Լրահոս

28.08.2016 21:51


Կարեն Անդրեասյան. «ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ հազվագյուտ կուսակցություններից է, որ ինքնուրույն է որոշումներ կայացնում»

Կարեն Անդրեասյան. «ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ հազվագյուտ կուսակցություններից է, որ ինքնուրույն է որոշումներ կայացնում»

Shabat.amշարունակում է իր «Շաբաթը՝ քաղաքական գործչի հետ» խորագիրը, որի շրջանակներում փորձում են ներկայացնել քաղաքական գործիչներին մի փոքր այլ տեսանկյունից, զրուցել նրանց հետ քաղաքականությունից դուրս այլ թեմաներից ևս:

Հյուրն այս անգամ ՀՀ երրորդ օմբուդսմեն, «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Կարեն Անդրեասյանն է, ով հանդիպմանը եկել էր իր երեք երեխաների՝ դստեր ու որդիների հետ: 12-ամյա Արեսն ու 10-ամյա Ռոբերտը ուզում են ընտրել իրավաբանի մասնագիտոթյունը, իսկ 5-ամյա Սուսաննան պարուհի է երազում դառնալ: Տղաները միայն մասնագիտության հարցում չեն ուզում նմանվել իրենց հայրիկին. վերջինս, երեխաների բնորոշմամբ, արդար է, խելացի ու բարի:

-Պարոն Անդրեասյան, ամիսներ առաջ Ձեր հրաժարականը անակնկալ էր, ինչպես և մեծ անակնկալ էր Ձեզ՝ «Համախմբան» կազմում տեսնելը: Ի՞նչ այլ անակնկալներ եք Դուք պատրաստում հանրության համար, էլ ի՞նչ կարող է սպասել Ձեզանից հասարակությունը:

-Վերջապես իշխանությունը փոխենք ու նորմալ երկիր դարձնենք: Ինձ թվում է, դա ամենամեծ անակնկալն է, որ կարելի է սպասել: Մենք աշխատում ենք, որ այդ մեծ անակնկալը բոլորիդ մատուցենք:

-Դուք համախմբվել եք այնպիսի կուսակցության շուրջ, որի հետևում շարունակաբար տեսնում են Ռոբերտ Քոչարյանին, սա որևէ ձևով Ձեզ չի՞ կաշկանդում՝ հաշվի առնելով հասարակության ոչ միանշանակ վերաբերմունքը նրա անձի նկատմամբ: Եվ, վերջիվերջո, կարո՞ղ եք բացառել, որ մի օր ճանապարհ կանցնեք նրա հետ:

-Երբ որևէ մեկը միանա, կամ մեր հետևում լինի, կամ մեզ աջակցի, մենք երբեք չենք թաքցնի դա, համենայնդեպս ես անձամբ խոստանում եմ երբեք չթաքցնել: Այս պահին Ռոբերտ Քոչարյանը որևէ առնչություն չունի կուսակցության հետ: Եթե երբևէ ունենա, ես ձեզ առաջինը կհայտարարեմ այդ մասին: Այդ միտքը շարունակաբար պտտում է իշխանությունը՝ իր գործակալների, իր վարձված լրատվամիջոցների, իր վարձված, այսպես ասած, ընդդիմադիրների կողմից, որպեսզի ցույց տա՝ իբր մեր կուսակցությունը կարող է հասարակության հետ անկեղծ չլինել: Մեր կուսակցությունում ոչ մեկ բարդույթավորված չէ որևէ անձի հետ ապագա կամ անցյալ հնարավոր հարաբերություններով, կապով, բայց ստախոս մեր կուսակցությունում գոնե ես չեմ ճանաչում: Եվ ովքեր տարածում են նման լուրեր, նրանք էլ հիմնականում հենց սիրում են խաբել ժողովրդին, հետևաբար, պետք չէ նրանց հավատալ:

-Ձեր հարցազրույցներից մեկում անկեղծացել եք. «Ես եղել եմ իրավաբան, իրավապաշտպան, բայց ոչ մի անգամ նման հաճույք չեմ ստացել, որքան այս աշխատանքից, երբ քո գործը մարդուն օգնելն է»: Հիմա չե՞ք կարոտում Ձեր աշխատանքը:

-Կարոտում եմ, բայց ես զիջել եմ ավելի փոքր հնարավորությունը՝ հանուն մեծ գաղափարի: Մինչև օմբուդսմեն դառնալը կարողացել եմ օգնել 10 մարդու, որպես օմբուդսմեն՝ 1000 մարդու, բայց եթե ռեալ իշխանությունը գա իմ ու իմ գաղափարակիցների ձեռքը, ես կօգնեմ 100.000-ին: Այնպես որ, ես պատրաստ էի զոհաբերել փոքրը՝ չնայած թանկ փոքրը, ավելի մեծին ձգտելու և հասնելու համար:

-Ձեր կինը մասնագիտությամբ ևս իրավաբան է, դուք համակուրսեցիներ եք եղել, ինչպե՞ս են խաչվել Ձեր ճանապարհները: Նրա հատկապես ո՞ր հատկանիշն է Ձեզ մշտապես հիացրել:

-Ամենաշատը սիրում են նրա շատ ողջամիտ ու խելացի լինելը, որը հենց առաջին կուրսից նկատել եմ. սկզբում որպես կուրսընկեր էր հիացնում իր խելքով, հետո արդեն որպես գործընկեր, որպես մայր, որպես կին: Ինձ համար ինտելեկտն ամենագնահատելի հատկանիշներից է: Կինս ամենաբարձր միավորներ էր ստացել ընդունելության քննություններին, բոլորս գիտեինք, որ ոմն Եվա Առաքելյան միակ 60 միավոր հավաքածն էր՝ այսինքն, անթերի էր հանձնել: Այն տարիներին շատ էր կոռուպցիան այդ համակարգում, բոլորս ուզում էինք հասկանալ, թե նա ում երեխան է, որ ստացել է այդքան բարձր միավորներ: Եվ առաջին հարցը հումորով տվեցի նրան. «Բարև՛, քո պապան ի՞նչ է աշխատում» (ծիծաղում է): Այդպես ենք ծանոթացել: Պարզվեց՝ շատ համեստ կարողությունների տեր ընտանիքից էր Եվան և, հետևաբար, դրանք ուղղակի իր ջանքերն էին, իր շնորհքը, բացարձակ առանց որևէ հովանավորության նա հավաքել էր 60, ես` 59 միավոր: Այնպես որ, նույնիսկ ուսանողական տարիներից սկսած իր մոտ առաջադիմությունն ավելի հաջող էր:

-Երկու իրավաբան մեկ ընտանիքում՝ յուրաքանչյուրը գիտի իր իրավունքներն ու պարտականությունները ու մինչև վերջ կարող է պաշտպանել դրանք, հետաքրքիր է՝ ինչպիսի՞ հանգուցալուծում են ունենում Ձեր վեճերը, բանավեճերը և ունենո՞ւմ եք արդյոք վեճեր:

-Անպայման ունենում ենք վեճեր և դրանք համարյա անցնում են դատական լսումների տեսքով՝ ամեն մեկն ունենում է իր հստակ փաստարկները: Մի քիչ տանը կանոններն են շատ, երևի երեխաները դրանից կարող են տուժել կամ բողոքել: Չափից դուրս կանոնավոր ընտանիք է այդ իմաստով՝ ամեն ինչ, այսպես ասած, ներքին օրենսդրությամբ կարգավորված (ծիծաղում է): Չնայած, տատիկ-պապիկները խախտում են այդ բոլոր կանոնները, հատկապես իմ մայրը չի ենթարկվում մեր ոչ մի ընտանեկան օրենքներին, և երեխաները իր հետ գոնե մոռանում են մեր իրավաբանական ընտանիքի մասին:

-Ինչո՞վ են զբաղվում Ձեր երեխաները, մեկ անգամ նշել եք, որ մեծ նվեր կհամարեք, եթե Ձեր երեխաներից մեկը իրավաբան դառնա: Նրանցից որևէ մեկը ունի՞ հետաքրքրություն այդ մասնագիտության նկատմամբ:

-Տղաներիցս Ռոբերտն էր ժամանակին ուզում իրավաբան դառնալ, բայց ես հիմա փորձում եմ նրանց ուղղորդել դեպի տեխնիկական կրթություն, բնական գիտություններ՝ մաթեմատիկա, ծրագրավորում, ֆիզիկա կամ քիմիա: Դրանք համաշխարհային մասնագիտություններ են, իրավաբանի մասնագիտությունը պարտադրում է աշխատանքը հենց կրթություն ստացած երկրում: Տեխնիկական գիտություններով զբաղվող մարդիկ ավելի առաջ են գնում այսօր, դրա համար եթե ժամանակին նույնիսկ ասել եմ, որ կուզեի իրավաբան լինեին, հիմա փոշմանում եմ, կուզեի, որ ավելի կոնկրետ գիտություններով զբաղվեն: Աղջիկս՝ Սուսաննան, դեռ մանկապարտեզ է գնում, երկու տղաներս էլ՝ Արեսն ու Ռոբերտը «Քվանտ» են արդեն ընդունվել: Շատ դժվարությամբ Ռոբերտն այս տարի ընդունվեց, իր համար մեծ փորձություն էր՝ մի քանի փուլերով քննություն, մի անգամ չստացվեց, բայց վերջում հաղթահարեց:

-Երբ հրաժարական ներկայացրիք, շատ էին ափսոսանքի խոսքերը, Ձեզ, կարծես թե, մարդիկ սիրում էին, կարելի է ասել՝ վստահում, ի՞նչ էիք զգում հրաժարականից հետո, ո՞րն էր հրաժարականի ամենադժվար մասը, այն հե՞շտ տրվեց Ձեզ:

-Իմիջայլոց, մինչև հրաժարականը չգիտեի, որ այդքան դրական վերաբերմունք կա: Երբ դու պաշտոնավարում ես, մարդիկ երևի շատ ժլատ են լավ բան ասելու մեջ, այնպես որ, առաջին զարմանքը, նորությունն այն էր, որ մարդիկ, պարզվում է, լուռ աջակցել էին կամ դրական էին գնահատել որոշ մեր աշխատանքներ: Ամենադժվար պահը այն զգացողությունն էր, որ գործը որոշակիորեն կիսատ մնաց, բայց հետո դա արագ հաղթահարվեց, հասկացա, որ ավելի շատ կարելի է մարդու իրավունք պաշտպանել, եթե քաղաքական իշխանությամբ դա անես, այսինքն մտնես քաղաքականություն, վերցնես իշխանությունը և հարցեր լուծես: Օմբուդսմենը, ճիշտ է, փոքր ծավալներով կարողանում է շատ խնդիրներ լուծել, բայց գլոբալ բան փոխելու համար պետք է քաղաքական իշխանություն, այնպես որ կիսատ թողած գործի մեղքի զգացումը շատ կարճ տևեց՝ մինչև այս իմ նոր կուսակցական ճանապարհի ուրվագծվելը:

-Իսկ ինչպե՞ս գտաք այդ ճանապարհը, թե՞ Ձեզ գտան այդ ճանապարհին:

-Հրաժարականից հետո տարբեր կուսակցություններ անընդհատ ինձ հանդիպումներ էին առաջարկում իրենց շարքերը համալրելու համար: Կարելի է ասել, գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը առաջարկ արել են միանալու, բայց ես աստիճանաբար եկա դրան, քանի որ չէի պլանավորում զբաղվել քաղաքականությամբ: Այնուհետև հասկացա, որ եթե ուզում ես երկրում փոփոխություն, ուղղակի բիզնեսում կամ այլ տեղ քեզ ռեալիզացնելը քիչ է: Իշխանությունն այնպես է արել, որ դու որպես քաղաքացի, որպես գործարար կամ բանվոր չես կարող մի բանով պիտանի լինել քո երկրին, պիտի ստիպված մասնակցես քաղաքականությանը, փոխես վիճակը քաղաքական դաշտում, նոր գնաս զբաղվես քո գործով:

Ինձ համար անընդունելի կլիներ մի ուժի միանալ, որտեղ առավոտից իրիկուն հայհոյում են իշխանությանը, բայց կա՛մ ուղղորդվում են հենց այդ իշխանության կողմից, կա՛մ եթե ստանան իշխանություն, ապա գրեթե նույնը կանեն: Կարևոր էր ոչ միայն անկեղծ ընդդիմադիրներին միանալը, այլև թե ինչ կանի իմ կուսակցությունը, երբ հասնի իշխանափոխության: Երկար մտածելուց հետո գտել եմ, որ այս ուժն է, որը ներկայացնում է հենց իմ պատկերացումները կամ հնարավորություն է տալու որպեսզի իշխանության գալու դեպքում, ես չամաչեմ, որ մտել եմ քաղաքականություն և իսկապես կարող եմ ինչ-որ բան փոխել մեր երկրում:

-Դուք մշտապես զուսպ ու կշռադատված վարքագիծ եք դրսևորել, հետաքրքիր է՝ ի՞նչը կարող է Ձեզ հունից հանել:

-Ես ինձ երբեք զուսպ կամ կշռադատված չեմ համարել, կարծում եմ, որ էմոցիոնալ ու զգայուն մարդ եմ: Դրա համար հաճոյախոսություն էր Ձեր հարցը. զգայական պահեր հաճախ եմ ունենում և աշխատանքիս մեջ էլ իմ որոշ պոռթկումներ բնավորությանս բռնկուն գծերից է: Մարդկային շփումների մեջ նույնպես հանդարտ մարդ չեմ, օրինակ, անարդարությունը ու լկտի սուտը ինձ միանգամից կարող են հանել հունից:

-2017թ. խորհրդարական ընտրությունները հեռու չեն: Նախ ինչպե՞ս եք գնահատում «Համախմբում» կուսակցության շանսերը և ի՞նչ կփոխի կուսակցությունը նոր խորհրդարանում:

-Մեր վարչության նիստերին որոշումները ընդունվում են բացառապես ժողովրդավարական սկզբունքներին համապաստախան: Պարոն Օսկանյանը իրեն մշտապես դրսևորում է որպես ազատական մարդ, կարծիք լսել գիտի և ակնհայտ է, որ իր իշխանության օրոք դիկտատուրա չի լինի, ծեծուջարդը կբացառվի: Գիտեմ, որ իր օրոք ես կկարողանամ լինել այնպիսին, ինչպիսին միշտ ուզում եմ լինել, եթե վերցնեմ ինչ-որ ոլորտի պատասխանատվություն: Իսկ ես ինձ լավ եմ ճանաչում, գիտեմ, որ երբեք չեմ թալանի, երբեք չեմ անի ստորություն իմ երկրի հանդեպ, չեմ անի հովանավորություն՝ իմ ընկերներին տալով բիզնեսներ՝ մյուսներին սովամահ անելով: Այսօր մեր կուսակցությունում իմ տեսակը խրախուսվում է, իմ մյուս գործընկերները նույն մտածելակերպն ունեն, հետևաբար ես երազում եմ, որպեսզի այդպիսի մարդիկ գան իշխանության: Ընդ որում, ոչ թե ուզում եմ ինքս կամ իմ թիմակիցները անպայման գան իշխանության: Եթե Հայաստանում կա ուրիշ՝ թեկուզ հակառակորդ կուսակցությունում հարյուր նման մարդ, թող իրենք գան իշխանության: Ես հավատում եմ, որ մեր շանսերը շատ մեծ են, բայց չեմ սիրում պարծենկոտություն՝ նույնիսկ քաղաքականության մեջ: Մեր կուսակցությունը ունի բազմաթիվ հետևորդներ: Մարզեր այցլելելիս ինձ համար ակնհայտ է մարդկանց քանակի ավելացումը հանդիպումների ժամանակ:

«Համախմբումը» հազվագյուտ կուսակցություններից է, որ ինքնուրույն է որոշումներ կայացնում, չի լինում որ հարցը քննարկենք, պարոն Օսկանյանն ասի՝ մի քանի օր հետո ձեզ կպատասխանեմ, գնա մի տեղ ճշտվի, գա։ Որոշումը կայացվում է իմ աչքի առաջ: Չեն գնում Բաղրամյան 26-ում ճշտվում, և հենց այս ազնիվ հարաբերությունների շնորհիվ ձևավորվում է մի թիմ, որը ձգտում է իրական իշխանափոխության՝ առանց քաղաքական խաղերի: Թիմում մարդիկ են, ովքեր եղել են իշանութան մեջ, ունեն մեծ փորձ, սակայն պահպանել են ազնվությունը:

-Ի՞նչը կարող է Ձեզ երջանկացնել ու կյանքում ինչի՞ համար եք ամենից շատ շնորհակալ:

-Ամենից շատ շնորհակալ եմ երեք երեխաներիս համար: Երբ Հայաստանը դառնա Շվեյցարիայի նման երկիր, իսկ իմ երեխաներն էլ այդ երկրում լինեն լավ մասնագետներ, դա ինձ կուրախացնի ամենից շատ: Այդ երկուսի շանսերն էլ տեսնում եմ 10-20 տարի անց:

-Ի՞նչ կփոխեիք ամենաառաջինը մեր երկրում, եթե մեկ օրով լինեիք ղեկավար:

-Կբացահայտեմ բոլոր գործակալներին, որոնք ընդդիմության դաշտ են մտել ու մարդկանց խաբում են: Հատուկ ծառայությունների հետ համագործակցող բոլոր ընդդիմադիրներին լուստրացիայի կենթարկեի, որպեսզի գոնե դաշտը մաքրվեր, մնացածն արդեն կհասցնեի հաջորդ օրերին:

Մանրամասները՝ Shabat.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը