Աշխարհ

19.09.2016 16:55


Պուտինը Պետդումայի ընտրությունների արդյունքները ռուսների պատասխանն է անվանել պատժամիջոցներին

Պուտինը Պետդումայի ընտրությունների արդյունքները ռուսների պատասխանն է անվանել պատժամիջոցներին

Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ռուսները ներկա բարդ իրավիճակում ընտրեցին կայունությունն ու վստահություն հայտնեցին կառավարությանը, որը հենվում է խորհրդարանում «Միասնական Ռուսաստան» կուսակցության վրա։ «ntv.ru»–ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Քվեարկության արդյունքները նաև մեր բնակիչների արձագանքն են Ռուսաստանի նկատմամբ արտաքին ճնշման փորձերին, սպառնալիքներին, պատժամիջոցներին, մեր երկիրը ներսից թուլացնելու փորձերին»,–նշել է Պուտինը։

Քվեարկողները, Պուտինի խոսքով, ակնկալում են, որ խորհրդարանն ու կառավարությունը կգործեն պրոֆեսիոնալ և իրենց շահերից ելնելով։ Այդ կապակցությամբ նախագահը կոչ է արել տնտեսության ու սոցիալական քաղաքականության մեջ վերադասավորումներ անել և խուսափել «շոկային թերապիայից»։

Պուտինն ընդգծել է՝ ընտրությունների արդյունքները կանխավճարն են, որը դեռ հարկավոր է վաստակել։

Աղբյուրը հիշեցնում է՝ «Միասնական Ռուսաստանը» քվեաթերթիկների ավելի քան 97% հաշվարկով՝ ընտրությունների առաջատարն է 54,19 տոկոսով։ Իշխող կուսակցությունը ռեկորդային՝ 343 պատգամավորական աթոռ է ստացել խորհրդարանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը