունը Վանաձորում եւ Գյումրիում չհաղթահարեց վեց տոկոսանոց շեմը: Ի՞նչն էր պատճառը:

-Նախ՝ ցանկանում եմ շեշտել, որ նորաստեղծ կուսակցության համար Գյումրիի եւ Վանաձորի ավագանու ընտրությունները հրաշալի հնարավորություն էին ուժերը փորձարկելու համար: Ասեմ ավելին՝ մենք անհաջողություն չենք արձանագրել: Գյումրիում մենք նույնիսկ հաղթահարեցինք վեց տոկոսանոց շեմը, բայց այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ իշխանությունները խնդիր էին դրել, որ մենք Գյումրիի ավագանիում տեղ չունենանք:

-Ինչո՞ւ եք այդպես համոզված: Ի՞նչ հիմքեր ունեք:

-Հիմքերը շատ են, բայց նշեմ ամենակարեւորը: Մինչեւ վերջին չորս ընտրատարածքների արդյունքների հրապարակումը «Համախմբումը» հստակ հաղթահարել էր վեց տոկոսանոց շեմը, սակայն վերջում շեշտակի արագությամբ մեր ձայները դարձան 5.8 տոկոս: Ավելացնեմ նաեւ, որ ընտրություններն ընթացել են արդեն սովորական դարձած ընտրակեղծիքների մեխանիզմներով, փողաբաժանությամբ: Մի տեղամասում հանձնաժողովի մեղքով վեց ձայն չեն հաշվել, մեկ այլ տեղամասում՝ քսան ձայն պակաս են գրել: Եւ այսպես շարունակ:

-Իսկ ինչո՞ւ նման վերաբերմունք դրսեւորվեց հենց «Համախմբման» նկատմամբ:

-Տեսեք, եթե մենք հաղթահարեինք վեց տոկոսանոց շեմը, ապա Գյումրիում ուժերի հարաբերակցությունը կտրուկ փոխվելու էր, եւ «Բալասանյան» դաշինքն այլեւս հնարավորություն չէր ունենալու իր ուզած քաղաքապետի թեկնածուին քաղաքապետ դարձնել: Ամեն ինչ շատ պարզ է:

-Եւ ինչպե՞ս եք գնահատում ձեր մասնակցությունն այս ընտրություններում:

-Լինելով նորաստեղծ կուսակցություն՝ մենք բավական լավ արդյունքների հասանք: Մի շարք համայնքներում մեր թեկնածուները շատ լավ ցուցանիշներով ընտրվել են ավագանու անդամ: Մենք համարում ենք եւ վստահ ենք, որ Գյումրիում իրականում հաղթահարել ենք վեց տոկոսանոց շեմը, ինչը լավ արդյունք է մի քանի ամիս առաջ ստեղծված կուսակցության համար:

-Իսկ ընտրակեղծիքներն ի՞նչ դեր խաղացին այս ընտրություններում:

-Բոլորն արդեն հոգնել են ասելուց, գրելուց, որ ընտրակեղծիքները, փողաբաժանումը թուլացնում են մեր երկիրը, բայց, ցավոք, իշխանությունները հետեւություններ չեն անում: Մենք հերթական անգամ արձանագրեցինք, որ ժողովուրդն արմատական փոփոխություններ է ուզում: Չլինեին ընտրակեղծիքները, չլինեին ընտրություններից առաջ գործի դրված ճնշիչ մեխանիզմները, ընտրությունների ավարտից հետո բոլորովին այլ պատկեր կունենայինք: Եւ մենք պետք է ընդունենք, որ ժողովուրդն իրականում փոփոխություն է ուզում, իսկ եթե այդ փոփոխություններն ուշանան, ապա արտագաղթի տեմպերը շեշտակի արագությամբ կաճեն:

-Իսկ «Համախմբումն» ի՞նչ հետեւություններ արեց կամ կանի այս ընտրություններից:

-Ակնհայտ է, որ եթե մի քանի ամիս առաջ ստեղծված կուսակցությունը Գյումրիում կարողանում է հաղթահարել վեց տոկոսի շեմը, ապա մեծ ներուժ ունի առաջիկա խորհրդարանական ընտրություններում շատ ավելի լուրջ դերակատարում ունենալու համար: Ինչ վերաբերում է հետեւություններին, ապա առանց դրանց չի լինի: Միայն շեշտեմ, որ հետեւություններ պետք է անեն բոլոր առողջ ուժերը եւ արդեն այսօրվանից ջանքերը մեկտեղեն ընտրակեղծիքի մեխանիզմն արմատախիլ անելու համար: Այստեղ կարեւորում եմ հայաստանյան եւ Սփյուռքի ջանքերի միատեղումը:

Հարցազրույցը վարեց Նելլի Ավագյանը

Այս խորագրի վերջին նյութերը