Տնտեսական

27.10.2010 16:56


Ամրագրվել է ՀՀ կառավարության կողմից հանրային ծառայության միասնական ռազմավարություն մշակելու ժամկետի սահմանափակումը

Ամրագրվել է ՀՀ կառավարության կողմից հանրային ծառայության միասնական ռազմավարություն մշակելու ժամկետի սահմանափակումը

Հոկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային ժողովում քննարկվել է ««ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության ներկայացրած օրինագիծը։ Որոշումը հոկտեմբերի 26-ին առաջին ընթերցմամբ ընդունվել է ձայների 85 կողմ, 11 դեմ և 6 ձեռնպահ հարաբերակցությամբ։

Հիշեցնենք, որ 2009թ. և 2010թ. բյուջետային քննարկումների ժամանակ կառավարությունը հանդես էր եկել առաջարկությամբ, որով դատավորների բազային աշխատավարձը կրկնապատկվեց՝ 220 հազ.-ից դառնալով 440 հազ. դրամ, և դատախազների ու դատավորների աշխատավարձերի միջև կապը տարանջատվեց։ Մինչ այդ գործում էր նորմ, որի համաձայն գլխավոր դատախազի աշխատավարձը կազմում էր վճռաբեկ դատարանի նախագահի աշխատավարձի 95%-ը՝ գումարած այլ հավելումներ։ Այսինքն, դատախազության և դատարանի վարձատրության համակարգի միջև կապ գոյություն ուներ։

2009թ. Ազգային ժողովում նաև քննարկվել է այն հարցը, որ պետք է անդրադառնալ ամբողջ հանրային ծառայության ոլորտի վարձատրության համակարգին, քանի որ ներկայիս աշխատավարձի պայմաններում պաշտոնատար անձանցից որևէ որակյալ ծառայություն քիչ հավանական է։ Կառավարությունը հայտնեց, որ ընդամենը մեկ տարի ժամանակահատված է հարկավոր հանրային ծառայության միասնական վարձատրության ռազմավարություն ներկայացնելու համար։ Կառավարությունը, սակայն, չի ներկայացրել այդ ռազմավարությունը՝ պատճառաբանելով, թե ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով հնարավոր չէր ստեղծել այդ ռազմավարությունը։ 2010թ. ռազմավարության մշակումը կառավարությունը ևս մեկ տարով հետաձգեց։

Կառավարության ներկայացրած նոր նախագծով առաջարկվում է իր վրա ընդհանրապես ժամկետ չսահմանել։

Այս կապակցությամբ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանն  ասել է, որ իր քննադատությունը երկու ուղղություն ունի։ Առաջինը միասնական հանրային ծառայության վարձատրության ռազմավարությունը կարևորվելն է բոլոր ուղղություններով՝ թե՛ հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման, թե՛ արժանապատիվ վարձատրության, թե՛ երկրում աշխատավարձի քաղաքականության մասով։ Երկրորդը՝ եթե կառավարության ներկայացրած օրենքն այդ տեսքով ընդունվեր, կստացվեր, որ Ազգային ժողովը հրաժարվում է իր վերահսկողական լծակից։ Նա դրական է համարել այն հանգամանքը, որ իր մտահոգություններին արձագանքել է նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, և ժամկետի սահմանափակումը նորից ամրագրվել է, ինչը, սակայն չի փարատել Ա. Մինասյանի մտահոգությունները։

Ա. Մինասյանի խոսքերով՝ քանի դեռ չկա հանրային ծառայության միասնական ռազմավարությունը, որտեղ պետք է երևա ՀՀ  բարձրագույն պաշտոնատար անձի՝ ՀՀ նախագահից մինչև համայնքային ծառայող, վարձատրության միասնական սանդղակը և այդ ուղղությամբ սոցիալական պաշտպանության համակարգը և այլն, իր համար այդ նախաձեռնությունը բավարար համարվել չի կարող։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը