Լրահոս

12.09.2016 23:55


ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը կառավարման համակարգի փոփոխություն է խոստանում Վանաձորում

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը կառավարման համակարգի փոփոխություն է խոստանում Վանաձորում

«Հետքի» հարցերին պատասխանում է «Համախմբում» կուսակցության Վանաձորի ավագանու թեկնածու, հոգեբան Վահան Ղույումչյանը:

-Որպես Վանաձորի ավագանու թեկնածու ի՞նչ ծրագրերով եք ներկայանում վանաձորցուն:

-Ինչպես բոլոր կուսակցությունները, այնպես էլ մեր կուսակցությունը մասնակցում է Վանաձորի ավագանու ընտրություններին: Ավագանու ցուցակը գլխավորում եմ ես և հաղթանակի դեպքում, բնականաբար, ես դառնում եմ քաղաքապետի ենթադրյալ թեկնածուն:

Մենք ամբողջ քաղաքական թիմով հատուկ ծրագիր ենք կազմում Վանաձորի անելիքների վերաբերյալ, որը դեռ կներկայացնենք: Կոնկրետ մի բանի վրա ես շեշտադրում անեմ: Վարդան Օսկանյանը («Համախմբում» կուսակցության նախագահը-հեղ.) արտաքին գործերի նախարար աշխատելու տարիներին իր անմիջական կապերի շնորհիվ կարողացավ Հայաստան բերել երկու մեծ ծրագիր՝ Քրքորյանի և Հանթսմանի ծրագրերը: Մեր վարչության նիստում պարոն Օսկանյանը խոստացել է, որ եթե ժողովուրդը Վանաձորում մեզ վստահի, ապա մի մեծ տնտեսական ֆորում ենք կազմակերպելու, որտեղ ինքն իր կապերի շնորհիվ կվստահեցնի և՛ մեր սփյուռքահայ գործարարներին, ովքեր անվերապահ վստահում են Վ Օսկանյանին, և՛ այլազգի գործարարների, որ Վանաձոր բազմաթիվ ներդրումներ բերեն: Այդ տեսանկյունից մենք շահեկանորեն տարբերվում ենք մյուս կուսակցություններից: Իմ նպատակն է՝ այդ հնարավորությունները ծառայեցնել իմ հարազատ քաղաքին:

Մյուս տեսանկյունից՝ և՛ կառավարման համակարգի, և՛ թափանցիկության առումով, և՛ նիստերի վարման տեսանկյունից բազմաթիվ փոփոխություններ են լինելու: Մեր ժողովուրդը պետք է ամեն ինչ տեսնի, պետք է մասնակցություն ունենա քաղաքի բոլոր խնդիրների լուծմանը: Ինձ համար ամենակարևորը մեր ժողովրդի գիտակցության փոփոխությունն է: Այսինքն՝ այն անտարբերությունը, որ ինքն ուղղակի իր բնակարանում ապրում է, բայց քաղաքի կառավարման հետ գործ չունի, բակի, թաղամասի կառավարման հետ կապ չունի, վերանալու են…

-Որո՞նք են քաղաքի երեք կարևորագույն խնդիրներն ըստ Ձեզ և ինչպե՞ս եք պատկերացնում դրանց լուծումը:

-Մի երկրում, որը բացարձակապես քաոսի է մատնված, որտեղից հսկայական արտագաղթ կա, հնարավոր չէ այդ երկրի մի քաղաք բարգավաճի: Այդպես չի լինում: Մեր նպատակներից մեկն էլ այն է, որ Վանաձորի օրինակով կարողանանք շղթայական ռեակցիա ստեղծել ամբողջ հանրապետությունում և՛ կառավարման որակի, և՛ կառավարման մոդելի ու մնացած հարցերի տեսանկյունից:

Լավ կառավարման խնդիր ունենք: Հիմա վատ է կառավարվում: Հիմա բազմաթիվ հոդվածներ են գրվում՝ բյուջեն չկա, փողն ո՞ւր գնաց, անհասկանալի ծախսեր, որոնց հաշվետվությունները չենք կարողանում ստանալ…Սա կառավարման մեխանիզմի խնդիր է:

Այդ նույն ավագանիները, որոնք աշխատել են երկար ժամանակ և այսօր նորից առաջադրվել են ավագանու թեկնածու, մեր քաղաքացին չի ասո՞ւմ՝ 4 տարի առաջ ես քեզ ընտրել եմ, եղբայր, դու ի՞նչ ես արել, քո որոշումներով դու ինչպե՞ս ես ազդել: Քո ավագանի լինելու ընթացքում ես սկսել եմ ավելի վատ ապրել, հիմա դու ինչո՞ւ ես նորից առաջադրվել: Ընդ որում, պետք է ասեմ, այդ նույն առաջադրվածների մեծամասնությունը հայտնվել է հանրապետական կամ հակապետական ցուցակում: Եթե մեզ կվստահի ժողովուրդը, ավագանու բոլոր նիստերը ուղիղ եթեր ենք հեռարձակելու:

Հաջորդ ամենակարևոր խնդիրը որպես հոգեբան ասեմ. յուրաքանչյուր իրեն հարգող քաղաք կամ պետություն ունի ազգաբնակչության հոգեբանական առողջության պահպանման խնդիր: Մենք բացարձակապես դա չունենք: Քայլեք փողոցում, տեսեք քանի՞ ժպտացող մարդ կա, բացի արդեն քյաբաբը կերած ջիպի մեջ նստած ինչ-որ մարդկանցից:Այսպես երկիր չեն կառավարում, այսպես քաղաք չեն կառավարում, այսպես ուղղակի կործանում են երկիրն էլ, քաղաքն էլ:

Հոգեբանական հատուկ ծրագիր պետք է կազմվի: Այստեղ բազմապրոֆիլ լուծումներ են պետք:

Մեր քաղաքի արտագաղթը հսկայական չափերի է հասել: Արտագաղթն իր հետ բերում է սոցիալական լրջագույն խնդիրներ: Քաղաքում նաև հարկահավաքման խնդիր կա, և ամենաառաջին հարցը, որ ուզում ենք լուծել, ներդրումների խնդիրը պետք է լինի:

-Որքանո՞վ է համայնքի բյուջեն բավարար քաղաքի հիմնական խնդիրների լուծման համար:

-Եթե մենք մնանք այս բյուջեի սահմաններում, քաղաքի խնդիրներն, իհարկե, չենք լուծի: Մենք կկերակրենք քաղաքապետարանը կամ ինչ-որ տոնածառ կզարդարենք, բայց քաղաքի խնդիրները դրանով չեն լուծվի: Քաղաքի բյուջեն պետք է հստակ տող ունենա՝ ուղղված քաղաքի զարգացմանը: Բայց այդ զարգացումն էլ պետք է ապահովվի հարկերի հավաքման միջոցով: Եթե քաղաքից փախչում են, հարկեր չեն լինի, հետևաբար՝ զարգացում էլ չի լինի: Համայնքի միջոցները բավարար չեն իմ դրած խնդիրները լուծելու համար: Համայնքի միջոցները բավարար չեն նույնիսկ քարշ գալուն:

-Այդ դեպքում մեծ ներդրումային ծրագրեր են անհրաժեշտ:

-Ինչպես արդեն նշեցի, որոշել ենք մեծ տնտեսական ֆորում անցկացնել ու գործարարներին ներկայացնել մեր քաղաքի ներդրումային հնարավորությունները, դա կլինի տուրիզմի, արտադրության ու այլ ոլորտներում:

-Ինչո՞ւ պետք է վանաձորցին ընտրի Ձեզ ու Ձեր կուսակցությանը:

- Մեր կուսակցությունն անձի կուսակցություն չէ, և որոշումները կոլեգիալ են կայացվում: Ինքը՝ Վ. Օսկանյանը, բավական կիրթ անձնավորություն է: Ես ինքս վարչության անդամ եմ: Մեր վարչության կազմն ամբողջությամբ այնպիսի մարդիկ են, որոնք իրենց մասնագիտության առումով կայացած են ու երբևիցե իրենց չեն վարկաբեկել: Օրինակ՝ Մանվել Եղիազարյանը կամ Կարեն Անդրեասյանը՝ մեր նախկին օմբուդսմենը:

Մանրամասները՝ «Հետք»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը