Լրահոս

17.12.2009 09:57


Բաց նամակ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին

Վերջերս հայաստանյան մամուլը, և ոչ միայն, արձանագրեց, որ Շուշիի վերականգման համար Համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպած համահայկական դրամահավաքը չարդարացրեց այն սպասումները, որն ակնկալվում էր:

Խնդիրը միայն այն չէ, որ գումարը, համեմատած նախորդ տարիների դրամահավաքի նվազ էր:

Մտածելու և խորհելու տեղիք են տալիս այն իրողությունները, որ հայ մարդը, լինի բնակվող Հայաստանում, Արցախում, թե արտերկրում այլևս այնքան լավատես չէ Արցախի, ի մասնավորի Շուշիի վերականգման և զարգացման համար. պատճառը ' Ձեր հանդուժող, վախվորած, հաղթողին ոչ վայել քաղաքականությունն է:

Ինչո՞ւ, մեզ բոլորիս հայտնի ճանապարհներով, շատ կարճ ժամանակում հսկայական գումարներ կուտակած, արցախյան ծագում ունեցող հայ օլիգարխները ներդրումներ չեն կատարում հենց Արցախում: Ինչ է, չե՞ն հավատում, որ Արցախ աշխարհը կա և կլինի հայկական, թե վազում են արագ և հեշտ գոյացող շահույթի հետևից, որը հնարավոր է ստեղծել Հայաստանում կամ արտասահմաններում, հատկապես իրենց երազած «սահմանը» բացելուց հետո: 

Հայրենասիրությունը ճառերով կամ գեղեցիկ խոստումներով չի լինում: Այն պահանջում է ամենօրյա աշխատանք, նվիրում և զոհաբերություն, ինչը հայտարարված զինադադարից սկսած գնալով պակասում է մեր ժողովրդի մոտ, քանի որ Դուք և Արցախի իշխանությունները նպաստում եք դրան: Ինչո՞ւ չի բնակեցվում ԼՂՀ սահմանադրությամբ ամրագրված վարչական տարածքները: Պատրաստվում եք հանձնե՞լ: Սին հույսեր: Ինչպես 1990-94թթ. աշխարհի մեծամեծերը և թուրքերը որոշել էին բռնությամբ և պատերազմի միջոցով հային հայրենազրկել, այնպես էլ այժմ փորձում են առանց հայ ժողովրդի կարծիքը հաշվի առնելու մեր հայրենիքի մի մասը' Արցախը  զոհաբերեն օտարին: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այժմ ազգովի չենք թողնելու, որպեսզի կյանքի կոչվեն այդ հայադավ ծրագրերը:

Ինչո՞ւ ըստ արժանվույն չեք գնահատում Արցախի համար մարտնչած հայորդիներին, որոնք արյան կանչով ոտքի ելած կռվեցին և հաղթեցին մեր Ազատագրական պատերազմում: Ի՞նչն է խանգարում  Ձեզ քաղաքացիություն շնորհել Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին, հենց թեկուզ որպես Շուշիի պատվավոր քաղաքացի:

Համոզված եմ, որ հոգու խորքում Դուք ընդվզում եք Ձեր այդ անիրավ որոշման դեմ: Որևէ արդարացում չունի Ձեր այդ որոշումը, նույնիսկ անբարոյական է և զուրկ որևէ տրամաբանությունից: Եթե Ձեզ պարտադրում են կայացնելու նման որոշում, ապա ինչպե՞ս  եք ընդդիմանալու ազատագրված տարածքները թուրքին հանձնելու պարտադրանքին, թե՞ արդեն մտովի համակերպվել եք: Ասացեք բարձրաձայն, թող հայ ժողովուրդը իմանա և կատարի համապատասխան հետևություններ, իսկ եթե  ոչ, ապա ինչպես վայել է հային, զինվորական և քաղաքական ղեկավարին, կայացրեք Ձեր միակ և ճիշտ որոշումը. ասացեք. «Ո՛չ, չենք հանձնելու մեր հայրենիքը թուրքին, որքան էլ ինձ վրա ճնշում գործադրեն և սա իմ և մեր  ժողովրդի միակ պատասխանն է հայրենքը սակարկողներին»:

Այդժամ կտեսնեք, թե ինչ հավատով ու հույսով, սիրով ու շռայլությամբ հանգանակությանը կմասնակցեր, թե' սփյուռքը, թե' այստեղի նպաստով ապրող հայ ընտանիքը: Կտեսնեք, թե ինչպես կարճ ժամանակում, անտեսելով կենցաղային որոշ անհարմարություններ, կբնակեցնեին ազատագրված հայրենի տարածքները, որ այլևս ոչ մ ի շուն աչք ու ախորժակ չունենար մեր քաջարի մարտիկների, նվիրյալ հայորդիների արյունով սրբացած հողերի վրա: Ինչպես Նժդեհն է ասում «չկա անկարելին, եթե կա զորեղ ու վճռական կամքը»: Այնպես որ, ինչպես ազատագրել ենք, այնպես էլ պահելու ենք: Մեր գործն արդար է, Աստված մեզ հետ է և մենք կհաղթենք:

«Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտեի» համակարգող, ազատամարտիկ Աղավնի Սահակյան

Այս խորագրի վերջին նյութերը