Լրահոս

29.09.2016 11:30


Վիկտոր Դարբինյան. «Վստահում եմ հենց ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությանը՝ հաշվի առնելով Վարդան Օսկանյանի անձը»

Վիկտոր Դարբինյան. «Վստահում եմ հենց ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությանը՝ հաշվի առնելով Վարդան Օսկանյանի անձը»

Հարցազրույց Վանաձորում հոկտեմբերի 2–ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության ավագանու ցուցակի 2–րդ համար Վիկտոր Դարբինյանի հետ

–Պարո՛ն Դարբինյան, դուք քաջատեղյակ եք Վանաձոր քաղաքի բոլոր խնդիրներին։ Ներկայումս որո՞նք են դրանցից ամենակարևորները։

–Քաղաքում 1988թ. աղետի հետևանքով 3–րդ կարգի վթարային աստիճանի շենքերի ամրացման խնդիրը տարիներ շարունակ մնում է չլուծված։ Եթե դա լուծում ստանա, միանգամից այդ շենքերի բնակիչների բնակարանային հարցերն էլ կկարգավորվեն։ Միևնույն ժամանակ, կորոշվի նաև Լենինգրադյան տնակայան ավանի և այլ փոքր ավանների բնակիչների բնակեցման, այդ թվում և մի քանի հանրակացարաններում բնակվող ոչ աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հարցը։ Այսինքն, Վանաձորում գլխավոր խնդիրներից մեկը բնակեցման հարցն է։

–Իսկ ի՞նչ կասեք Վանաձորի ճանապարհների բարեկարգման աշխատանքների վերաբերյալ։

–Վանաձորում վերջին անգամ 1985թ. են ճանապարհները կապիտալ վերանորոգվել։ Տարիներ շարունակ այդ ճանապարհների փոսային վերանորոգման համար խոշոր գումարներ են ներդրվել համայնքային բյուջեից և փոշիացվել։ Անհրաժեշտ է գումարներ ներդնել ճանապարհների և մայթերի կապիտալ վերանորոգման համար։

Վանաձորում արտագաղթը մեծ թափով շարունակվում է։ Ո՞րն է դրա հիմնական պատճառը։

–Մեր քաղաքում բոլոր մեծ հիմնարկ–ձեռնարկություններն այսօր չեն գործում։ Մյուս մարզերի հետ համեմատած՝ Լոռու մարզն այս տեսակետից ամենածանր վիճակում է։ Ժամանակին Վանաձորը եղել է արդյունաբերական քաղաք, սակայն խոշոր ձեռնարկություններն այսօր չեն աշխատում։ Մոտավորապես 70.000 բնակիչ է մնացել քաղաքում, արտագաղթը շարունակվում է, և գլխավոր պատճառը գործազրկությունն է։ Ներկայումս, իհարկե, ձեռնարկությունների մի մասը հնարավոր չէ վերականգնել, սակայն կարելի է գոնե թեթև արդյունաբերության մասով զարգացնել։ Ժամանակին կոշիկի, հաստոցաշինական գործարաններ ենք ունեցել, գործել է ռոբոտների և էլէկտրոնային սարքավորումների գործարանը, որը կարող է օգտագործվել պաշտպանության նախարարության առումով, մեր իսկ բանակի համար։

–Ձեր կարծիքով Վանաձորի տնտեսության զարգացման համար ո՞ր ոլորտի առաջխաղացումն է հեռանկարային։

–Նախ և առաջ պետք է մշակվի, թե Վանաձորը որ ուղղությամբ պետք է զարգանա, մոտ ապագայում տնտեսությունն ինչ ճյուղով պետք է առաջ գնա։ Շատ հեռանկարային է զբոսաշրջության զարգացման ճյուղը։ Ժամանակին Վանաձորը եղել է նաև առողջարանական քաղաք. սանատորիաներ, հանգստյան տներ կան, որոնք չեն աշխատում։ Պատմական հուշարձաններ կան, որոնք արտասահմանյան զբոսաշրջիկների համար մինչ օրս էլ գրավիչ են։ Զբոսաշրջության զարգացումն էլ իր հերթին նոր աշխատատեղեր կարող է ստեղծել։ Ժամանակին հյուրանոց էր կառուցվում, որտեղ և գնում էր ճոպանուղին, սակայն ամեն ինչ կիսատ մնաց, թալանվեց։ Եթե արտասահմանյան ներդրող լիներ, կարելի էր մեծ համալիր կառուցել ամառային և ձմեռային հանգստի համար, որը և՛ զբոսաշրջիկներին կգրավեր, և՛ կրկին աշխատատեղեր կստեղծեր։ Մեր վանաձորցիներն էլ, ովքեր այժմ Ռուսաստանում են բնակվում, պատրաստ են ներդրումներ անել, միայն պետք է հավատ, որ այդ ներդրումը տեղին կծառայի։ Իսկ նման արտագաղթի, նման հարկային քաղաքականության պայմաններում այդ ներդրումների իմաստը կորչում է։

–Ինչո՞վ եք վստահ, որ Վանաձորի առաջ ծառացած այս խնդիրները կկարողանա լուծել հենց ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը։

–Վստահում եմ հենց ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությանը՝ հաշվի առնելով Վարդան Օսկանյանի անձը։ Այսօր գիտենք, որ մեծ դեր են խաղում նաև անձնական կապերն արտասահմանում, այլ երկրներում։ Վարդան Օսկանյանը մեծ հարգանք և վստահություն է վայելում նույնիսկ այլ ազգի մեծահարուստ մարդկանց շրջանակներում։ Մեզ ընդամենը մի փոքր բան է պետք՝ նորմալ երկիր, նորմալ իշխանություն, նորմալ օրենսդրական բազա, որ մարդիկ պաշտպանված զգան, որպեսզի արված ներդրումներն էլ նպատակին ծառայեն։

Հարցազրույցը վարեց Նելլի Ավագյանը

Այս խորագրի վերջին նյութերը