Հարցազրույց

27.10.2010 14:44


Րաֆֆի Հովհաննիսյան

Րաֆֆի Հովհաննիսյան

ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագծի վերաբերյալ այսօր ՀՀ ԱԺ նախագահի և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակում տեղի ունեցած փակ խորհրդակցությունից անմիջապես հետո «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ.

-Պարո՛ն Հովհաննիսյան, ինչ-որ համաձայնության եկա՞ք:

-Դիմեք ԱԺ-ին: Եթե մինչև վաղը ժամը 12:00-ն որևէ վերջնական փոխհամաձայնություն չլինի, ապա օրինագիծը կդրվի քվեարկության:

-Այսինքն, այս պահին փոխհամաձայնության չե՞ք եկել:

-Տակավին ոչ: Որոշ փորձեր արվում են, բոլորն ուզում են այս համազգային խնդիրն ընդհանուր հայտարարով լուծել։ Բայց քաղաքական կամք է անհրաժեշտ, խիզախություն և միասնության իրական սահմանում դեռ չի երևում։ Հույս ունենք, որ վաղը մինչև 12-ը լուծում կգտնվի, և մենք համախոհական ձևով առաջ կգնանք: Բոլոր դեպքերում մենք պատրաստ ենք քվեարկության:

-Ձեր փոխզիջումային տարբերակն այն է, որ հարցը մեծ օրակարգ մտնի, բայց քվեարկության չդրվի՞:

-Որ նորմալ, հերթական եղանակներով, կանոնակարգի փոփոխությունների համապատասխան մեկնաբանությամբ արտահերթ քննարկված այս համազգային խնդիրը նաև ունենա նորմալ, հերթական համապարփակ քննարկում, հանձնաժողովի հավանությանն արժանանալուց հետո: Սա պետք է լինի նվազագույնը մեծ օրակարգով, և նրանք, ովքեր չեն ուզում ժամանակի պահի ընտրության մտահոգությամբ հիմա քվեարկել, պետք է ջանքեր թափեն մինչև վաղը կեսօր, որպեսզի այս հարցը մտնի օրակարգ: Դա լինի որոշում,  դա լինի այլ մեխանիզմ, սա արդեն մեծամասնության կամքի խնդիրն է: Եթե քաղաքական կամքը լինի, օրինավոր իրավական լուծումը կգտնվի, և մենք հույս ունենք, որ այդպես էլ կլինի: Մենք ուզում ենք, որ ճանաչումը լինի։ Ճանաչումը պետք է լիներ 18 տարի առաջ, բայց ուշ չէ: Եթե մենք հավատում ենք Արցախի ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, յուրաքանչյուր ժամանակահատված հարմար է: Պետք է ճանաչենք, և մեկս մյուսի զգայնությանը և հասարակական դիրքին զգայուն լինելով՝ նվազագույնը պետք է պահենք մեծ օրակարգում: Սա նվազագույն շեմն է, սա բազար կամ առևտուր չէ: Մենք խոսում են ՀՀ անվտանգության և ինքնիշխանության, Արցախի ճակատագրի մասին: Եվ այդ դեպքում Ադրբեջանը և թուրքը ոչ միայն համն են հանում, այլև կանխորոշում են Արցախի ապագան ու կարգավիճակը։ Համանախագահներն արդեն դուրս գալով իրենց մանդատից՝ այնպիսի եզրաբանություն են թույլ տալիս իրենց, որ ցույց են տալիս, որ բանակցային գոծընթացը ինքնին վտանգի տակ է։ Հայաստանն իր ԱԺ-ով նվազագույնը պիտի սա պահի՞ օրակարգում, թե ոչ՝ կքվեարկենք, և հույս ունենք, որ այդ քվեարկության պահին, որտեղ կա պատասխանատվություն, պատմականություն, ոչ միայն Աստված մեզ պահապան կլինի, այլև մեր պատգամավորները մեր սերունդների առաջ ճշգրիտ քվեարկություն կկատարեն:

-Կարծում եք՝ որոշում կայացնելու հարցում նախագահների այսօրվա հանդիպումը որոշակի ազդեցություն կունենա՞:

-Ես չգիտեմ, ես չեմ կարծում, որ էական որևէ ազդեցություն կթողնի։ Ես կարծում եմ, որ բոլոր պատճառները, գործոնները, որ պետք է հիմք հանդիսանային համապատասխան որոշման համար, արդեն առկա են, և դրա համար ո´չ այսօրվա հանդիպումը, ո´չ Աստանան, ոչ մի առանձին վերցրած իրավիճակային ուղենիշ չի կարող փոխել ՀՀ իրավական հավատամքը, որ պետք է ճանաչվի ԼՂՀ-ն։ Եվ դա պետք է արվի գործով, օրենքով, և այո՝ դա պետք է լինի միասնական կամքի արտահայտմամբ: Մենք դա ուզում ենք անել քվեարկությամբ, եթե ոչ՝ նվազագույնը մեծ օրակարգի մեջ պահպանմամբ:

-Իսկ կոալիցիան ձեզ ի՞նչ էր առաջարկում:

-Դուք արդեն խոսեք կոալիցիայի հետ: Ես չեմ մեկնաբանելու կոալիցիայի խոսքերը: Պարոն Աբրահամյանը, նաև խմբակցությունների ներկայացուցիչները ներկա էին, և ես վստահ եմ, որ իրենք իրենց մոտեցումը կներկայացնեն: Ես շատ մեծ հույս ունեմ, անգամ այս դժվարին պահին, որ մենք եղանակը կգտնենք, որ վաղն ունենանք համախոհական որոշում, որովհետև եթե չլինի, դրանից հետո մենք ձեզ հետ պետք է շփվենք, հասարակության հետ պիտի առանձին-առանձին հանդիպենք, և ամեն մեկն իր փոքրիկ տեսակետը պետք է ներկայացնի։ Մենք մինչև վաղը ժամը 12-ը ժամանակ ունենք կարգի բերելու մեր քաղաքական, իրավական զինանոցը և նվազագույնը լուծում տալ այս հարցին՝ ԼՂՀ օրենքով ճանաչման հարցը պահելով ԱԺ օրակարգում: Իսկ եթե ասվի, որ արդեն օրակարգում է, ինչպես ասվում է, միայն քվեարկությունն է մնում, մենք ասում ենք, որ ուզում ենք, որ սա արժանանա համապատասխան հանձնաժողովի հավանությանը, ունենա նորմալ շրջանառություն, ամբողջական քննարկում, ապա և միասնական քվեարկություն: Մենք հասել ենք այստեղ՝ քվեարկության նախաշեմին, որովհետև 3 տարի շարունակ «Ժառանգությունը» խնդրել է, որ սա մտնի հանձնաժողովի միջոցով մեծ օրակարգ։ Եղել է պատ, եղել է ինքնագոհություն, սահմանափակ մոտեցումներ, և քանի որ այդ քաղաքական կամքը չկար, որ միասին մտցնենք մեծ օրակարգ, հանձնաժողովի համապատասխան որոշմամբ, մեր իրավունքներից օգտվելով՝ վերջին շրջանում «Ժառանգությունը» պնդեց, որ սա ունենա գոնե արտահերթ քննարկում: Մենք պատրաստ ենք մինչև վերջին պահը համատեղ փոխզիջման, բայց փոխզիջումը պետք է լինի բոլորի կողմից: Ես կրկնում եմ, որ յուրաքանչյուր պատգամավորի, Ազգային ժողովի և մեր երկրի համար մեր ճշմարտության պահն է, որը պատմական և պատասխանատու որոշում է լինելու: Ես ակնկալում եմ, որ որևէ դեմ ձայն չլինի, որ անցնի առաջին ընթերցմամբ։ Եվ կրկնում եմ, որ մենք հասել ենք այստեղ, որովհետև մինչ այս պահը մեզանում քաղաքական մեծամասնության կողմից չի եղել այդ կամքը՝ միասնական ջանքերով սա մտցնել մեծ օրակարգ: Մենք մինչև վաղը ժամը 12-ը չենք բացառում նաև այդ այլընտրանքը՝ որպես համազգային առաջընթացի գրավական:

-Դուք արտգործնախարար եք եղել, հետևաբար դիվանագիտական նպատակահարմարության սկզբունքին շատ լավ պետք է ծանոթ լինեք: Այս պահին դիվանագիտական տեսանկյունից նպատակահարմարության այդ բոլոր բաղադրիչները դուք դնում եք մի կո՞ղմ, այսինքն դա չե՞ք ընդունում: Դուք առաջին արտգործնախարարն եք եղել:

-Շնորհակալություն, որ ինձ հիշեցրեցիք դրա մասին: Ես, երբ պատիվ ունեի ներկայացնել Հայաստանը արտաքին հարաբերություններում, այն ժամանակ կողմնակից էի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման և պետականության ճանաչմանը: Արտգործնախարարությունը, լավ գիտեք, որ 1992թ. ամռանը պաշտոնական հուշագիր լույս ընծայեց, որը հիմնավորեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը։ Ես ինքս ասում էի, որ ՀՀ-ն նույնպես միջազգային հանրության լիարժեք անդամ է, ուստի նա ինքը առաջինը, ճանապարհ ցույց տալով մյուսներին, պետք է ճանաչի: Տարիներ անցան, Կոսովոն ճանաչվեց, Աբխազիան, մենք էլ հիմա հետևից վազում ենք, երբ որ սկզբնական ապագաղութացման օրինակը, ճակատային նախադեպը ԼՀՂ-ն էր՝ Արցախն էր: Դիվանագիտությունը սև ու սպիտակ, չար ու բարի ինչ-որ միաշերտ արվեստ չէ: Դա բազմաշերտ մոտեցում է: Դրա համար իրավիճակային նպատակահարմարությունը կարող է մեկը լինել, որ ներկայացնի տվյալ պահի արտգործնախարարությունը կամ գործադիր իշխանությունը: Բայց դիվանագիտությունը նաև ենթադրում է հասարակական, օրինական, իրավական և օրենսդիր մոտեցումներ, և այստեղ ԱԺ-ն նաև ինքը դառնալով պետական համակարգի ատրիբուտներից մեկը՝ օրերից մի օր ինքը նաև պետք է այդ համակշիռը հանդիսանա, և հատկապես ազգային նման հարցերով ինքը միշտ պետք է կարողանա այս հարցը պահել օրակարգում: Դիվանագիտական օրակարգում, ԱԺ օրակարգում պահելով Արցախի ճանաչման հարցը՝ շահում են բոլորը՝ թե´ Հայաստան պետությունը, թե´ իշխանությունը, թե´ ընդդիմությունը, թե´ հայ ժողովուրդը, որովհետև սա կներկայացնի շեմային համաձայնություն, որ, այո´, ԼՂՀ-ն արժանի է ճանաչման, ճանաչվելո´ւ է։ Հաջորդ տարի 20-ամյակն է իր կայացման, և մինչ այդ մենք համախոհական քայլերով պետք է գնանք առաջ: Հուսով ենք, որ մինչև վաղը 12-ը կլինի համալիր լուծում: Եթե չէ, ամեն մեկն առանձին-առանձին ձեզ հետ կշփվի:

Ներկայացրեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը