Աշխարհ

04.10.2016 17:23


Էրդողանի՝ «Ներեցեք, ինձ նույնիսկ հայ են ասել» արտահայտությունը ներառվել է ԵԽ-ի Թուրքիայի մասին զեկույցում

Էրդողանի՝ «Ներեցեք, ինձ նույնիսկ հայ են ասել» արտահայտությունը ներառվել է ԵԽ-ի Թուրքիայի մասին զեկույցում

Եվրոպայի խորհրդի (ԵԽ) ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովը (ECRI) հրապարակել է Թուրքիայի վերաբերյալ զեկույցը: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը։

Ըստ զեկույցի՝ չնայած վերջին տարիներին Թուրքիայում փոքրամասնությունների իրավունքների և փախստականների հարցերում որոշակի առաջընթաց է գրանցվել, այնուամենայնիվ, սիրիացի փախստականների, քրդերի, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ անհանդուրժողականության դրսևորումները շարունակվում են:

Ըստ «Ակօս» շաբաթաթերթի կայքի՝ հանձնաժողովը մտահոգիչ է համարել թուրք պաշտոնյաների կողմից ատելություն պարունակող բառապաշարի կիրառումը: Որպես ասվածի օրինակ՝ զեկույցում մեջբերվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքի և երգիչ Յըլդըզ Թիլբեի արտահայտությունները հեռուստատեսությամբ և սոցցանցերում:

Էրդողանի՝ «Ներեցեք, ինձ նույնիսկ հայ են ասել» արտահայտությունը նույնպես ներառվել է զեկույցում՝ որպես ատելություն պարունակող արտահայտություն:

Ըստ զեկույցի՝ ատելություն պարունակող արտահայտությունների կիրառումը գագաթնակետին է հասել 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում, ինչը մեծացրել է հասարակության մեջ առկա բևեռացումը:

Ըստ զեկույցի՝ Թուրքիայում ատելություն պարունակող արտահայտությունների համար հիմնականում ոստիականություն կամ դատարան չեն դիմում, իսկ դիմելու դեպքում էլ օրենքը խախտողները չեն պատժվում: Հակառակը` ոլորտը կարգավորող օրենքները հիմնականում կիրառվում են խոցելի խմբերին լռեցնելու համար:

2014 թվականի ընթացքում հրեաների, հայերի, քրդերի, քրիստոնյաների, հույների, ալևիների, արաբների և սիրիացի փախստականների, ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելություն հռետորաբանության կիրառման մոտ 500 դեպք է արձանագրվել:

Մանրամասն՝ «ermenihaber.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը