Լրահոս

10.02.2011 15:51


Ստեփան Դանիելյան. «Հայաստանում չկա հասարակության որևէ շերտ, որը շահագրգռված լինի այս իրավիճակի պահպանմամբ»

Ստեփան Դանիելյան. «Հայաստանում չկա հասարակության որևէ շերտ, որը շահագրգռված լինի այս  իրավիճակի պահպանմամբ»

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը «7օր»-ին ասել է, որ իրեն քիչ է հուզում, թե կոալիցիայից ԲՀԿ-ի դուրս գալու պարագայում դրանից ով կշահի, ով կտուժի։

-Ինձ հետաքրքրում է, թե դա ինչպես կանդրադառնա Հայաստանի քաղաքական իրավիճակի վրա: Իմ տեսակետով՝ կոալիցիան Հայաստանի ժողովրդի դեմ ուղղված համաձայնագիր է, որի նպատակը իշխող ռեժիմի համար նպաստավոր «status quo»-ի պահպանումն է: Եթե ժամանակին այն կարողացավ թեկուզ իշխանության պահպանման համար որոշակի կայունություն ապահովել, ապա այժմ դա հնարավոր չէ, քանզի քաղաքական ու սոցիալական իրավիճակը երկրում փոխվել է: Նորից փորձել իշխանության համար կայունություն ապահովել նույն եղանակով՝ ոչ միայն չի հաջողվի, այլև, ճիշտ հակառակը, ավելի կնպաստի անկայունությանը: Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ փաստորեն չկա հասարակության որևէ շերտ, որը շահագրգռված լինի իրավիճակի պահպանմամբ' անգամ պետական նոմենկլատուրան, ուժային կառույցների միջին և բարձրաստիճան ներկայացուցիչները, ես կասեի' նույնիսկ ՀՀԿ-ի նոմենկլատուրան: Կոալիցիայի փլուզումը ելքերը քաղաքական դաշտում որոնելու հնարավորություն կընձեռնի,-ասել է Ս. Դանիելյանը:

«Հայաստանում եգիպտական սցենարի կրկնությունը hնարավո՞ր է՝ հաշվի առնելով ՀՀ իշխանության քաղաքականությունը արտաքին և ներքաղաքական հարցերում»,-հետաքրքվել է «7օր»-ը։

-Եթե կոալիցիան դադարի գոյություն ունենալուց, Հայաստանում եգիպտական սցենար հնարավոր է, հակառակ դեպքում մեզ սպասվում է հայիթիական սցենար, երբ զարգացումները քաղաքական դաշտից դուրս են գալիս և ստանում են տարերային, չկառավարվող բնույթ,-պատասխանել է Ս. Դանիելյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը