Լրահոս

15.08.2016 12:11


Ռուբեն Կարապետյան. «Հայ հասարակությունը մերժում է տարածքների հանձնումը»

Ռուբեն Կարապետյան. «Հայ հասարակությունը մերժում է տարածքների հանձնումը»

Արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ Ռուբեն Կարապետյանի հարցազրույցը Tert.am-ին.

- Որքանո՞վ է մեր հասարակությունը, Ձեր կարծիքով, պատրաստ փոխզիջումների ԼՂ հարցում և որքանո՞վ կարող է իշխանությունը շրջանցել հասարակության կարծիքը:

-Իմ խորին համոզմամբ «Սասնա ծռերի» գործողությունները տեղի ունեցան առաջին հերթին ապրիլյան պատերազմի և իշխանությունների պարտվողական գործելակերպի արդյունքում` կասեցնելու տարածքների հնարավոր հանձնումը: Հայաստանում և Սփյուռքում բարձրացած ժողովրդական ալիքը վկայեց, որ հայ հասարակությունը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում և թե՛ Սփյուռքում մերժում է տարածքների հանձնումը, հատկապես Արցախին խոստացվող անորոշ կարգավիճակի դիմաց: Ես կարծում եմ, որ Երևանում տեղի ունեցած զարգացումները Հայաստանի իշխանությունները կարող էին օգտագործել իրենց պարտադրվող կարգավորման «ծրագրի» իրականացումը միայն ձգձգելու, այլ ոչ թե ընդհանրապես չեղարկելու: Սակայն ակնհայտ է, որ այն «Դամոկլյան սրի» պես մշտապես կախված է մնալու այս իշխանությունների գլխին:

- Կա՞ն մեխանիզմներ, որոնցով Հայաստանի իշխանությունը կարող է սիրաշահել հանրությանը՝ փոխզիջումների գնալու պարագայում:

-Այնպիսի բարդ հիմնախնդրում, ինչպիսին Արցախյանն է, փոխզիջումների գնալը և վերջնական կարգավորմանը կարող են հասնել միայն «խիզախ» առաջնորդները, որոնք լեգիտիմ են` վայելում են սեփական ժողովրդի մեծամասնության վստահությունն ու հարգանքը: Ինչպե՞ս այսօր հանրության կողմից զրոյից ցածր վստահություն ունեցող իշխանությունը կարող է ինչ-որ բանով «սիրաշահել» այդ նույն հանրությանը: Կցանկանայի նաև հիշեցնել, որ այսպիսի պայմաններում, առանց ժողովրդի համաձայնության կարգավորման գնալը սպառնում է առաջին հերթին հենց իրենց իշխանության գոյությանը:

- Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ էական դրական առաջընթաց է ակնկալում Վլ. Պուտինի ակտիվացումից ԼՂ հարցում՝ հատկապես ազատագրված տարածքների վերադարձի առթիվ: Սա ի՞նչ կարող է նշանակել:

-Այսօր, ՌԴ-ի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական շահերը համընկնում են բազմաթիվ կետերում: Հաշվի առնելով հենց այդ փոխադարձ շահերի առկայությունը, ՌԴ-Արևմուտք հակասությունները՝ Բաքուն փորձելու է նորից բարձրացնել Մինսկի խմբի ներկայիս գործող ձևաչափի անարդյունավետության հարցը և ընդլայնել ձևաչափը` Թուրքիայի ընդգրկմամբ: Իսկ Բաքվի համար զարգացումների առավել բարենպաստ դեպքում` ընդհանրապես նոր ձևաչափ ստեղծել: Նման հայտարարություններով, Թուրքիան փորձում է խրախուսել Մոսկվային, միգուցե նաև մոտ ապագայում ԼՂ կարգավորման գործընթացում որոշակի դերակատարություն ստանձնելու ակնկալիքով: Ի հեճուկս Արևմուտքի, վերջինիս հետ վատթարացող հարաբերությունների պայմաններում, Թուրքիայի ակտիվացումը կարող է նաև նպատակ ունենալ շոշափելու ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս (ԱՄՆ, Ֆրանսիա) համանախագահողների արձագանքը: Ներկայիս ձևաչափի պահպանումը մեծապես կախված կլինի հենց Փարիզի ու Վաշինգտոնի դիրքորոշումից այդ հարցում:

-Չնայած որոշ կանխատեսումներին, տարածքների վերադարձի ու «լավրովյան փաստաթղթի» մասին խոսք չգնաց: Սա նշանակո՞ւմ է, որ այդ առթիվ նախնական համաձայնություն կողմերի միջև չկա:

-Եթե խոսք չգնաց, դա չի նշանակում, որ նման բան չկա: Ապրիլյան պատերազմից հետո ՀՀ իշխանությունների գործելակերպը, նրանց կողմից տրված ազդակները, տարբեր հարթակներից արված հայտարարությունները, հարցազրույցները վկայում են այն մասին, որ սեղանին կա փաստաթուղթ, ուր հստակ ամրագրված է Արցախի Հանրապետության սահմանադրական տարածքը հանդիսացող 5 շրջանների վերադարձը:

Մանրամասները՝ Tert.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը