Լրահոս

24.09.2016 10:47


Վահան Ղույումչյան. «Մենք դեմ ենք գործող համակարգին, որը մեզ արդեն հասցրել է անդունդի եզրին»

Վահան Ղույումչյան. «Մենք դեմ ենք գործող համակարգին, որը մեզ արդեն հասցրել է անդունդի եզրին»

«Ասպարեզի» զրուցակիցն է Վանաձորում ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահան Ղույումչյանը:

-Պարոն Ղույումչյա՛ն, ինչպե՞ս եք պատկերացնում Վանաձորի անօթեւան ընտանիքներին բնակարանով, գործազուրկներին էլ աշխատանքով ապահովելու հարցերի լուծումը, հստակ ինչպիսի՞ քայլեր եք կատարելու:

-Անձամբ ես այդպիսի ծրագիր չեմ ներկայացրել, որ վաղը մեր անօթեւանների խնդիրները լուծելու եմ: Անօթեւանության եւ գործազրկության խնդիրը եւ՛ մեր երկրի, եւ՛, մասնավորապես, Վանաձոր քաղաքի ամենակարեւորագույն հիմնախնդիրներից մեկն է: Վանաձորը չի կարող անկախ դրախտավայր դառնալ` առանց Հայաստանի զարգացման ծրագրի: Բայց Վանաձորում շատ խնդիրներ կարելի էր լուծել մինչեւ այսօր: Անօթեւանների եւ գործազրկության խնդիրը լուծելու ենք քաղաքի հատուկ զարգացման ծրագրեր մշակելով: Քաղաքի ներկա բյուջեով, որը ծիծաղելի թիվ է՝ ընդամենը 700 մլն դոլար, դրանով ընդհանրապես հնարավոր չէ որեւիցե խնդիր լուծել: Այս գումարով միայն քաղաքապետարանի աշխատակազմն է հնարավոր պահել: Բայց ինչ-որ առաջնահերթ խնդիրներ լուծել ուղղակի հնարավոր չէ: Եթե մեր կուսակցությանը մեր ժողովուրդը կվստահի, մենք լուրջ ներդրումային ծրագրեր ունենք: Այս պահի դրությամբ՝ մենք եւ՛ Սփյուռքի գործարար շրջանակների հետ, եւ՛ նաեւ միջազգային կառույցների հետ պարոն Օսկանյանը եւ մեր վարչության մյուս անդամները աշխատանք են տանում: Եւ մեզ խոստումներ են տվել, որ Վանաձորում մենք կկազմակերպենք տնտեսական մեծ համաժողով եւ դոնորների ներկայացուցչական ժողով, որտեղ մենք կներկայացնենք Վանաձորի այն ճյուղերը, որոնք կարող են ներդրումների համար լավ բազա դառնալ: Եւ, բնականաբար, Վանաձորի զարգացման ծրագրերում կոնկրետ զարգացման տողեր ենք ավելացնելու: Վանաձորն արդյունաբերական մեծ քաղաք է եղել, տեսնենք՝ ինչն է հնարավոր վերականգնել, եւ ինչ նոր ոլորտներ մենք կկարողանանք ներառել այս խնդիրները լուծելու համար: Մենք առաջարկում ենք կոնկրետ խնդիրների լուծումներ եւ տեսնում ենք այդ ճանապարհները: Հիմնադրամներ ենք ստեղծելու, բազմաթիվ լուծման այլ ճանապարհներ ունենք:

-Համայնքի բյուջեի միջոցները նպատակային եւ արդյունավետ ծախսելու համար ի՞նչ է պահանջվում քաղաքապետից, ինչպիսի՞ խնդիրներ կառանձնացնեիք, որոնք կարող են լուծվել հենց համայնքի բյուջեով:

-Առաջին հերթին պահանջվում է թափանցիկ աշխատանք, որ բնակիչը ինքը հասկանա, թե իր տված հարկերն ուր են գնում: Դրա համար հարկավոր է, որպեսզի ստեղծվի թափանցիկ աշխատանքային մեխանիզմ, եւ քաղաքի բնակիչը իր բակի հետ կապված խնդիրների մասին կարողանա ուղիղ եթերով տեսնել, թե ավագանին ինչպիսի որոշումներ է կայացնում: Հիմա թաքուն, գաղտնի ինչ-որ մի ավագանու տարածք են նվիրում, էն մյուսին ինչ-որ բան են նվիրում եւ էսպես փորձում են ընդհանուրի մեջ խնդիրներ լուծել: Հիմա էդ նույն ավագանիները նորից հայտնվել են Հանրապետական կուսակցության ցուցակում:

Թափանցիկ աշխատանքի դեպքում համայնքային բյուջեի միջոցներով գոնե աղբահանության խնդիրները պետք է լուծվեն: 84 բազմաբնակարան շենք ունենք, որ լրիվ անմխիթար վիճակում են: Գոնե պետք է պլանավորվի, որ ինչ-որ մի ամիս, ինչ-որ մի տարի ինչ-որ մի շենք կարողանանք վերականգնել: Շենքերի հիմքերն են քանդվում: Շենքեր ունենք, որտեղ անձրեւներից հետո կարծես Վենեցիան լինի: Մնում է՝ նավակներ լինեն, որ էդ մարդիկ անցնեն: Այստեղ կարեւոր է նաեւ համատիրությունների աշխատանքը: Այդ ինստիտուտը մեզանում չի կայացել: Առաջին հերթին քաղաքապետը պետք է կարողանա համատիրություններին սանձահարել, որոնք շփվում են բնակչի հետ: Կարծում եմ` հնարավոր է նույնիսկ սուղ միջոցների պայմաններում լուծումներ գտնել:

-Ինչո՞ւ պետք է ընտրեն Ձեզ:

-Առաջինը՝ որովհետեւ մենք դեմ ենք գործող համակարգին, որը մեզ արդեն հասցրել է անդունդի եզրին: Այսօր մասնակցում են 2 իշխանական ուժեր, մյուսները հայտարարում են իրենց ընդդիմադիր: Բնականաբար, մենք այդ 2 իշխանական ուժերի (որոնք Դաշնակցությունն ու Հանրապետականն են) հետ չենք համագործակցելու, որովհետեւ համարում ենք, որ այս վատ վիճակի հեղինակներն իրենք են: Մյուս ընդդիմադիր ուժերի հետ մենք փորձել ենք եւ փորձելու ենք համագործակցել. սա՝ մեկ: Եւ երկրորդ՝ ինչո՞ւ պիտի մեզ ընտրի, որովհետեւ ոչ մի կուսակցություն, բացի «Համախմբումից», զարգացման հստակ խնդիրներ, որոնք մենք ենք դնում, չունի. այդ հնարավորությունները, որոնք մենք առաջարկում ենք՝ ներդրումային ծրագրեր: Սփյուռքը չունի վստահություն այն ուժերի նկատմամբ, որոնք որ այսօր մասնակցություն ունեն մեր քաղաքի խնդիրների լուծմանը: Մեր նկատմամբ, շնորհիվ պարոն Օսկանյանի, Սփյուռքի գործարար շրջանակներն ունեն այդ վստահությունը:

Այս խորագրի վերջին նյութերը